«Եվս մեկ անգամ եմ ուզում հաստատել այն, որ հայաստանյան բժիշկները մայրիկիս բոլորովին այլ բուժում էին նշանակել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգիչ Վարդան Նահապետյանը (Razboy), ում մայրը շաբաթներ առաջ մահացել է Գերմանիայում՝ քաղցկեղից:
Ինչպես տեղեկացրեց Վարդանը, ըստ գերմանացի բժիշկների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իր մայրիկին սխալ քիմիոթերապիա են նշանակել, ինչի արդյունքում նրա իմունային համակարգն ամբողջովին թուլացել է, դիմադրողականությունն ընկել է, և սիրտը չի դիմացել հետագա բուժմանը:
«Գերմանիայի բժիշկները կարողացան դեղամիջոցներով մաքսիմալ երկարացնել մորս կյանքը՝ մեկ ամիս: Նրա կյանքը չհաջողվեց փրկել հենց այդ նույն սխալ քիմիոթերապիայի պատճառով: Ինքս հանգիստ նստող մարդ չեմ, արդեն դիմել եմ Գերմանիայի գերհզոր իշխանություններին, որպեսզի իմ ձեռքում ունենամ իրեղեն ապացույցներ՝ ցույց տալու համար մայրիկիս սխալ բուժման այն ընթացքը, որն այստեղի բժիշկները մեզ չեն ասել»,- պատմեց Վարդանը:
Վերջինս վերհիշեց, թե ինչից է սկսվել այս ամենը.
«Երբ մայրս առաջին անգամ վատ զգաց իրեն, օգոստոս ամիսն էր: Նրան տեղափոխեցինք Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ զոնդավորում անելուց հետո, մեզ ասացին, որ ոչ մի լուրջ բան չկա, ընդամենը կերակրափողի ճաքեր են: Սակայն այդ ժամանակ, պարզվում է, որ նրա մոտ արդեն իսկ ձևավորված են եղել ստամոքսի ինչ-որ գոյացություններ: Դրանից որոշ ժամանակ հետո մայրիկիս առողջական վիճակի հետ կապված կրկին խնդիր առաջացավ: Այդ անգամ մենք դիմեցինք «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ արեցինք բոլոր այն ստուգումները, մայրս անցավ բոլոր այն հետազոտությունները, որոնք որ բժիշկները նշանակեցին: Արդյունքում, մեզ պատասխան տվեցին, ըստ որի՝ մայրիկիս մոտ ձվարանի քաղցկեղ է: Այնուհետև, ծանոթներս խորհուրդ տվեցին ինձ, որպեսզի մայրս ստուգում անցնի նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ ևս հաստատեցին մորս՝ ձվարանի քաղցկեղ ունենալը: Այդ ժամանակ մայրիկիս նշանակեցին քիմիոթերապիայի կուրս, ինչից էլ ամեն ինչ սկսվեց»,- պատմեց Վարդանը՝ հավելելով, որ երբ մայրը մեկնել է Գերմանիա բուժում ստանալու, անցած հետազոտություններից հետո բժիշկներն իրեն ասել են, որ իր մոտ ոչ թե ձվարանի, այլ՝ ստամոքսի քաղցկեղ է:
Վարդան Նահապետյանը տեղեկացրեց, որ դեռ չի փորձել կապ հաստատել նշված ուռուցքաբանության կենտրոնի հետ: Նրա խոսքով՝ նա սպասում է, թե երբ իր ձեռքերում կլինեն Գերմանիայում անցած հետազոտությունների արդյունքները.
«Քանի որ այս պահին ես ոչինչ անել չեմ կարողանա, քանի դեռ ապացույցներ չունեմ, կապ չեմ հաստատել նրանց հետ: Բայց ասեմ, որ մայրիկիս քիմիոթերապիայի բժիշկը, ամբողջ Հայաստանը գիտի այս դեպքի մասին, ինձ շատ հիվանդանոցներից, անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնից են զանգահարել, որպեսզի մի քանի հարց տան, սակայն ես բոլորին մերժել եմ»,- նկատեց Վարդան Նահապետյանը:
«Ես ամեն հնարավոր բան արեցի մայրիկիս կյանքը փրկելու համար: Ինքս ֆինանսական խնդիրներ չեմ ունեցել, բավական մեծ գումարներ եմ ծախսել: Մեքենաս եմ վաճառել, տունս եմ դրել վաճառքի, սակայն, ցավոք, այն վաճառել ինձ չհաջողվեց: Երբեմն ինձ ասում եմ, որ մայրիկիս դեպքը շատ պրոպագանդվեց, սակայն ես պատասխանում եմ, որ պետք է ժողովրդին օգնեմ, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում և ում պետք է դիմել: Այս ընթացքում այնքան հաղորդագրություններ եմ ստացել անծանոթ մարդկանցից, այն մարդկանցից, ովքեր բուժվում են հենց այդ նույն բժշկի մոտ»,- շարունակեց Վարդանը:
Անդրադառնալով մայրիկի կյանքի վերջին վայրկյաններին նրա կողքին չլինելուն՝ Վարդանը տեղեկացրեց, որ նույնիսկ հնարավորություն չի ունեցել մասնակցելու նրա հուղարկավորությանը.
«Դա, երևի թե, դարձավ սրտիս ամենածանր բեռը: Անկեղծ ասած՝ ես և քույրս երկար ենք որոշում կայացրել այս հարցի շուրջ: Նախ մոտավորապես 13.000 եվրո էր անհրաժեշտ մայրիկիս Հայաստան տեղափոխելու համար, իսկ այդ օրերին այդքան գումար հավաքելն ուղղակի անհնար էր: Եվ հետո, քանի որ մենք այստեղ երկար ապրելու մտադրություն չունենք, որոշեցինք, որ մորս հուղարկավորեն Գերմանիայի հայկական գերեզմանոցում: Մտածեցինք, որ հետագայում պետք չէ նրա գերեզմանն անտեր թողնել ու գնալ»,- նշեց Վարդան Նահապետյանը:
Վերջինս նկատեց, որ օրերս իր ընտանիքում մեծ ուրախություն է տեղի ունեցել. ծնվել է քրոջ որդին.
«Երեկ հիվանդանոցից դուրս գրեցին քրոջս երեխային: Եվ այս ամենի մեջ ամենախորհրդավորն այն է, որ իմ կյանքի տխրության և ուրախության քառասուն օրերը խառնվել են իրար: Հենց այսօր ես դա հասկացա, որ մեր լացն ու ծիծաղը խառնվել են միմյանց: Թերևս, սա հենց այն դեպքն է, երբ երջանկությունն ու դժբախտությունը քայլում են կողք կողքի»,- ասաց Վարդան Նահապետյանը:
Իսկ զրույցի վերջում Վարդանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս դժվար օրերին իր կողքին են և ամեն կերպ փորձում են օգնել իրեն:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան