▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանը պետք է պատասխան տա` Փոքր կենտրոնը բետոնե ջունգլի դարձնելու համար. Արթուր Իսպիրյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Իսպիրյանին  հանրությունը ճանաչում է ոչ միայն իր որակյալ երգերի, այլև` իր մեծ հայրենասիրության, Երևանի մասին մտահոգությունների և հնչեցրած սուր մտքերի շնորհիվ: Իրեն հուզող խնդիրներից մեկի` Երևանում գտնվող  Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու  սրբապատկերներին վերաբերող խնդրի մասին էլ երգիչը զրուցել է Asekose.am-ի թղթակցի հետ, սակայն նախքան դրա հրապարակումը (եղելությունն մանրամասնորեն ընթերցողների դատին կհանձնենք բարձրացված խնդրի երկրորդ կողմի պատասխանի հետ միասին) ներկայացնում ենք Արթուր Իսպիրյանի` Asekose.am-ին տված  հարցազրույցը: 

-Արթուր, Ձեր բարձրացված  խնդիրների շուրջ ունե՞ք համախոհներ:

-Ոչ, ես ցավ եմ ապրում, որ այսօր ոչ մի հարցում համախոհներ չունեմ: Հավանաբար, իմ համախոհները Հայաստանում չեն: Այսօր հասարակությունն անտարբեր է բոլոր այն հարցերում, ինչը վերաբերում է իր արժանիքներին և արժանապատվությանը:

-Բայց չէ՞ որ մենք ունենք օրեցօր զարգացող քաղաքացիական հասարակություն: Այդ առումով կարծես թե հաջողություն ենք գրանցում:

-Աստված տա, որ այն զարգանա, բայց հարցեր կան, որոնք ես նկատում եմ և շատ վրդովվում եմ, քանի որ իմ աղմուկ բարձրացնելուց հետո դրանք քիչ արձագանք են ունենում: Հենց թեկուզ քաղաքաշինության, աղբահանության, ապօրինի շինարարության խնդիրները:

-Ձեր դժգոհությունը տարբեր  խնդիրների վերաբերյալ հաճախ ենք լսում, հնարավո՞ր է, որ մի օր հիասթափությունն առավել գտնվի և Դուք վերջնականապես լքեք Հայաստանը:

-Այս երկրից  ընտանիքով գնալու հնարավորություն ունեմ, բայց չեմ գնա, որովհետև դրսում ավելի եմ բորբոքվում, ավելի եմ հիվանդանում իմ հայրենիքի ցավերով: Այսօր էլ սխալ և տրաբանությունից դուրս գործողությունների վրա ամեն քայլափոխի կարող ես բարկանալ: Դրանք հանդիպում են թե քաղաքականության, թե ճարտարապետության մեջ և, առհասարակ, ամեն հարցում: Այսօր ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ Ծիծեռնակաբերդին կից անտառը կիսել և գրել են` վաճառվում է: Իսկ ամենասարսափելի բաներից մեկն էլ Հին Երևանի գաղափարն է, որը գուցե լավն է, սակայն այլ հարց է, երբ այն կառուցելիս նմանվում է մակետի կամ մեկ այլ ծիծաղելի բանի: Ինձ վախեցնում է անատամ ճարտարապետների փոքր երևակայությունը, աշխարհ և ազգ չճանաչելը: Նարեկ Սարգսյանն այն մարդկանցից է, ով պատասխան պետք է տա իր արածների համար, այդ թվում` այն բանի համար, որ Փոքր Կենտրոնը բետոնե ջունգլի է դարձրել: Առանց ամաչելու Հյուսիսային պողոտան դեռ չվերջացրած` արդեն ավելացնում են գրություն` գաղափարը` Նարեկ Սարգսյանի: Գաղափարը լավն է, սակայն այդ ձևով իրականացնելը մեծ թշնամություն է  Երևանի հանդեպ:

-Ի՞նչ եք կարծում կտա այդ պատասխանը:

-Դե պատասխանները բոլորը տալիս են… Ինքն անմահ չէ:

-Իսկ բացի Ձեր նշած խնդիրներից, էլ ո՞ր խնդիրներն են, որ հրատապ լուծում են պահանջում:

-Բոլոր խնդիրներն էլ հրատապ են. մարդու իրավունքների պաշտպանություն,  բնապահպանություն, տրանսպորտ, այսինքն`այնքան են խնդիրները կուտակվել, որ չեմ պատկերացնում մի շատ ազնիվ ղեկավար գա ու կարճ ժամանակահատվածում դրանք կարողանա լուծել: Սրանք շատ ժամանակատար խնդիրներ են, պետք  է ճիշտ կադրային քաղաքականություն արվի, ճիշտ մարդիկ իրենց պաշտոններում լինեն:  Ամեն քայլափոխին խաբեություն է` թե էլեկտրաէներգիայի, թե գազի մատակարարման հարցում: Մարդ աչքերը բացում է ու խաբվում է և այդպես մինչև քնելը: Ոչ մի հայ գաղութում մարդ իրեն այսքան ստորացված և խափված չի զգում իրեն, ինչպես Հայաստանում: Գնացեք և տեսեք, թե ինչպես է հայ մարդն ապրում մահմեդական երկրներում,  որտեղ իրեն ավելի պաշտպանված է զգում, քան այստեղ:

-Այդ տխուր պատկերին զուգահեռ երգելու ցանկությունը չի մարո՞ւմ:

-Արդեն մեկ տարի, ինչ չեմ մտածում այդ մասին: Փոքր համերգներ լինում են, որտեղ երգում եմ, որից հետո մտածում եմ, թե որքան լավ բան է երգելը, լավ բան է, երբ քեզ ծափահարում և գնահատում են, սակայն այս առօրյան ինձ այնքան է խեղդում, այնքան եմ մտածում մեր երկրի մասին, որ երբ ուզում եմ մի բան երգել, տխուր բան է ստացվում, իսկ այսօր տխուր բանը չի գնահատվում: Տեղյակ եմ, որ Ամանորին մեր ղեկավարների մոտ 60-70% Դուբայում է եղել և Արմենչիկի համերգին են մասնակցել, որը տեղի է ունեցել Դուբայի մեծ համերգասրահներից մեկում, սակայն նույնիսկ տոմս չի եղել… Դե պատկերացրեք…

-Իսկ Դուք Ձեզ գնահատված չեք զգո՞ւմ:

-Ես ինձ գնահատված զգում եմ, բայց իմ իմացած շրջանակներում: Մարդկանց աչքերը, որոնց ես հանդիպում եմ փողոցում այդ մասին են խոսում:

-Արթուր, իսկ միգո՞ւցե քաղաքականությամբ զբաղվելու ժամանակն է:

-Ես տեսնում են խնդիրներ և այդ խնդիրներից եմ խոսում:  Այն, ինչ  տեսնում եմ դրսում դա  համեմատության մեջ եմ դնում մեզ մոտ: Մենք մինչև չենք ճամփորդում, չենք տեսնում դրանք. էթիկայի կանոններ, աղբահանություն, ճիշտ ճարտարապետություն, հնի պահպանում: Երբ այդ ամենը տեսնում ես դրսում և հետ ես գալիս հայրենիք, ուզում ես այդ ամենը տեսնել նաև այստեղ: Ցանկանում ես, որ քո երկրում էլ օրենքները պահպանվեն,  տրանստպորտային կանոններ լինեն, անկաշառ պետական մարմիններ, որոնք չեն լինի ագահ: Իհարկե, բոլոր տեղերում էլ կա կոռուպցիա, բայց ագահությունը չափ ու սահման ունի: Մեզ մոտ մարդիկ բավական մեծ գումարներ են դիզում, բայց  չեն կշտանում, որպեսզի արդեն  սկսեն մտածել  մեր երկրի մասին:  Ինչ վերաբերում  է քաղաքականությանը, ապա այն, ինչ  տեսնում եմ դրանում ինձ համար շատ զզվելի է: Չեմ էլ ուզում ոչ մի քաղաքական ուժի հետ համագործակցել կամ դրան միանալ, ուզում եմ լինել միայնակ, ուզում եմ պայքարել լրագրողների և ժողովրդի հետ միասին:

Շարունակելի...

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին