▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ է ավարտվելու «Հարազատ թշնամի»-ն. Դիանա Գրիգորյանը տալիս է բոլոր հարցերի պատասխանները

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը, չնայած իր հասցեին հնչող տարատեսակ քննադատություններին, շարունակում է ավելի քան մեկ տարի հեռուստաէկրանների առջև պահել հեռուստադիտողներին: Բայց թե ե՞րբ սերիալը վերջապես կունենա իր հանգուցալուծումը՝ դեռևս հայտնի չէ: Պետք է նշենք սակայն, որ սերիալում նկարահանվող դերասաններից մի քանիսն իրենց վերջին հարցազրույցներում որպես սերիալի ավարտի վերջնաժամկետ նշել են 2015թ-ի մարտ ամիսը:
Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապվեց հեռուստահաղորդավարուհի, «Հարազատ թշնամի» սերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ է դերասանների կողմից նշված տեղեկությունը հավաստի:

Asekose.am-ի հետ զրույցում սցենարիստը նշեց, որ անգամ ինքը չի կարող հստակ ասել, թե երբ կավարտվի սերիալը, առավել ևս դերասանները:

«Դեռևս ոչինչ հայտնի չէ, գուցե մարտին, գուցե ապրիլ ամսին»,- նշեց Դիանա Գրիգորյանը:

Իսկ այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սերիալի երկարաձգումը, Դիանա Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք արհեստականորեն ոչինչ չեն անում, այլ շատ հաճելիորեն  կատարում են իրենց աշխատանքը:

«Սերիալն իր վարկանիշով համար մեկն է և քանի դեռ այն համար մեկն է, ապա դա նշանակում է՝ մենք չենք ձգձգում, չենք երկարաձգում այն»,- պատասխանեց Դիանան:

Անդրադառնալով նաև վերջին շրջանում հատկապես հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ համացանցային օգտատերերը «Հարազատ թշնամի»-ն, ինչն ըստ նրանց՝ արդեն ասելիք չունի, նմանեցնում են հայտնի «Սանտա Բարբարա»-ին, որը հայտնի էր իր տարիներ ձգվող էպիզոդներով, Դիանան նշեց.

«Ասելիք կա, թե չկա, դա արդեն հեռուստադիտողի կարծիքն է, ես ոչինչ չեմ կարող ասել: Իսկ ինչ վերաբերում է «Սանտա Բարբարա»-ին, ապա պետք է նշեմ, որ յուրաքանչյուր սերիալ, որն ունենում է հաջողություն, երկու տարի է տևում, իսկ «Հարազատ թշնամի»-ն դեռևս երկու տարի չկա, որ եթերում է,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց սցենարիստը:

Իսկ զրույցի վերջում փորձելով տեղեկանալ նաև սերիալի հետագա ընթացքի մասին՝ հեռուստահաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը պատմեց, որ  շատ շուտով սերիալում նոր դերասան կհայտնվի և տեղի կունենան  նոր լուծումներ: 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին