Դերասան Սոս Ջանիբեկյանն Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէնենրգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին, ասաց.
«Միանշանակ դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ շատ ցավալի է այն վիճակը, որում որ մենք ապրում ենք: Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ ժողովրդի մասին: Չնայած այն բանին, որ Փառք Աստծո, ինքս այսօր չեմ դժգոհում իմ աշխատանքից, բավական ծանրաբեռնված եմ, աշխատանք շատ ունեմ, իսկ գումարս էլ ինձ բավականացնում է, բայց, այնուամենայնիվ, չեմ ցանկանում լինել այն էգոիստը, ով կասի, որ եթե իրեն լավ է, ապա ամեն ինչ լավ է: Իհարկե, պետք է պայքարել դրա դեմ, քանի որ մենք շատ անապահով ընտանիքներ ունենք: Ծիծաղելի է ունենալ ատոմակայան, այդ օդը շնչել ու պետությանը վճարել ավելի թանկ, քան այն երկրներում, որտեղ լույսը գնում են ուրիշ պետություններից։ Ցավալի է, որ մենք ամեն անգամ պայքարում ենք, որ ավելի վատ չլինի, երբեք չենք պայքարում, որ գոնե մի քիչ լավ լինի»,- նշեց դերասանը:
Խոսելով Բաղրամյան պողոտայում մարդկանց կողմից անցկացվող բողոքի ցույցի վերջնական արդյունքի մասին, Սոսը նկատեց, որ իր համար անկանխատեսելի է՝ իրականում ժողովուրդը կհայտնվի հաղթողի կարգավիճակում, թե՝ ոչ.
«Նման քաղաքակիրթ, հանգիստ, անվնաս ցույց դեռ Հայաստանում, որքանով որ ես գիտեմ, անկախությունից հետո չի գրանցվել: Պետք է ասեմ, որ Ստեփանակերտից վերադառնալուց հետո, երբ ես գնացի Բաղրամյան պողոտա, նկատեցի, որ այնտեղ շատ էյֆորիկ վիճակ է, իսկ այդ վիճակն ունի ձնագնդի հատկություն, երբ գլորվելով՝ էլ ավելի է մեծանում ու խտանում: Այդ իսկ պատճառով ինձ համար անկանխատեսելի է, թե ինչ կլինի, որովհետև շատ անկանխատեսելի կարող է լինել էյֆորիկ վիճակում գտնվող ժողովրդի վարքը: Ամենակարևորն այն է, որ այս պահին որևէ լիդեր չկա ժողովրդի մեջ, իսկ դա, կարծում եմ, շարժման և նստացույցի ամենադրական կողմն է: Չկա մեկը, ում հրաժարականից կամ ղեկավարության հետ փոխհամաձայնության դեպքում, ժողովուրդը կհուսահատվի և կգնա տուն: Այս դեպքում լիդերը պարզապես ժողովրդի բազմությունն է: Եվ սրա հետ կապված կցանկանամ մեջբերել Եղիշե Չարենցի խոսքերը. «Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված»,- իր կարծիքը հայտնեց Սոս Ջանիբեկյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք շարունակելու է ներկա գտնվել այս օրերին անցկացվող խաղաղ ցույցին, Սոսը պատասխանեց.
«Իհարկե: Դեռ նկարահանումների եմ, բայց դրանց ավարտից հետո անպայման կգնամ այնտեղ, որպեսզի ներկա լինեմ և մասնակից դառնամ այն բողոքին, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Սկզբում գազը թանկացավ, հիմա էլ՝ լույսը… Եթե ժողովուրդն ունի պահանջ և ասելու որևէ բան, ուրեմն նրա հետ ղեկավարությունը պետք է հաշվի նստի, քանի որ, իրականում, սա ժողովրդի երկիրն է, և ղեկավարները ղեկավարում են ժողովրդի երկիրը: Ղեկավարությունը պետք է ժողովրդի հետ միշտ բանակցություններ վարի»,- նկատեց դերասանը:
Զրույցի վերջում էլ, անդրադառնալով վերջերս իր ֆեյսբուքյան էջում արված գրառումներից մեկին, ըստ որի՝ ինքը չի պատրաստվում մասնակցել այս կամ այն հանրահավաքին, քանի որ հասարակությունն է դա «պահանջում», Սոս Ջանիբեկյանը պարզաբանեց.
«Քանի որ ինձ ուղղված այն բոլոր նամակներին, որոնցում նշվում էր, թե ես ինչու Բաղրամյան պողոտայում չեմ, թե ինչու ազգիս կողքին չեմ, այն բոլոր ամոթանքներին, վիրավորանքներին և պահանջներին միանգամից չէի կարող պատասխանել, իսկ դրանք արհամարհել և նաև մարդկանց արհամարհել ես չէի կարող և չեմ սիրում, որովհետև հենց այդ նույն մարդկանց շնորհիվ է, որ ես այսօր կայացել եմ որպես դերասան, փորձեցի գրառման տեսքով պատասխանել և ասել, որ նախ եթե ես գամ ձեր սերը վաստակելու համար, դա իմ կողմից այդքան էլ անկեղծ արարք չի լինի, եթե ես, իրականում, այդ լույսի խնդիրը չունեմ և ես իմ ազգի խնդրով չեմ ցավում, այլ պարզապես գալիս եմ, կոպիտ ասած, ազգիս սերը և համակրանքը վաստակեմ և PR լինեմ: Գործընկերներիցս և ոչ ոքի չնշելով՝ պետք է նշեմ, որ ես ունեմ այդ մտավախությունը, որ մարդիկ կարող են մտածել՝ ես գնում եմ նրանց գովասանքներին արժանանալու համար: Երկրորդն էլ, այդ օրերին ես գտնվում էի Արցախում: Ցանկացա ասել, որ ես չեմ կարող իմ նկարահանումները ընդհատել և գալ, քանի որ այնքան էլ կարևոր մարդ չեմ, ում գալուց հետո ինչ-որ մի մեծ բան կփոխվի: Արցախից վերադառնալուց հետո արդեն 2 անգամ բավականին մեծ ժամանակահատված անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում, բայց դա արել եմ ոչ թե Սոս Ջանիբեկյան հայտնի դերասան, այլ՝ շատ ծածուկ, չնկատվող Սոս, ով որպես քաղաքացի է կանգնած բոլորի հետ, այլ ոչ թե հայտնի ինչ-որ մեկն է, ով եկել է այդտեղ լուսանկարվելու, սելֆիներ և ֆոտոշարքեր անելու»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան Սոս Ջանիբեկյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
Կարդացեք նաև՝ Սոս Ջանիբեկյանի եզրափակիչ խոսքն իրեն վերաբերող վերջին սկանդալների առնչությամբ
Մի քանի օր հանդիպելուց հետո` ինձ չհաջողվեց կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը. Սոս Ջանիբեկյան