Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քիչ առաջ կարդում էի Միքայել Պողոսյանի հարցազրույցը կայքերից մեկում, որտեղ նա ասում էր, որ փորձել է կինոթատրոնում դիտել աղմուկ հանած «Սուպեր մամա» ֆիլմը, սակայն 15 րոպե հետո փախել է կինոթատրոնից: Որքան էլ հայտնի դերասանի այս արտահայտությունը փոքր –ինչ կոպիտ հնչի, բայց ես չեմ կարող այսօր հաշվի չնստել այս կարծիքի հետ ու չհամաձայնել նրա հետ:
Եթե սա ասեր որևէ նորաթուխ շուո-բիզնեսիստ, որը մոդել կամ երգիչ կամ չգիտեմ-ինչ էր և հանկարծ որոշել էր դերասան դառնալ, ու այժմ այդպես էր արտահայտվում «Սուպեր մամայի» մասին, ապա ես ուղղակի կծիծաղայի նման կարծիքի վրա, բայց երբ խոսում է հայտնի և իրապես տաղանդավոր դերասանը, որի դերերը թատրոնում ու կինոյում բոլորս ենք հիշում, ապա չես կարող ակնածանքով չլսել ու չհամաձայնել նրա հետ:
Իրոք, կինոարվեստը այսօր Հայաստանում դարձել է զուտ բիզնես: Այնտեղ հայտնվում են նրանք, ովքեր ունեն կամ լավ կապեր, կամ գեղեցիկ կազմվածք կամ այլ՝ կինոյի հետ կապ չունեցող որևէ այլ բան, իսկ իրական տաղանդավոր դերասանները մնում են ստվերում կամ հազիվ օրվա հացի գումար են աշխատում թատրոնում, որի վիճակը այսօր բոլորս գիտենք: Արդյունքում ստացվել է այն, որ կինոարվեստ Հայատսանում որպես այդպիսին չկա:
Փորձեք նայել վերջին տարիների կինոները: Անընդհատ նույն դեմքերը, հիմնականում հեռուստաեթերում լավ «ռասկրուտկա» եղած ու սահուն կերպով կինեմատոգրաֆիա տեղափոխված շուո—բիզնեսի ներկայացուցիչներ, նույն կատակերգու շոու-մեները, որոնց հումորը արդեն այնքան կրկնվող է դարձել: Կինոն, հատկապես նրանք, որոնք աղմուկ են հանում և մեծ դիտումներ ունենում, լցվել է բացառապես հայտնի դարձած շոումեններով, որոնք էլ ֆիլմին հայտնիություն են հաղորդում և տոմսերի վաճառք ապահովում: Եվ այս դեպքում կինոդիտողի համար այլևս կարևոր չէ ֆիլմի որակն ու ասելիքը, քանի որ նա գիտի, որ այնտեղ խաղում են Պողոսն ու Պողոսուհին, որոնց ինքը շատ է տեսել հեռուստաէկրանին և շաաատ է սիրում, այդ պատճառով գնում է տոմս և նայում ֆիլմը:
Իսկ տաղանդավոր, բայց ոչ այնքան հայտնի դերասանները, ցավոք, ստվերում են: Հենց սա է Միքայել Պողոսյանի ասելիքը:
Ի դեպ ժամանակին, հատկապես մութ ու ցուրտ տարիներին, ռեժիսորները նույնիսկ սիրողական տեսախցիկով էին ֆիլմ նկարում, ամենաչնչին գումարով, սակայն ստացվում էին այդ ֆիլմերը: Չկար այն գունեղությունը, այն գովազադային արշավը, որ կա ասյօր, բայց ստեղծվում էր լուրջ ֆիլմ, լուրջ ասելիքով: Իսկ այսօր շոու—բիզնեսը կլանել է ամեն ինչ, այնինչ կինոմատոգրաֆիան իրապես արվեստի ոլորտ է, բայց այս ոլորտում հայտնի մեր բոլոր ռեժիսորների ու դերասանների մասին, ճիշտ է, խոսում ենք մեծ հպարտությամբ, բայց, ցավոք, խոսում ենք արդեն միայն անցյալ եղանակով: