«Աստծո կամք» կրոնական կազմակերպությունն իր յութուբյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել դերասան Էմիլ Գալստյանի մասնակցությամբ, որից հետո սկսել են լուրեր պտտվել այն մասին, որ Էմիլը հարում է վերոնիշյալ կազմակերպությանը: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ` ճշտելու լուրի իսկությունը: Մեզ հետ զրույցում դերասանը հաստատեց այն լուրը, որ նա չի այցելում Հայ առաքելական եկեղեցի, բայց չի էլ հարում «Աստծո կամք» կրոնական կազմակերպությանը:
Էմիլ, արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Դուք հարում եք «Աստծո կամք» աղանդավորական կազմակերպությանը:
Ես պարզապես հավատում եմ Աստծուն և հաճախում եմ այնտեղ, որտեղ որ ինձ հարազատ է: Եթե նկատի ունեք այն տաճարը, որտեղ ես գնում և աղոթում եմ, ապա պետք է ասեմ, որ դա Հայ առաքելական եկեղեցու տաճարը չէ:
Ի՞նչը հանգեցրեց Ձեզ նման որոշման:
Իմ կյանքում տեղի ունեցան շատ իրադարձություններ, որից հետո սկսեցի հավատալ Աստծուն: Կա տեսանյութ, որտեղ իմ կյանքի վկայությունն է. Աստված իմ կյանքում շատ բաներ ի հայտ բերեց, որից հետո ես սկսեցի հավատալ նրան:
Այսինքն մինչ այդ չէի՞ք հավատում, և միայն այդ ամենից հետո՞ ստեղծվեց հավատն առ Աստված:
Այո, մինչ այդ ես չէի հավատում Աստծուն:
Մշտապես լուրեր են պտտվում այն մասին, որ մեր հայ հայտնիները հարում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը նաև այն պատճառով, որ ֆինանասավորվում են: Արդյո՞ք Ձեր դեպքում պատմությունը կրկնվում է:
Նախ ասեմ, որ նման բան չկա` դա հայավարի մտածելակերպ է: Այսօր շատերն են աղանդը շփոթում հավատքի հետ, ինչը, իմ կարծիքով, քիչ զարգացվածության հետևանք է: Այսօր շատ են աղանդները, որոնք կապ չունեն ճշմարիտ Աստծո հետ: Այսօր տարածված են էքստրասենսներն ու բախտ նայողները, ովքեր ավելի վտանգավոր են, հետաքրքիր է, թե նրանք ինչո՞ւ չեն քննադատվում: Այսօր կան շատ կազմակերպություններ, օրինակ` Եհովայի վկաները. նրանք չեն առաջնորդվում Աստվածաշնչով, այլ առաջնորդվում են ինչ որ գրքերով: Այ դա կարող ենք անվանել աղանդ, քանի որ չի առաջնորդվում Կտակարանով: Մեր խնդիրը հավատքի սխալ ընկալումն է:
Ի՞նչ եք ստանում այլ կրոնական կազմակերպությունից, որը չեք կարողանում վերցնել Հայ առաքելական եկեղեցուց, և ինչո՞ւ չեք բարձրաձայնում այն կրոնական կազմակերպության անունը, որին Դուք հարում եք:
Ես չեմ վախենում ինչ-որ բանից և խոստովանում եմ, որ հարում եմ «Ռեմա»կրոնական կազմակերպությանը, որի հովիվն է Կարեն Խաչատրյանը: Երբ ես այցելում եմ, օրինակ Սուրբ Սարգիս եկեղեցի`պատարագի մասնակցելու, ինձ համար անհասկանալի է, որ Տեր հայրը երգի տեսքով ու ինչ որ անհասկանալի բառերով է աղոթում: Ես այդ ժամանակ ցանկանում էի հասկանալ Աստվածաշունչը, ճանաչել Աստծուն, սակայն այդ հարցում նրանք ինձ չօգնեցին: Այդ ամենից հետո ես անիմաստ գտա այցելել այնտեղ:Իսկ «Ռեմա»-ում հովիվը ցանկացած աղոթք կարդալուց հետո պարզաբանում է և մեզ համար հասանելի լեզվով խոսում, որպեսզի ընկալելի լինի:Լինում են դեպքեր, որ տանը`Աստվածաշունչ կարդալիս, որևէ բան չեմ հասկանում, զանգահարում ու ճշտում եմ հովիվից: Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ մատչելի է ստանալ Աստծո խոսքը : Ինձ համար տարբերություն չկա, թե դա որտեղ կլինի` տաճարում, դրսում, թե սրճարանում: Փառք Աստծո, որ Աստված վերջապես բացեց իմ աչքերը, որից հետո ես սկսեցի հավատալ նրան:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան