▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին դատավորն ինձ համար մայրս է. Էյնջլ

Դերասանուհի, երգչուհի Էյնջլը (Գայանե Մարտիրոսյան) դեռ մանկուց` 3 տարեկանից, նկարահանվել է մի շարք ֆիլմերում ու տեսահոլովակներում. Արամե «100 տարի», Անդրե «Հորովել», Էմփիրեյ «Սև ու սպիտակ», «The jorney» (ճամփորդություն) գեղարվեստական ֆիլմ, «Դիմակահանդես» հեռուստասերիալ… 15 տարեկանից երգել է` նախ խմբով` Նիկ Եգիբյանի և  Էդուարդ Շահբազյանի հետ, ապա  2 տարի անց սկսել է հանդես գալ որպես Էյնջլ:

Հետագա ծրագրերի, նախասիրությունների և այլ թեմաների շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը զուցել է Էյնջլի հետ:

- Նախ` ինչու՞ Էյնջլ:

-Պատճառները մի քանիսն են: Նախ չէի ցանկանա իրական անունով հանդես գալ, քանի որ դա կլիներ միայն հայկական շուկայի համար: Երկար ժամանակ քննարկել ենք բեմական անունս: Մայրս առաջարկեց Էյնջլ, սիրով ընդունեցի:  Պատճառներից մեկն այն է, որ իմ ամենասիրած`ֆրանսիական «Angela»  ֆիլմի գլխավոր դերասանուհու անունը հենց «Angela» է: Շատ խորիմաստ ֆիլմ է, որը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա:  

-Թեև մասնագիտությամբ դերասանուհի եք, սական նաև երգում եք: Կինո՞, թե՞ երգարվեստ… ծնվել եք կինոռեժիսորների ընտանիքում, ի՞նչ ազդեցություն է դա թողել Ձեր մասնագիտության ընտրության, ինչու՞ չէ, նաև խառնվածքի, աշխարհայացքի վրա:

-Այո, ես, այսպես կոչված, կինոընտանիքում եմ ծնվել: Տատիկս կինոնկարչուհի Լիդա Գևորգյանն է, մայրս` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը: Ես պարզապես չէի կարող հեռու լինել կինոյից: Հոգեպես ավելի մոտ եմ կինոյին, քան երգարվեստին, չնայած նաև երգում եմ: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ կատարելագործվել հենց կինոյի ոլորտում: Իսկ այն ինչ ստացել եմ իմ ընտանիքից, պարզապես սովորական ազդեցություն չէ:  Իմ ներաշխարհը, բնավորությունը,  աշխարհայացքը տարբերվում են իմ շատ տարեկիցներից: Եվ դա հենց իմ ընտանիքի շնորհիվ է: Որպես անհատ` իմ ձևավորման գործում մեծ է ընտանիքիս դերը:

-Մայրիկը հաճա՞խ է խորհուրդեր տալիս` հատկապես մասնագիտական: Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում խորհուրդներին:

-Հիմնականում ամեն ինչ միասին ենք քննարկում: Իհարկե, ես անում եմ այն, ինչ իմ սիրտն է ուզում, ինչ ցանկանում եմ, սակայն կարևորագույն նախապայմանն այն  է, որ մայրս ընդունի որոշումս և գտնի, որ այն ճիշտ է: Դա ինձ համար չափազանց կարևոր է, քանի որ առաջին դատավորն ինձ համար մայրս է և ընտանիքս:

-Խոսենք հետագա ծրագրերի մասին...

-Ծրագրերը շատ են: Հոկտեմբեր- նոյմեբեր ամիսներին մեկնում եմ Հայաստանից` ուսումս շարունակելու Նյույորքյան կինոակադեմիայում: Նախքան գնալս պատրաստվում եմ նկարահանվել  Լուսինե Մարտիրոսյանի սերիալում: Թե դերը, թե սցենարը բավական հետաքրքիր են: Հավանաբար սեպտեմբերին կցուցադրվի: Ցանկանում եմ նախքան մեկնելս հնարավորինս շատ բան հասցնել մինչև հաջորդ այցս Հայաստան: Ձգտելու եմ հաճախակի գալ, քանի որ ես այստեղ եմ ծնվել, այստեղ է իմ կյանքը, սակայն չկան այն պայմանները, որ ինձ կստիպեին չգնալ: Նաև տեսահոլովակներ ունեմ, որոնք պատրաստ կլինեն նախքան մեկնելս: Շատ ծրագրեր կա, որոնց դեռ ընթացք չեմ տվել:

-Ըստ Ձեզ մեր երկրում բացակայու՞մ են երիտասարդ դերասաննների մասնագիտական կարողությունների կատարելագործման  պայմանները:

- Հայաստաում ընդհանրապես պայմաններ  չկան: Խոսքս վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին:  Դրանք միայն գործարարների և օլիգարխների համար  են:

-Հայկական իրականության ամենաքննարկող թեմաներից մեկը սերիալներն են: Դուք ևս նկարահանվում եք սերիալում: Ձեր գնահատականը:

 -Որպես դրական հատկանիշ` կարող եմ նշել միայն այն, որ եթե դրանք չլինեին, շատ տաղանդավոր դերասաններ անգործ կմնային: Այն գումարով, որ նրանք վաստակում են թատրոնում, հնարավոր չէ նույնիսկ մի քանի օր գոյատևել: Բացասան կողերը շատ են:  Շատ են այն մարդիկ, ովքեր պարզապես  փողոցից եկել են, մասնակցել  քասթինգի: Նրանք հաճախ գլխավոր դերերում են հանդես գալիս,  և սկսում են համարվել  դերասան ու դերասանուհի: Այդպես չի կարող լինել: Մարդը եթե կրթություն չունի, չի կարող  խաղալ սերիալում: Դա անթույլատրելի է:

- Իսկ սցենարները՞ ...

-Ընդունենք, որ դա սցենաիստների համար բիզնես է, ոչ թե արվեստ: Սցենարիստները լավ գիտեն ինչպես  գրավել հասարակությանը: Գիտեն, որ դա է վաճառվում: Սակայն անթույլատրելի է այսօր սցենար գրել, վաղը նկարահանել, մյուս օրը եթեր հեռարձակել: Ինչ վերաբերում է գռեհկաբանությանը, իրականաում ֆիլմում ամեն ինչ կարող է լինել, սակայն ամեն ինչ չափի մեջ: Ասում են` պահանջարկը ստեղծում է առաջարկ տարբերակով են աշխատում: Դա ավելի հեշտ է իրենց համար, սակայն իրականում սերունդ են փչացնում:  Թող աշխատեն հակառակ սկզբունքով:

-Գեղարվեստական ֆիլմերն ինչո՞վ են առանձնանում:

-Միայն մի բան կասեմ` առաջին հերթին գեղարվեստական ֆիմը  պետք է նկարահանված լինի կինոժապավենի վրա, մնացած բոլորին ինձ համար հեռուստատեսային նախագծեր են: Նման ֆիլմերն ամբողջ աշխարհում նախագծեր են համարվում:

-Խոսենք նաև հայկական շոու-բիզնեսի մասին...

-Ավելի ճիշտ կլիներ ասել` բիզնեսի մասին: Բիզնես, որն այդքան էլ չի  ծաղկում, իսկ շոուի մասին ընդհանրապես խոսք չկա: Իհարկե կան մարդիկ, որոնց ես շատ սիրում ու հարգում եմ, բայց անուններ չեմ տա: Ընդհանուր առմամբ` եթե մարդիկ աշխատում են օրվա հացի համար, արվեստի մասին խոսք լինել չի կարող:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին