▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես և Եվա Ռիվասը ընկերուհիներ չենք եղել. Լալի Սահակյան


Ռուսաստանից ժամանած
երգչուհի Լալի Սահակյանը, ով հանդիսանում է «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի մասնակիցներից, օրերս հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին հայալեզու տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ՝ ցեղասպանության թեմայով տեսահոլովակ նկարահանելու իր գաղափարի, Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելու իր որոշման, Եվա Ռիվասի հետ իր ներկայիս հարաբերությունների և հետագա անելիքների մասին:

 

Դուք հայ հանդիսատեսին հայտնի դարձաք «Հայաստանի Ձայնը» նախագծից: Ձեր կենսագրությունից շատ քիչ բան է հայտնի մարդկանց: Կպատմեք, թե որտե՞ղ եք ծնվել և մեծացե՞լ:

Ծնվել եմ Թիֆլիսում և երբ ես երեք տարեկանի էի, ընտանիքիս հետ միասին տեղափոխվեցի Ռուսաստան: Մինչ օրս ապրել եմ Ռուսաստանի տարբեր քաղաքներում և դրանցից վերջինը, որտեղ ավարտել եմ դպրոցս և ընդունվել եմ համալսարան, դա Պյատիգորսկն է եղել, որտեղ ապրել եմ շուրջ 15 տարի: Իսկ ահա դրանից հետո էլ տեղափոխվել եմ Սոչի:

Ի՞նչը շարժառիթ հանդիսացավ, որպեսզի «Հայաստանի Ձայնը»  նախագծին մասնակցելու որոշում կայացնեք:

Մինչ  «Հայաստանի ձայնը», մասնակցել եմ մի շարք ռուսական մրցույթների, բայց այս անգամ ես ցանկացա ուժերս փորձել իմ հայրենիքում: Սա ինձ համար հնարավորություն էր և առաջին անգամ այցելելու և տեսնելու Հայաստանը, և ինձ ճանաչելի դարձնելու Հայաստանում: Նշեմ, որ նախագծին մասնակցելու հայտ ներկայացրել եմ Ռուսաստանից, որից հետո քասթինգն անցել եմ skype-ի միջոցով: Դրանից հետո արդեն հրավեր ստացա մասնակցելու կույր լսումներին:

Մասնակցելով նախագծին՝ արդյո՞ք հաղթողի կոչմանն արժանանալու ակնկալիքներ ունեիք, թե դուք էլ շատերի նման կնշեք, որ կարևորը մասնակցությունն էր:

Ցանկացած արտիստ, ով որոշում է կայացնում մասնակցել որևէ նախագծի, հենց սկզբից արդեն իսկ պատկերացնում է իր հաղթանակը: Ես մինչ վերջին պահը ձգտում էի հաղթանակին: Պետք է նշեմ, որ ինձ համար ես հաղթող եմ, որովհետև կարողացա հաղթող դառնալ մենամարտ և բատլ փուլերում, որովհետև առաջին անգամ երգեցի «Դլե Յաման» երգը, որը շատ բարդ ստեղծագործություն էր և չափազանց պարտավորեցնող, որովհետև կարողացա արժանապատվորեն ներկայանալ իմ մասնակցությամբ վերջին փուլում: Նախագծում իմ ամեն քայլն արդեն ինձ համար հաղթանակ էր: Չեմ հերքի, որ երբեմն մարզիչները չափից շատ քննադատական էին մոտենում ինձ, ինչի հետ ես համաձայն չէի: Շատերը կհիշեն, որ բեմում մի քանի անգամ նույնիսկ չեմ կարողացել զսպել արցունքներս: Այդ ամենը գուցե վիրավորանքի և ոմանց կողմից չգնահատվելու արդյունք էր: Բայց դե առանց արցունք ուրախություն չի լինում: Այդ ամենը ևս հաճելի հիշողություններ են ինձ համար:

Եվա Ռիվասն այն միակն էր, ով շրջվեց դեպի ձեզ: Արդյո՞ք ձեր համար սպասելի էր Եվայի ընտրությունը և արդյո՞ք արդարացան ձեր սպասելիքները՝ կապված նրա հետ:

Երբ Եվա Ռիվասը շրջվեց դեպի ինձ, շատ ուրախացա, որովհետև վերջիվերջո հասկանում էի, որ նա մարդ է, ով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:  Գիտակցում էի, որ նա  շատ բան կարող է սովորեցնել ինձ: Եվան շատ պահանջկոտ մարզիչ էր, բայց միևնույն ժամանակ նաև շատ հոգատար: Ներկայումս էլ, երբ նախագիծն արդեն անցյալում է, Եվան, կարող եմ ասել, որ ինչ-որ չափով նպաստում է իմ հետագա ստեղծագործական  գործունեությանը:

Նմանատիպ նախագծերը հաճախ ուղեկցվում են տարատեսակ բամբասանքներով: Ձեր և Եվա Ռիվասի դեպքում առաջ էր բերվում այն հանգամանքը, որ դուք մինչ նախագիծն էլ ճանաչում էիք միմյանց և համարվում էիք մտերիմ ընկերուհիներ, ինչն էլ պատճառ էր, որ Եվան շրջվեց դեպի ձեր կողմ:

Ոչ, նման բան չկար: Ես պատրաստ եմ նույնիսկ պաշտոնապես հայտարարել այս մասին, որ Եվան իմ ընկերուհին չի եղել: Նրա հետ առաջին անգամ ծանոթացել ենք նախագծի շրջանակներում:

Ինչպիսի՞ն էր մասնակիցների հարաբերությունները էկրաններից այն կողմ: Նմանատիպ դեպքերում շատ հաճախ առաջ է բերվում մասնակիցների՝ միմյանց նախանձելու փաստը:

Մեզ մոտ կային միայն չափազանց ուժեզ մասնակիցներ: Առհասարակ, Հայաստանում շատ տաղանդավոր երեխաներ կան: Նախագծի ընթացքում ինձ հաճախ էին հարցնում՝ ով, ում հետ է ընկերություն անում, ով, ում է սիրում, ում եմ ես հավանություն տալիս, իսկ ում՝ ոչ: Մենք բոլորս այդ ամենի կողքով ենք անցել, մեզ մոտ միայն առողջ մրցակցություն կար:

Երբ այս ամենն արդեն անցյալում է, եթե փորձեք վերլուծել՝ ի՞նչ եք կարծում, մասնակցելով նախագծին՝ որը եղավ ձեր ամենամեծ ձեռքբերումը:  

Բացի փորձից և ծանոթությունից, նախագծի շնորհիվ ողջ Հայաստանը լսեց ինձ, ինչն ինձ համար ամենակարևորն էր: Նաև շնորհիվ «Հայաստանի Ձայն»-ի՝ ամեն ինչ այնպես դասավորվեց, որ ես որոշում կայացրեցի մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Հայրս ծնվել է այստեղ, իսկ մայրս առաջին անգամ է Հայաստանում: Այստեղ ինձ դուր է գալիս մարդկանց ջերմությունն ու ընդունելությունը: Այստեղ ես սկսել եմ փոքր ինչ վերանայել իմ աշխարհընկալումը և տարբեր երևույթների հանդեպ վերաբերմունքս:

Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցիք ձեր «Արթնացիր աշխարհ» տեսահոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպե՞ս ծնվեց երգի և տեսահոլովակի գաղափարը:

Այս գաղափարն ինձ մոտ շատ վաղուց էր ծնվել և լինելով Հայաստանում՝ որոշեցի այն կյանքի կոչել: Երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, ով երաժշտության միջոցով փոխանցել է այն ամենը, ինչ ես էի ցանկանում տեղ հասցնել: Իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Տվյալ երգը ես համարում եմ պահանջ ողջ աշխարհին՝ կապված ցեղասպանության ընդունման հետ: Այս կերպ ես ևս մեկ անգամ ցանկություն ունեի հիշեցնելու հայերի 100-ամյա ցավի մասին: Քանի որ ես արմատներով Գյումրիից եմ, այս հարցն ինձ միշտ է հետաքրքրել, և Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ երգերին որոշեցի ավելացնել նաև իմը:

Սա ձեր առաջին հայալեզու երգը և տեսահոլովակն է: Հետաքրքիր է՝ հե՞շտ տրվեց ձեզ իրականացնել ձեր առջև դրված խնդիրները:

Իհարկե, դժվարություններ եղել են, բայց ես գիտակցում էի, որ այն, հատկապես, պարտավորեցնող էր, քանի որ ցեղասպանության թեմայով էր: Այս երգի և տեսահոլովակի մեջ փորձել եմ գործի դնել իմ բոլոր հնարավորություններն ու մասնագիտական ընդունակությունները: Համենայն դեպս, մինչ այս եղած արձագանքները բավական հուսադրող են եղել, ինչը, իհարկե, շատ ուրախալի է ինձ համար:

Շատերին բացի արտիստի ստեղծագործական կյանքից, բնականաբար, հետաքրքիր է նաև անձնական կանքը: Հետաքրքիր է՝ այս պահին արդյո՞ք զբաղված է ձեր սիրտը:

Հայաստանում ես ոչ մի անգամ չեմ խոսել անձնական կյանքիս մասին: Դա հենց այն թեման է, որը որ պետք է գաղտնի պահել: Բայց, այնուամենայնիվ, կպատասխանեմ, որ այս պահին սիրտս զբաղված չէ  և ես երջանիկ եմ:

Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված ձեր հետագա գործունեության զարգացման հետ:

Արդեն պատրաստի երեք երգ ունեմ, որոնք հայերենով են: Ինչպես նաև Պաշտպանության նախարարության օգնությամբ մտադրություն ունեմ ելույթ ունենալու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքերում, որպեսզի գոնե ինչ-որ չափով կարողանամ գունավոր դարձնել մեր զինվորների առօրյան: Այս ամենի հետ մեկտեղ, պատրաստվում եմ թողարկել իմ առաջին հայալեզու ձայնասկավառակը: Ինչպես նաև շուտով հայ հայտնի կատարողներից մեկի հետ հանդես կգամ զուգերգով: Կցանկանայի, որ հայ հանդիսատեսն ինձ շատ խիստ չդատի, որովհետև սրանք հայկական շոու բիզնեսում իմ առաջին քայլերն են: Այս ամենը ես անում եմ նրանց համար և հանուն նրանց: Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ հանդիսատեսին չհիասթափցնեմ:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին