▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տնփեսա» սիթքոմն այլևս եթերում չի լինի. ստեղծագործական կազմը կիսվում է ուրախ հիշողություններով

blognews.am-ը գրում է. «Ով է սա, ով է սա՝ տնփեսա». ահա այսպես չորս եթերաշրջան շարունակ հեռուստադիտողի կողմից շատ սիրված «Տնփեսա» սիթքոմն ազդարարում էր, որ ժամանակն է տեղավորվել բազմոցին և նայել որակյալ հումոր՝ հայտնի և սիրված դերասանների մասնակցությամբ: Այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, հեռուստադիտողը կդիտի սիթքոմի վերջին սերիան, իսկ զրույցում ստեղծագործական կազմը պատմել է նախագծի ստեղծման մասին, կիսվել հետաքրքիր դրվագներով և նկարահանել ֆիլմ ֆիլմի մասին:  

«Առաջին սերիայի նկարահանումն իր ուսերին էր վերցրել Դավիթ Բաբախանյանը, ով գրեթե միշտ իր բոլոր աշխատանքների առաջին նկարահանումն անձամբ է անում, որպեսզի նախագիծը ճիշտ զարգացում ապրի: Ես հրավիրված եմ եղել որպես երկրորդ ռեժիսոր, իսկ հետո նա ղեկը հանձնել է ինձ, իհարկե վերջնական արդյունքը Դավիթը միշտ նայել է,-պատմեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը և ավելացրեց, որ կարոտելու է այս նախագիծը,-ես նկարահանել եմ շատ ուրիշ նախագծեր, բայց սա իմ առաջին հումորային նախագիծն է, և կար վախի զգացում, որ գուցե ես չկարողանամ այն ճիշտ ներկայացնել: Բայց երբ սկսեցի աշխատել ստեղծագործական կազմի հետ, հասկացա, որ պետք չէ վախենալ, և այս գործում իրենց մեծ լուման ունեն Մկրտիչ Արզումանյանը և Հովհաննես Ազոյանը, ովքեր նոր եկած դերասաններին միանգամից կարողանում էին բացատրել իրենց դերը»:

Հարութը նշեց, որ նկարահանման հրապարակում արտակարգ դեպքեր ևս գրանցվել են. «Եղել է, որ ինչ-որ լամպ է պայթել, որը շատ հնարավոր է՝ որևէ մեկին վնասեր, բայց Աստծո կամքով և խմբում տիրող դրական էներգիայի շնորհիվ ոչինչ չի պատահել»:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով հանդես էր գալիս Անուշիկի կերպարում, կիսվում է, որ իր համար սա հումորային նախագծում մասնակցելու առաջին փորձն էր. «Ինձ համար շատ պատասխանատու դեր էր, պետք է ամեն կերպ դուրս գայի այդ իրավիճակից, և իհարկե տեսնելով, թե անձնակազմում ինչ պրոֆեսիոնալ մարդիկ են ներգրավված՝ ես ավելի վստահ էի, որ կստացվի: Կերպարս մատուցեցի հնարավորինս լավ, բայց աշխատելու տեղ դեռ միանշանակ կա»:

Շուշաննան վերջին եթերաշրջանում ներկայանում էր հղիի կերպարում. «Սա արդեն իմ երկրորդ փորձն էր այս կարգավիճակում, և այս ամենին շատ հումորով եմ վերաբերվում: Ամեն դեպքում շատերն ինձ փողոցում մոտենում էին և ասում, որ ինձ չափազանց սազում է այդ վիճակը: Շատ եմ կարոտելու այս շրջանը և մեր նկարահանումները»:

Ալինա Մարտիրոսյանը, ով ներկայանում էր Էդիտայի կերպարում, նշում է, որ կուզեր՝ այս նախագիծը լիներ տարին տասներկու ամիս. «Ինձ համար նորություն էր և մի քիչ անհասկանալի էր Էդիտայի կերպարը, նա թիթիզ և դատարկագլուխ ինչ-որ մեկն էր: Մի քիչ դժվար էր սկզբում, բայց հետո ընտելացա: Ամեն ինչ իսկապես շատ լավ և թեթև էր ընթանում: Ես շատ սիրել եմ իմ կերպարը, չնայած մենք նմանություններ չունեինք»:

 Արդեն չորրորդ եթերաշրջանում Կորյունի գործերն այնքան են վատանում, որ նա ստիպված է լինում վաճառել բնակարանը, և անշարժ գույքի գործակալն օգնության է հասնում նրան: Դերասան Տիգրան Գյուլումյանը, ով կերտում էր այդ դերը, այսպես ներկայացրեց իրավիճակը. «Կյանքում շատ հանդիպող կերպար է, որպես կանոն, նրանք ունեն մի ընդհանուր գիծ՝ կարողանում են լավ համոզել: Ես փորձեցի մի քիչ օրգանական դարձնել Աշոտ գործակալի աշխատանքը, նա վաճառում էր տունը և հետևաբար գործ ուներ հարուստ մարդկանց հետ: Երբ ես եկա, արդեն չորրորդ եթերաշրջանն էր, և նախագիծն արդեն հասցրել էր սիրվել։ Ես պետք է մտնեի այդ ընտանիք, վտանգ կար, որ գուցե «փոքր» երևայի, բայց շնորհիվ ստեղծագործական թիմի ամեն ինչ լավ ստացվեց»:

Մկրտիչ Արզումանյանին բաժին էր հասել միանգամից երկու դեր, նա մեկ շատ հումորով պապիկ էր, մեկ էլ շատ խիստ ընտանիքի հայր. «Բնականաբար, ամենասկզբից դժվարություններ կային թիմի ձևավորման ընթացքում, բայց ուրախ եմ, որ մենք հաղթահարեցինք: Իմ երկու կերպարներն էլ սիրված են ինձ համար, սիքթոմի համար ավելի հարմար էր պապին, իսկ Կորյունն ավելի համապատասխան էր ֆիլմին, բայց ես ավելի շատ զգում էի Կորյունին: Պապիին խաղալով, որքան էլ հոգնած էինք լինում, միշտ դրական լիցքեր էինք ստանում, իսկ երբ հակառակն էր լինում, մի քիչ ավելի դժվար էր լինում»:

Պարզվում է՝  Շուշաննա Թովմասյանը Մկրտիչ Արզումանյանի ներկայությունից միշտ զգաստացել է և դժվար է մտել կերպարի մեջ. «Եղել են տարբեր դեպքեր, երբ մեկս մյուսին ոգեշնչել ենք կամ հակառակը՝ խնդրել, որ լքեն նկարահանման հրապարակը, որովհետև սկսել ենք ծիծաղել: Երբ իմ հատվածն էին նկարահանում, ինձ ավելի շատ խանգարում էին կողքի ձայները, չեմ հիշում մի դեպք, երբ գործընկերներս կարողանային ինձ խանգարել: Ավելի շատ ինձ էին խնդրում, որ դուրս գայի նկարահանման հրապարակից»:

Սիթքոմի սցենարիստներ Սարգիս Կալպակյանը և Նարեկ Ավագյանն ուրախ են, որ նախագիծը հայկական է և վերցրած չէ որևէ այլ տեղից. «Մեզ համար հումորն ավելի շատ մասնագիտություն է: Մենք միշտ անում ենք սեփական մոնիթորինգ, միայն մոտիկ մարդը կարող է քեզ ասել, որ ինչ-որ մի բան չի հավանել: Բնականաբար, ամեն ինչ հաշվի ենք առնում՝ սկսած դերասաններից, պրոդյուսերից, վերջացրած հեռուստադիտողով»:  

Սցենարիստները խոստվանեցին, որ շատ սիրել են Կորյունի կերպարը. «Ցանկացած դերասանի համար դժվար կլիներ մարմնավորել այդ կերպարը: Մկրտիչ Արզումանյանը հրաշալի կատարեց իր վրա դրած առաջադրանքը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին