▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա հայկական երգարվեստում ստեղծվող շատ նմուշներ կարելի է համեմատել անորակ սննդի հետ. Էդգար Գյանջումյան

Life.panorama.am-ն այսօր զրուցել է երգահան Էդգար Գյանջումյանի հետ:

Պարոն Գյանջումյան, եթե հայացք գցենք 10-15 տարի առաջվա մեր երգարվեստին, ապա ամենագործող ստեղծագործողների առաջնային շարքում Ձեզ ենք հիշում, հետաքրքիր է ի՞նչով է պայմանավորված այսօրվա Ձեր գործունեության համեմատական պասիվությունը եւ առհասարակ ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:

Հիմա էլ շարունակում եմ ստեղծագործել հայ արտիստների համար, վերջին իմ աշխատանքներից են Մհերի «Հայրիկ» երգը, վերջերս շատ գեղեցիկ երգ ձայնագեցինք Սոնա Շահգելդյանի հետ, ով կարծում եմ շատ գեղեցիկ կերպով կմատուցի այդ երգը, որի խոսքերի հեղինակն է Վահան Անդրեասյանը: Այս պահին նոր երգի վրա ենք աշխատում երգչուհի Նառայի հետ, բացի այդ, հիմա աշխատում ենք նաեւ ամերիկաբնակ երգչուհի Արաքսյա Կարապետյանի հետ, ով եւս հետաքրքիր ծրագրեր ունի: Միաժամանակ անցյալ տարի բավականին հաջող իրականացավ Երեւանի պետական համալսարանի «Մշակույթի կենրոնում» կայացած «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը, որի երաժշտությունը ես գրեցի: Աշխատում եմ նաեւ մի կանտատի վրա, որը կնոջս եմ նվիրել. այն Հ. Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործություն է, որը կոչվում է «Ընկերիս», նախատեսում եմ ներկայացնել հաջորդ տարի: Այժմ նաեւ բանակցություններն են գնում իմ եւ արտասահմանյան կինոարտադրողների միջեւ՝ կապված ֆիլմերի երաժշտության հետ, սակայն պետք է նկատեմ, որ մինչեւ չծանոթանամ ֆիլմի բովանդակությանը, անկախ հոնորարների չափից, չեմ համաձայնվի. ինձ համար շատ կարեւոր է, թե ֆիլմը ինչի մասին է լինելու, ոչ մի ֆիլմ, ոչ մի գումար եւ ոչ մի փառք ինձ չի կարող համոզել, որ ես երաժշտություն գրեմ այնպիսի ֆիլմի համար, որը իմ ներքին սկզբունքներին եւ համոզմունքներին դեմ լինի:

Որքանով տեղյակ եմ նոր եւ բավականին լայնածավալ աշխատանքներ եք նախատեսում Ձեր նախաձեռնությամբ մանկական մյուզիքլի ստեղծման համար:

Այո, այս պահին աշխատում եմ մանկական մյուզիքլի վրա, որը կոչվում է «Կարոտի ծառեր»: Սա ունի իր համանուն երգը, որը կատարում է Մարիաննա Հարությունյանը եւ որի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը. հենց այդ երգից էլ ծնվեց մյուզիքլի գաղափարը: Մյուզիքլը նախատեսվում է ներկայացնել հաջորդ տարվա սկզբին կամ գուցե հենց երեխաների իրավուքնների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին: Պետք է նկատեմ, որ այս մյուզիքլը ունի շատ խորը բովանդակային հիմք, որը անտարբեր չի թողնի թե երեխաներին, թե նրանց ծնողներին: Նախատեսվում է, որ «Կարոտի ծառեր»-ը բեմադրվի նաեւ սփյուռքում, իհարկե երեւանյան պրեմիերայից հետո միայն: Այս մյուզիքլում կոչ է արվում, որ պաշտապնենք եւ պահպանենք այն օրը, որ տրված է մեզ, որպեսզի մեկս մյուսին շատ սեր տանք, հոգ տանենք միմյանց, մեր հայրենիքի եւ բնության մասին: Այն մանկական մյուզիքլ է, որը զերծ է ամեն տեսակ գռեհկությունից, որը մեր օրերում խիստ տարածված է: Կարծում եմ, այս մյուզիքլը դիտելուց հետո բոլորը լուսավորված կհեռանան դահլիճից:

Պարոն Գյանջումյան, տարիներ առաջ կարծես ուրիշ էր թե երգարվեստը, թե դրա նկատմամաբ մարդկանց վերաբերմունքը, կցանկանայի լսել Ձեր գնահատականը այսօրվա գործող երգարվեստի մասին:

Անցել են տարիներ, բայց այսօր անգամ նոր սերունդը անգիր գիտի այն երգերը, որոնք տարիներ առաջ են ստեղծվել ոչ միայն իմ, այլեւ շատ ստեղծագործողների կողմից, այդ երգերը անցել են ժամանակի փորձությունը: Այսօր մարդիկ կարոտով են սպասում նման նոր երգերի, ընդ որում, կրկնում եմ, խոսքը միայն իմ ստեղծագործությունների մասին չէ: Այսօր շեշտը դրվում է գռեհկության վրա, ընդհանուր հոսքի մեջ շատ են անորակ եւ անառակ ստեղծագործությունները, որոնք ունեն անհասկանալի բովանդակություն ու մեղեդայնություն, դրանք մեկ, երկու ամիս անց մոռացվում են: Ես համատարած բոլոր ստեղծագործությունների մասին չեմ ուզում խոսել, պարզապես մեծամասնությունում չկա  մեր երգարվեստի լավագույն ավանդույթներին սազական ոչ ձեւ, ոչ էլ բովանդակություն:

Պարոն Գյանջումյան, որտե՞ղ էր բացթողումը, ինչպե՞ս հասանք այս կետին:

Հասանք այս կետին, քանի որ շատ ժամանակ այդ ցածրորակը սնվում է, ֆինանսավորվում: Այսօր կան մեկենասներ, ովքեր արվեստի մեջ ներդրումներ են անում, սակայն, ցավոք, նրանց ներդրումները հաճախ կապված են վերոհիշյալ երաժշտության հետ, այնպիսի երաժշտության, որը մնայուն չէ: Պետք է այդ մեկենասները հասկանան, թե ո՞րն արժե ֆինանսավորել, որը՝ ոչ:

Բայց, երբ կան այդ մեկենասները, ինչպե՞ս վարվել, չէ՞ որ արդյունքում ձեւավորվում է ճաշակ հատկապես փոքրիկների մոտ:

Կոնկրետ իմ տղան, ով 7 տարեկան է, առանց իմ արգելքի, իր սեփական կամքով հրաժարվում է ոչ միայն լսել անորակություն, այլ նաեւ դիտել դրանք հեռուստատեսությամբ: Այսինքն՝ այս պարագայում պետք է մեծ լինի նաեւ ծնողների դերը, քանի որ նույն մեր ընտանիքում իր  ծնված օրվանից սկսած որդիս տեսել է այն, որը այսօր առանց մեր արգելքի նրան թույլ չի տալիս լսել կամ դիտել վատ աշխատանքներ: Բայց ճաշակ եւ մակարդակ կարգավորելու հարցում, իհարկե, մեծ դեր են խաղում մեկենասները, ովքեր պետք է իրենց ֆինանսական հոսքերը ուղղեն ճիշտ ճանապարհներով: Կոնկրետ ես իմ որդուն ցույց եմ տվել այն ճանապարհները, որտեղ որակ կա, բայց դա չի նշանակում, որ նա մի տեղ մի պարեղանակ լսի, չի պարի, պարզապես այստեղ մի խնդիր էլ կա՝ նույն այդ զվարճանքի երաժշտությունն էլ պետք է որակով լինի:

Այսօր շատ ժամանակ մեր երգիչները երգարվեստում իրենց ընտրած ոճը պատճառաբանում են գումար վաստակելու փաստով:

Այո, նրանք այդպես գումար են աշխատում ու այս հարցն էլ մեզ տանում է փակուղի: Բայց պետք չէ մոռանալ, որ ավելի կարեւոր արժեքներ կան, քան գումար աշխատելը: Այսօրվա հայկական երգարվեստում ստեղծվող շատ նմուշներ կարելի է համեմատել անորակ սննդի հետ, որը շատերը գնում եւ ուտում են, քանի որ մատչելի է, բայց որը ընդունելուց հետո կարելի է վատ ինքնազգացողություն ունենալ, ավելորդ ճարպակալել, գիրանալ, փոխարենը առողջ սնունդով կարելի է ստանալ առողջ մարմին եւ առողջ հոգի: Երաժշտությունը մարդու հոգու վրա շատ է ազդում, երաժշտությամբ զբաղվողները մարդկանց ներաշխարհի եւ հոգու հետ գործ ունեն, պետք է շատ նուրբ վերաբերվել:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին