Life.panorama.am-ը գրում է. Մայիսի 7-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի համար տոնական է. այսօր դերասանուհին դառնում է 24 տարեկան:
«Երջանիկ եմ ու շնորհակալ ծնողներիս, որ ծնվել եմ: Ծննդյանս օրերը շատ եմ սիրում, ամեն տարվա նման այսօր կանցկացնեմ տանը, ընտանեկան մթնոլորտում, մայրիկիս կողքին. Չէ որ նա է ամենաշատն ուրախացել, որ լույս աշխարհ եմ եկել»,- կայքին պատմել է Մարիամն ու հավելել, որ հեռախոսազանգերից անգամ մի պահ խափանվել է հեռախոսը.
«Երբ անդադար հնչում են հեռախոսազանգերն ու մեկը մյուսից գեղեցիկ շնորհավորանքներ եմ լսում, հասկանում եմ, որ երջանիկ եմ, որ այդքան շատ մարդ կա ինձ սիրող, նրանք կողքիս են ու միշտ կլինեն: Երջանկություն է վստահ լինելը, որ հնչած բարեմաղթանքներն իսկապես ի սրտե են: Ծննդյաս օրերին շատ եմ հուզվում ու ուրախանում նաև այն շնորհավորանքներից, որոնք հնչում են այնպիսի մարդկանց կողմից, ում հետ վաղուց չեմ խոսել, այդ ժամանակ էլ հասկանում եմ, որ սոցիալական կայքերն էլ իրենց մեծ դրական ներգործությունն ունեն այս հարցում՝ հեռու գտնվող մարդկանց մոտ են դարձնում»,- ծիծաղելով պատմել է Մարիամը:
23 տարեկանից Մարիամը գոհ է, հույս ունի, որ 24-ը կլինի նախորդ տարվա տրամաբանական շարունակությունը.
«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներով տարին 23-ն էր, նախորդ տարի շատ գործեր հասցրեցի իրականացնել ու ճանապարհ հարթեցի 24-իս համար: Իսկապես շնորհակալ եմ իմ 23-ից, երբ տարիդ լավ է անցնում, պարտավորվում ես ինքդ քեզ գերազանցել և ավելի շատ առիթներ ստեղծես, որպեսզի ոչ միայն հարազատներդ քեզնով հպարտանան, այլև ինքդ՝ քեզնով: Հույս ունեմ, որ այս տարի կկարողանամ գերազանցել նախորդ տարվա հաջողություններն ու կրկնակի կաշխատեմ: Ի դեպ՝ ինձ համար ամեն տարի ծննդյանս օրը կյանքի նոր մեկնարկ է՝ նոր դռներով ու նոր ճանապարհներով, ամեն տարի մտածում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ դա նշանակում է, որ կարող եմ ավելին, քան նախորդ տարի»,- նկատել է Մարիամը, իսկ մեր հարցին, թե արդյոք պլանների մեջ անձնական կյանքը դասավորելու պլանները բացակայում է, պատասխանել է.
«Կարծում եմ՝ անձնական կյանքը դասավորելու պլաններ չկան, դա ստացվում է անսպասելի: Ես վստահ եմ, որ իմ կյանքում էլ իմ ասպետը կհայտնվի անսպասելի ու ես չեմ էլ հասկանա, թե երբ հասցրեցի սիրել, նա կգա ու կփոխի ամեն ինչ, կչեղարկի պլաններս ՝ էլ ավելի կատարելագործելով դրանք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում