Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ երգչուհի Սոֆի Մխեյանն աշխատանքի է անցել ՊանԱրմենիան մեդիա գրուպում:Այս տեղեկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ: Վերջինս մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց լուրի իսկությունը:
«Մի քանի օր է, ինչ աշխատանքի եմ անցել հեռուստաընկերությունում` որպես հատուկ ծրագրերի պրոդյուսեր: Առաջարկը ստացել եմ հեռուստաընկերության կողմից և մեծ սիրով համաձայնել եմ: Կարծում եմ, որ այն իմ խառնվածքին համապատասխան է, քանի որ թե՛ ընկերներիցս, թե՛ ինձ շրջապատող մարդկանցից հաճախ եմ լսում, որ ունեմ պրոդյուսերական և կազմակերպչական կարողություններ, որոնք անպայման կօգտագործեմ նոր աշխատանքումս »,-պատմեց երգչուհին՝ հավելելով, որ խոսքը միայն երաժշտական նախագծերի մասին չէ:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք նոր աշխատանքը որևէ կերպ կանդրադառնա նրա ստեղծագործական կյանքի վրա, երգչուհին պատասխանեց. «Այն որևէ կերպ չի անդրադառնալու երգչուհու իմ կարիերայի վրա: Ես փորձելու եմ համատեղել երկուսն էլ, այնպես անել, որ դրանցից և ոչ մեկը չտուժի»:
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ Սոֆին նշեց. «Մի քանի օրից մեկնելու եմ Սանկտ Պետերբուգ՝ մասնակեցելու մեծ համերգի, որտեղ Հայաստանից որպես հյուր եմ հրավիրված: Ունեմ նաև համերգային շրջագայություններ, նոր երգեր, որոնք ձայնագրման փուլում են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնեմ հանդիսատեսին»:
Հավելենք, որ սա Սոֆի Մխեյանի առաջին պաշտոնական աշխատանքն է:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան