▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդի մասին պատմող «Ամեն» երաժշտական ներկայացումն Իտալիայում

Blognews.am-ը գրում է. «Ամեն». այսպես է կոչվում երաժշտական դրամատիկ այն ներկայացումը, որը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմությունն Իտալիայի «Վերոնա» բեմահարթակում։ Ներկայացումն ուղեկցվելու է երաժշտությամբ, բալետով, կլինի նաև երգչախումբ: Պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 29-ին: Զրույցում ներկայացման երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանը պատմել է բոլոր մանրամասների մասին:

«Մեր ծրագիրը գրված է օրիգինալ լիբրետոյով, պատմում է հայ ազգի պատմության մասին: Այն լինելու է տարբեր լեզուներով, քանի որ հայ ազգը սփռված է ամբողջ աշխարհով մեկ, ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին և եզրափակիչն է Իտալիայում 2015 թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումների ցանկում, անցկացվում է Իտալիայում Հայաստանի դեսպանատան և Վերոնայի քաղաքապետարանի հովանու ներքո: Մենք չենք ուզում լաց և ողբ ցույց տալ, պարզապես ծանոթացնում ենք մեր պատմության հետ»:   

Լինելու է երկու երգչախումբ՝ հայկական «Հովերը» և իտալական «Ռեջեո Էմիլիա» երգչախումբը, լինելու է նաև «Բալետ 2021»-ը, որի բեմադրող ռեժիսորն է Ռուդոլֆ Խառատյանը, ինչպես նաև մի շարք երգիչներ: Խոսելով դերասանական կազմի մասին՝ Արաքսյան նշեց. «Մեր դերասանական կազմն ընտրվել է ըստ դերերի և ըստ պահանջի, ինչը թելադրել է մեր լիբրետոն: Կազմում են Բարսեղ Թումանյանը, Պլաչիդո Դոմինգո կրտսերը, Հասմիկ Պապիանը, Վարդուհի Խաչատրյանը, Ֆաբիո Կանկատոն, Ջուլիետ Գալստյանը և այլոք, իսկ որպես հատուկ հյուր հրավիրված է Շառլ Ազնավուրը: Փորձել ենք անել այնպես, որ ինչ ազգի մարդ էլ լինի դահլիճում, ներկայացումը դրական ազդի նրա վրա»:

Երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք ներկայացման ցուցադրությունը կլինի՞ նաև Հայաստանում, Արաքսյան պատասխանեց. «Շատ հնարավոր է, բայց դեռ չգիտեմ: Կցանկանայինք ներկայացումն ամեն տեղ անել, բայց Իտալիան ընտրել ենք նրա համար, որ այն եվրոպական կենտրոն է, որը շատ հարմար է այցելելու համար: Շատ սիմվոլիկ տեղ է՝ որպես երաժշտական բեմահարթակ, քանի որ այդպիսի բեմ էլ չկա աշխարհում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին