▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորների «վոյաժների» հրավառությունը նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա: Նշենք, որ այդ հրապարակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում: Ըստ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել: Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձեւաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը եւ նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձեւաչափով»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։ ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2․ Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը` Արարատ Միրզոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտաքին կապերի վարչության պետ, արարողակարգի ներկայացուցիչ, օպերատոր։ «Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից: Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է` ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ու եթե ելնենք նույն չափորոշիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն համապատասխանում «իրականությանը»: Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են` Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մակարդակ գոնե այս պահին չկա։ Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, եւ նա հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, որոնք ուղեկցվել են բավական ճոխ պարգեւավճարներով։ Ուշագրավ է, սակայն, որ պարգեւավճարների առյուծի բաժինը՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով, հասել է վարչական մասի աշխատողներին, իսկ մասնագետները, ովքեր առանց այդ էլ ստանում են ցածր աշխատավարձ, ընդամենը 20-30 հազար դրամ «պրեմիա» են ստացել։ Աշխատակիցներին վրդովեցրել է այս անարդար մոտեցումը, որի վերաբերյալ որեւէ հիմնավոր պատճառաբանություն աշխատակիցներին չի ներկայացվել»։

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, երեկ կառավարության կայքում նիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանինհեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: Ի դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին՝ Իշխան Զաքարյանիգլխավորությամբ: Արշակյանն ասաց, որ դա ժամանակավոր է, մինչեւ սեպտեմբերի 1-ը վարձակալել են: Բայց չի բացառվում, որ խաղերի հաճախականությունը մեծացվի՝ դրանք հրավիրվեն ոչ թե 4, այլ 2 տարին մեկ, եւ կազմկոմիտեին մշտական գործունեության համար շենք պետք լինի»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաեւ դատական համակարգին եւ վեթինգ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել էր, որ վեթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: «Վեթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Նպատակը վեթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- նշել է նա: Սակայն հետաքրքիր է, որ այս երկու ամիսների ընթացքում վարչապետը, կարծես թե, մտքափոխվել է եւ մի փոքր այլ կերպ է ներկայացնում վեթինգի գաղափարը: Բանն այն է, որ մայիսի 20-ին նա իր ելույթում նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: «Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Եվ հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել: Սակայն երկու ամիս անց ստացվում է, որ իրական նպատակն անկախ եւ անաչառ դատարանի ստեղծումն է, այլ ոչ թե դատավորներին վեթինգի ենթարկելը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- երեկ «Ազատության» հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՍԴ-ի փոփոխությունը: «Մանիպուլյացիայի հեղինակները 4 սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան եւ հանրապետական խորհրդարանական մեծամասնություն», որոնք «ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել են»։ Մեր ընթերցողներից մեկն արձագանքել էր․ «Նիկոլ Փաշինյանին` վարչապետ, Արմեն Սարգսյանին նախագահ ընտրել է նախկին Ազգային ժողովը, որը, ինչպես Նիկոլն է ասում, ընտրվել է ընտրակաշառքի միջոցով: Նիկոլը նաեւ ասում է, որ ՍԴ կազմն էլ այդ նույն ԱԺ-ն է ընտրել: Ի՞նչ է ստացվում` երբ խոսքն իրենց է վերաբերում, լեգիտիմ են, հենց ՍԴ-ին` լեգիտի՞մ չեն: Էդ դեպքում` եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համագումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը: Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթացը հակաօրինական է։ Եվ մեծ է հավանականությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բաբայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխանությունների վախը, փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները: Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձեւավորում, շտաբի պետերին, օրինակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել: Տեղեկացանք նաեւ, որ ՊԲ նախկին հրամանատարին աջակցում են Ազատամարտիկների դաշինքից Ռազմիկ Պետրոսյանն ու Գագիկ Մելքոնյանը, որոնք վերջին ամիսներին հաճախ են լինում Արցախում»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Պոտենցիալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանիորդին է՝ Դավիթ Բալայանը: Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ, դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին