«Ես որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Դա ունկնդիրի կարծիքն է, որը ես չեմ կարող որակել որպես լավ կամ վատ: Դա պարզապես մարդու կարծիքն է, ով դա արտահայտում է ֆեյսբուքի միջոցով: Մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը, որը ես միշտ հարգում եմ». Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում այսպես արձագանքեց երգիչ Մհերը համացանցում հայտնված «Երգիչ Մհերը Նիկոլայ Բասկովի վատ պլագիատն է» վերնագրով հրապարակմանը, որի հեղինակը նշում էր, որ Մհերն ամեն ինչ անում է Բասկովի նման` անգամ շարքերի միջով անցնում ու ծաղիկներ է վերցնում նմանատիպ ձևով:
Երգիչն անձամբ որևէ նմանություն չի տեսնում իր ու Բասկովի միջև.
«Ես ինքնս որևէ նմանություն չեմ գտնում իմ ու Նիկոլայ Բասկովի մեջ, մինչ այս պահը նույնիսկ չեմ էլ մտածել այդ մասին: Ես ու Բասկովը ծանոթ ենք դեռևս 2008 թ.-ից` «Նոր Ալիք» երաժշտական մրցույթից, ընդ որում` Բասկովն ինձ միայն 11 գնահատականն էր տալիս: Մենք հանդիպեցինք նաև վերջերս, երբ նա մենահամերգով հանդես եկավ Երևանում: Ես մի երգ երգեցի իմ երգերից, որին նա արձագանքեց հետևյալ կերպ. «Երանի քեզ, երանի այս երգը ես երգեի», սակայն չեմ նշի, թե որ երգի մասին է խոսքը»:
Անդրադառնալով այն ասեկոսեներին, որ մենահամերգի ժամանակ Մհերը հանդես է եկել ոչ կենդանի կատարումներով, երգիչը նշեց. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Եղել են երգեր, որոնք կենդանի ձայնով չեմ կատարել, սակայն դա կապված է տեխնիկական խնդիրների հետ: Մենք շոու էինք անում, որի ժամանակ երբեմն կատարել եմ նաև ոչ կենդանի հնչողությամբ երգեր: Համերգի ժամանակ այնքան տեխնիկական խնդիրներ կային, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել: Կարևորն այն է, որ հանդիսատեսը գոհ մնաց համերգից. ինձ հաջողվեց իմ էմոցիանեը տեղ հասցնել: Հավատացեք, որ շատ անգամ հանդիսատեսի համար դա այդքան էլ էական չէ: Եթե ես մենահամերգ ունենամ սիմֆոնիկ նվագախմբի հետ, ապա այդ դեպքում ոչ կենդանի հնչողության մասին խոսք գնալ անգամ չի կարող. դա պարզապես ծիծաղելի կլինի և ամոթ»:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան