Asekose.am-ը զրուցել է երիտասարդ դիզայներ Լիլի Շահումյանի հետ, ով ստեղծելով կոշիկների և պայուսակների սեփական ապրանքանիշը, քայլեր է ձեռնարկում Հայաստանը և հայկական ապրանքանիշը ճանաչելի դարձնել համաշխարհային ապրանքանիշների կողքին:
Ամեն ինչ սկսվեց…
Ամեն ինչ սկսվեց Երևանից և նկարչությունից: Նկարչական կրթությունս ստացել եմ այստեղ, երբ ես ընդամենը 8 տարեկան էի: Արդեն 9 տարեկանում ունեցա իմ անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսին հրավիրված էին ճապոնացի մասնագետներ, ովքեր բավական դրական արձագանքեցին իմ աշխատանքներին, գնեցին դրանցից մի քանիսը, մեծ հետաքրքություն ցուցաբերեցին հայ մշակույթի վերաբերյալ և նույնիսկ գիրք հրատարակեցին դրա վերաբերյալ: Սրանից հետո ես տեղափոխվեցի Մոսկվա և շարունակեցի ուսումս՝ դասընթացներ անցնելով մի շարք տաղանդավոր արվեստագետների մոտ, որոնցից կցանկանամ առանձնացնել հայտնի նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանին: Ավարտելով դպրոցը՝ ընդունվեցի Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան, ինչից հետո էլ սկիզբ դրվեց իմ հակագործակցությունն իսպանական Magrit ընկերության հետ:
Գործունեության սկիզբը...
Գործունեությանս բուռն մեկնարկը տրվեց 2003թ-ին: Այդ ժամանակվանից մինչև 2005թ. շարունակեցի համագործակցել իսպանական ընկերության հետ: Հանդիսանում էի ընկերության կրեատիվ տնօրենը, ով աշխատում էր ռուս լսարանի համար: Այսինքն՝ մենք արտադրում էինք հավաքածու հատուկ Ռուսաստանի համար: Ինչպես նաև շատ կարևոր փորձ ունեցա 2003-2004թթ. ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում հանդես էի գալիս որպես Russhian Fashion Week նորաձևության ամսագրի մեկնաբան և քննադատ: Սա իսկապես շատ կարևոր փուլ էր ինձ համար, որից հետո ինձ մոտ շատ բան փոխվեց. փոխվեցին իմ մասնագիտական հայացքները, տեսակետները և այլն: Դրանից հետո, սակայն, աշխատանքս շարունակեցի այլ բնույթով: 2006թ. մեկ այլ արտադրողի հետ միասին ստեղծեցի երիտասարդական կոնցեպտ՝ «Elit style» անվանումով: Մեր նպատակն էր ստեղծել մի նոր ուղղություն՝ հաշվի առնելով ժամանակի բոլոր տենդենցները, այսինքն՝ մենք երիատասարդ սերնդին առաջարկեցինք ձեռք բերել ավելի ժամանակակից ծաղկավոր կոշիկներ: Այս կոշիկների արտադրությունը շարունակվեց երկար տարիներ և լայն տարածում գտավ ռուսական, եվրոպական և ասիական շուկաներում: Ավելացնեմ նաև, որ դրանց վրա աշխատող դիզայներական խումբը ես հիմնեցի Հոնկոնգում, և մեր արտադրանքն էլ արտարդվում էր այնտեղ գտնվող գերժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայում: Ի դեպ՝ այս ամենի հետ մեկտեղ՝ համագործակցել եմ մի շարք եվրոպացի պատվիրատուների հետ, որոնց համար հավաքածուներ էի պատրաստում, ինչպես նաև ապահովում էի նրանց արտադրությունը:
Համագործակցություններ համաշխարհային ապրանքանիշների հետ
Այնուհետև ուսումս շարունակեցի Ֆրանսիայում, ինչի ընթացքում սկսեցի համագործակցել մի շարք հայտնի նորաձևության տների հետ։ 2013թ-ից սկսած՝ համագործակցել եմ բավականին լուրջ բրենդների հետ՝ Chanel, Hermes, Christian Dior, Prada և այլն: Dior-ի և Prada-ի համար մշակել եմ կոշիկների, ճտքավոր կոշիկների ֆորմաներ, Chanel-ի համար մշակել եմ բացառիկ պայուսակներ առանց կարի, Hermes-ի համար գույների յուրօրինակ համադրություն եմ մշակել, Salvatore Ferragamo-ի համար արտադրել եմ գունային հատուկ համադրությամբ ստեղծված թաշկինակներ, մի խոսքով՝ անչափ հետաքրքիր աշխատանքներ և համագործակցություններ եմ ունեցել, որոնք շարունակվում են մինչ այսօր:
By Lili Fashion. հայկական ապրանքանիշ, որը համաշխարհային դառնալու հավակնություն ունի
2015թ-ին ստեղծեցի իմ սեփական հեղինակային ապրանքանիշը՝ By Lili Fashion-ը, որի միջոցով նպատակ ունեմ ամենահայտնի նորաձևության տների և դիզայներների ուշադրությունը հրավիրել հենց հայկական արտադրության վրա: Նպատակ ունեմ նաև By Lili Fashion Brand-ը տարածել ռուսական և եվրոպական, ինչու չէ նաև ասիական շուկաներում: Այս պահին մեր արտադրանքը ներկայացված է միայն Հայաստանում, բայց հույն ունեմ, որ որոշ ժամանակ հետո այն լայն տարածում կգտնի ողջ աշխարհում: Մեր արտադրանքը յուրօրինակ է իր մոտեցումով: Այն ապրանքանիշ է, որը վնաս չի հասցնում առողջությանը, հակառակը, մենք մեր բնական արտադրանքով նպաստում ենք հաճախորդների առողջությանը, քանի որ մեր կոշիկները, ճտքավոր կոշիկներն ամիջապես հպվում են մարդու մարմնին: Այն պայուսակները, կոշիկները, որոնք ներկայացված են մեր խանութում, պատրաստված են բացառապես բնական հումքից: Եվ մեր ապրանքանիշի կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ներկայացված տեսականուց և ոչ մեկը չի կրկնվում և էքսկլյուզիվ է իր տեսակով:
Նորաձևության շաբաթներ, ցուցադրություններ
Քանի որ նորաձևության շաբաթների ընթացքում լինում են նաև Showroom-եր (վայր, որտեղ տարբեր արտադրողներ ներկայացնում են իրենց հավաքածուների օրինակները) մենք ցանկություն ունենք մասնակցել դրանց և հայկական արտադրանքը հայտնի դարձնել: Պատրաստվում ենք նաև մոտ ապագայում մասնակցել Ֆրանսիայում անցկացվող Showroom-երին, ինչպես նաև Իտալիայում, Գերմանիայում անցկացվող ավելի լուրջ ցուցադրություններին, որտեղ հավաքվում են կոշիկ արտադրող ամենահայտնի բրենդների մասնագետները: Դեռևս սրանք են այն քայլերը, որոնք կօգնեն մեզ հայկականը ճանաչելի դարձնել ողջ աշխարհում:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան