▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ արտասվելով մի լուսանկար էր ցույց տալիս, որը ջարդերից առաջ էր արվել. հիշում են հայտնիները

Life.panorama.am-ը գրում է. 100 տարին չի թուլացրել ոչ մեկի հիշողությունը: Հիշում ու պահանջում են սերունդները: Շարունակում ենք ներկայացնել 1915 թվականի եղեռնից մազապուրծ եղած հայերի ժառանգներին ու նրանց պատմությունը:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի հայրական կողմը Թավրիզ քաղաքից է. «Տատիկս՝ Ավետիսյան Անահիտը, ծնվել է 1912 թվականին՝ Թավրիզում: Երբ փոքր էի, պատմում էր իր ընտանիքի, գաղթի մասին: Հիշում եմ՝ միշտ արտասվելով մի լուսանկար էր ցույց տալիս, որը ջարդերից առաջ էր արվել: Այնտեղ պատկերված էին տատիկս, իր փոքր եղբայրը, քույրը և մայրը: Չեմ կարող մոռանալ ոչ այդ լուսանկարը, ոչ էլ այդ պատմությունը: Իրեն ջուրն են գցել, մեկ սուզվել է, մեկ գլուխը հանել, մի որոշ ժամանակ պայքարել է, մինչև մեկը նկատել ու փրկել է: Դրանից հետո հայտնվել է ինչ-որ մարդկանց տանը, որտեղ իրեն միշտ տանջում էին: Տատիկս պատմում էր, որ այնտեղ մեկը կար, ով ոտքը միշտ իր ձեռքին էր դնում ու սեղմելով՝ ցավեցնում: Նրանց լեզուն չէր հասկանում ու մտածում էր, որ ընկել է թուրքի ընտանիք»:

Լիլիթի պատմելով՝ հերթական տանջանքից հետո տատիկը փախնում է և հայտնվում հայկական ընտանիքում, որտեղ նրան սիրում էին ու մոր պես մազերը շոյում. «Հետո տատիկս հանձնվում է Սիրիայի մանկատուն, այնտեղ ապրել է մինչև 6-7 տարեկանը: Գիտակցելով, որ կորցրել է ամբողջ ընտանիքին՝ դարձել է ինքնամփոփ: Հաճախ հիշել է, լացել ու նայել ձեռքի նկարին: Սակայն մի օր դաստիարակն անսպասելի ասում է, որ իրեն փնտրում են: Պարզվում է, եղեռնից փրկվել է նաև տատիկիս քույրը՝ Վարդանուշ Ավետիսյանը, ով իրենից մեծ էր 13 տարի: Գնացել է Թիֆլիս, ամուսնացել և ամուսնու հետ փնտրել իր հարազատներին»:

Լիլիթի տատիկն իր հետագա կյանքն անցկացրել է քրոջ ընտանիքում: Երիտասարդ տարիքում հանդիպելով Գյուրիից Թիֆլիս եկած մի երիտասարդի՝ ամուսնանում է. «Պապիս Վրաստանում էր ծառայում և զուգահեռ աշխատում էր տեղի հայկական թատրոնում՝ որպես դերասան: Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվում են Ալավերդի և միասին աշխատում այնտեղի թատրոնում: Այդտեղ էլ ծնվում են նրանց զավակներն ու թոռները, այդ թվում և ես: Ասեմ, որ տատիկս մինչև կյանքի վերջը՝ 1988 թվականը, ապրել է փոքր զավակի՝ մեր ընտանիքում: Շատ կապված էր ինձ հետ, անչափ շատ էր սիրում ինձ և հաճախ կիսվում էր իր հիշողություններով»:  

Դերասանուհի Արփինե Իսրայելյանն արմատներով էրզրումցի է, Կարինից քաղաքից. «1915 թվականին հայրիկիս պապը, կորցնելով կնոջը՝ Մարիամին,  իր երկու որդիների՝ Լորիսի և Եղիշի հետ գաղթում են Բասարգեչարի Չախրլու գյուղ, որն այժմ կոչվում է Վարդենիս: Որոշ ժամանակ անց ամուսնանում է նախկին կնոջ մորաքրոջ աղջկա հետ, ում անունը նորից Մարիամ էր: Այդ ամուսնությունից ծնվում են իմ պապը՝ Համբարձումը, և Հովհաննեսը: Մարիամն ու հայրիկիս պապը մահանում են, ինչի արդյունքում երկու որդիները՝ իմ պապն ու Հովհաննեսը, հայտնվում են մանկատանը և որդեգրվում տարբեր ընտանիքների կողմից: Դա է պատճառը, որ հորս գերդաստանը երեք ազգանուն է կրում՝ Իսրայելյան, Վարդանյան և Խաչատրյան: Չնայած այդ ամենին՝ նրանք պահպանում են կապը»:

Դերասանուհին մեծ ցանկություն ունի լինել Կարինում, սակայն, ոչ հյուրի կարգավիճակում. «Ինչպես բոլոր հայերի, այնպես էլ ինձ համար դա ցավոտ թեմա է: Շատ դաժան զգացողություն կունենամ, եթե այնտեղ գտնվեմ որպես հյուր»

Ազգագրական երգիչ Մկրտիչ Մկրտչյանը  զրույցում հիշեց, որ իր 49 շունչ ունեցող ազգից փրկվել է միայն իր Ղազար պապը. «Հայրական կողմս Սասունի Թաթանք գյուղից է եղել: Ժամանակին պապիկիս հայրը աշխատանքի պատճառով ընտանիքի հետ տեղափոխվել է Բշերիկ քրդական քաղաք: Այնտեղ շատ սասունցիներ են եղել աշխատելիս ու ապրելիս: Երկու եղբայր վիճել են այդ պատճառով և մոտ 6-7 տարի միմյանց չեն տեսել: Ջարդերից հետո պապիկիս հորեղբոր կինը՝ Մարգարիտը, ով կորցրել էր ֆիդայի ամուսնուն, որոշում է այցելել և տեսնել, թե տեգոր ընտանիքն ինչպես է ապրում:  Տունը հայտնաբերում է թալանված: Հարևանները պատմում են, որ բոլորը կոտորվել են, մնացել է մի երեխա, ում անունը Ղազար է: 4-5 տարեկան երեխա է եղել: Պարզվում է, որ ընտանիքի մտերիմ մի քուրդ աղա երեխային տարել է իր տուն և պահել: Հայերենին երեխան արդեն տիրապետելիս չի լինում, քրդերեն է խոսում, նաև չի ցանկանում քուրդ ընտանիքից բաժանվել: Բայց մի կերպ համոզում ու տանում է: Քուրդը պատմել է, որ երեխան հաճախ փախնում էր ու գնում իրենց տուն, գրկում իրենց տան ծակ ղազանն ու նստում: Ղազարն այդ ղազանն իր հետ տանում է: Այնուհետև գալիս է Արևելյան Հայաստան, այստեղ ծանոթանում է տատիկիս հետ, ով նույնպես սասունցի է ու ամուսնանում»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին