▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանի «Հավատա» տեսահոլովակի շուրջ սկանդալային հրապարակում է տարածվել

Քրիստինե Պեպելյանի «Հավատա» տեսահոլովակի շուրջ սկանդալային հրապարակում է տարածվել: Մասնավորապես՝ նշվում է, թե «Հավատա» երգն ամենևին էլ չի գրվել հատուկ Քրիստինե Պեպելյանի համար, ինչպես իր հարցազրուցներից մեկում ներկայացրել է երգչուհին: Բացի այդ, տարածվել է տարիներ առաջ արված մի տեսանյութ, որտեղ երգը կատարում է երգիչ Նարեկ Մակարյանը: Երգչուհուն մեղադրում են ստելու և հեղինակային իրավունքները խախտելու մեջ:

neswbook-ը ստեղծվածի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ հենց երգի հեղինակ Ժակլին Թադևոսյանից:

Երգի հեղինակը նշեց, որ Քրիստինե Պեպելյանի կողմից հեղինակային իրավունքի խախտման որևէ հարց չի կարող լինել: Նա հայտարարեց, որ սուտ է այն պատմությունը, թե երգը Քրիստինե Պեպելյանի համար չի գրվել:

«Երգը գրել եմ 13-14 տարեկանում: Ես այդ մասին նաև հարցազրույց եմ տվել: Մինչև Նարեկ Մակարյանի և Քրիստինե Պեպելյանի վերաբերյալ հնչած այդ, այսպես ասած, լարված հրապարակումը, ես արդեն  հայտարարել էի այն մասին, թե շատ եմ ցանկացել, որ երգը կատարի Քրիստինե Պեպելյանը: Բայց այն ժամանակ փոքր եմ եղել, կապ չի եղել նրա հետ, և երգը իրեն չի հասել: Տարիներ են անցել, հանդիպել եմ Նարեկ Մակարյանին: Ճիշտ է՝ նա երգը ձայնագրել է, բայց երգի համար վճարել է Նարեկի նախկին պրոդյուսերը՝ Սոֆյա Գուլյանը»,- ասաց երգի հեղինակը՝ հավելելով, որ ճիշտ է՝ եղել է սիմվոլիկ ինչ-որ թիվ, բայց ամեն դեպքում, Սոֆյա Գուլյանի կողմից է վճարվել:

«Դրանից հետո սկսվեցին տեսահոլովակի նկարահանումները, ու այդ ընթացքում Սոֆյան ու Նարեկը գործնական առումով իրար հետ խնդիր ունեցան: Իրականում միջազգային ստանդարտ գոյություն ունի, երբ պրոդյուսերը երգչի հետ գործնական առումով ինչ-որ խնդիր է ունենում, ընդունված կարգի համաձայն, պրոդյուսերը գործող պրոյեկտը կարող է սառեցնել: Այդ նույն պրոյեկտը երգիչը պետք է նորից վերագնի, որովհետև պրոդյուսերը գումար է ծախսել: Հակառակ դեպքում պրոյեկտը մնում է պրոդյուսերի հայեցողության տակ: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ Սոֆյա Գուլյանի ու Նարեկ Մակարյանի միջև նման բան է եղել: Սոֆյա Գուլյանն ինձ  հարցրեց՝ երգն ո՞ւմ եմ տալիս: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ես Նարեկին շատ սիրում եմ, իմ մտերիմն է եղել, Սոֆյային ասացի, քանի որ որպես պրոդյուսեր երգի համար դու ես վճարել, այդ հարցում ամբողջ իրավունքները քոնն են: Ասացի՝ ուզում ես Քրիստինե Պեպելյանը կամ մեկ ուրիշը թող երգի, այն արդեն գրված երգ է, և ես արդեն չեզոք մարդ եմ: Թեպետ, ինձնից հետագայում Նարեկը նեղացավ, բայց ես այստեղ իրապես կապ չունեմ՝ ով վճարել է, նա էլ որոշում է՝ երգն ով պետք է երգի: Ամեն դեպքում ինչքան էլ որ Նարեկն իմ ընկերն է, և ես շատ ցավում եմ, բայց իմ սրտի խորքում մի ուրախություն կար: Հետաքրքիր պատմություն ստացվեց՝  երգը գտավ ի սկզբանե երազած իր տիրոջը: Ու պատմությունը, թե երգը Քրիստինե Պեպելյանի համար չի գրվել, սուտ է: Դա ճիշտ է, և երգը գրվել է Քրիստինե Պեպելյանի համար: Իսկ թե միջանցիկ ի՞նչ պատմություն կամ կոնֆլիկտ է եղել, դա արդեն երկրորդական »,- ասաց նա:

Ժակլին Թադևոսյանը նշեց, որ Նարեկ Մակարյանի և Սոֆյա Գուլյանի կոնֆլիկտից հետո պրոդյուսերն իր ունեցած իրավունքների շրջանակներում վերցրել է պրոեկտն ու նվիրել Քրիստինե Պեպելյանին. «Այստեղ որևէ խնդիր չկա նյութ գրելու ու ասելու, թե ինչ-որ մեկը մեկից գողացել է երգը: Ոչ մեկ ոչ ոքից չի գողացել երգը և թող ոչ ոք իրեն զոհ չկարծի»,- ասաց Ժակլին Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչև Քրիստինե Պեպելյանի կողմից երգը կատարելը տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն արդեն սկսված են եղել:

 «Դա սկսված, բայց չավարտված պրոյեկտ է եղել: Սոֆյա Գուլյանը ոչ թե միայն երգն է գնել, այլ գումար է ծախսել ամբողջ պրոյեկտի վրա: Նա Նարեկ Մակարյանին ասել է, որ եթե ուզում երգը երգել, խնդիր չկա, թող վճարի պրոեկտի վրա ծախսված գումարը և պրոյեկտն իրեն կտա: Նա նաև ասել է, որ Նարեկ Մակարյանի համար որևէ գործ անելու ցանկություն չունի, քանի որ իրենց համատեղ գործունեությունն արդեն դադարեցվում է: Իմ կարծիքով՝ Նարեկ Մակարյանը պրոյեկտը չի վերցրել, որովհետև դրա ստեղծագործական թիմում եղել են Սոֆյա Գուլյանի բարեկամները, իսկ ռեժիսորը՝ նրա մանկության ընկերուհին: Շատ ընտանեկան, մտերմիկ մարդկանց հետ է ստեղծվել այդ նախագիծը: Ինձ թվում է՝ դրա համար էլ Նարեկը չի գնել այն, իսկ Սոֆյան պարտավոր չէր դա նվիրել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Սոֆյա Գուլյանի և Նարեկ Մակարյանի համագործակցությունը դադարեցվել է հենց «Հավատա» երգի հետ կապված նախագծի ժամանակ:

Իսկ ինչ վերաբերում է տարածված այն տեսանյութին, ուր Նարեկ Մակարյանը կատարում է երգը, հեղինակը նշեց. «Նարեկը աշխատում է «Առագաստ»-ում: Այն  ժամանակ դեռ պարզ չէր, որ իրենց մեջ հետագայում կարող էր խնդիր լինել: Մինչև երգի ճանաչվելը, Նարեկը, հավանաբար, ցանակցել է կատարել այն իր աշխատավայրում: Նորմալ ժեշտ է, կարող էր, իրեն ոչ ոք չէր կարող արգելել: Բայց այստեղ Քրիստինե Պեպլյանի կողմից հեղինակային իրավունքների խախտման հարց չի կարող լինել: Երգը Նարեկինը չէ, երգը իմն է, իսկ Սոֆյա Գուլյանը պրոկետն ամբողջությամբ նվիրել է Քրիստինե Պեպելյանին»:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ, որը փաստեց երգի հեղինակի խոսքերը:

«Այդ պրոյեկտը սկիզբ է առել հենց այն ժամանակ, երբ ես աշխատել եմ Նարեկի հետ: Մեր միջև նախագծում թյուրըմբռնում կար, որի արդյունքում մենք որոշեցինք այլևս չաշխատել իրար հետ: Իսկ ես չէի ցանկանում այդ պրոյեկտն ուղղակի ու հենց այնպես վերցնել ու տալ Նարեկ Մակարյանին: Ես կարգավորել էի թե՛ տեսահոլովակի, թե՛ երգի, և թե՛ ամբողջ պրոյեկտի հետ կապված բոլոր ֆինանսական հարցերը»,-ասաց պրոդյուսերը՝ նշելով, որ թեև, ուներ բոլոր իրավունքները պրոյեկտի հետ անելու այն, ինչ ուզում է, այնուամենայնիվ, նաև համաձյանություն է ստացել երգի հեղինակից:

«Ժակլին Թադևոսյանի հետ քննարկեցի հարցը: Այնպես չէ, որ միայն իմ ցանկությամբ եմ որոշում կայացրել: Սա աշխատանքային գործընթաց է, որտեղ ամեն ինչ պետք է հտակ քննարկվի: Երբ մենք Նարեկի հետ չհասկացանք իրար ու որոշեցինք չաշխատել, ես զանգահարեցի Ժակլինին ու հարցրի իր կարծիքը: Ասացի, որ այդ երգն իր ամբողջ պրոյեկտի հետ ուզում եմ նվիրել իմ ընկերուհուն՝ Քրիստինե Պեպելյանին: Ասացի, որ իր հետ եմ ցանկանում իրականացնել այդ նախագիծը: Ուրիշ համապատասխան մեկ այլ կատարողի չէի տեսնում, որն այդ երգը կկատարեր: Ժակլինն ասաց, որ դեմ չէ: Թեև, տեսահոլովակն այդ ժամանակ արդեն նկարված էր, բայց ես իմաստ չէի տեսնում վերցնել այն ու նվիրել Նարեկ Մակարյանին, երբ նա պատրաստ չէր վճարել այդ ծախսերը: Տեսահոլովակի ռեժիսորն իմ ընկերուհին է: Այն իր առաջին գործն էր և ուզում էր, որ շատ որակով լինի: Մենք այստեղ ինչ-որ կոմերցիոն բաների հետևից չենք գանցել: Նույնիսկ այն, որ Քրիստինե Պեպելյանը տեսահոլովակում չկա, ռեժիսորի խնդրանքն էր: Քրիստինեն չմերժեց ու ասաց, որ միշտ ցանկացել է նման գործ ունենալ: Այնպես չէ, որ Քրիստինե Պեպելյանը չի ցանակցել նկարահանվել, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա: Ես հասկանում եմ, որ Նարեկը հիմա ուզում է, որ իրեն հիշեն, իր մասին գրեն: Բայց շատ սխալ է, որ այս դեպքում նա Քրիստինե Պեպելյանի հաշվին ուզում է ինչ-որ անուն հանել ու սկանդալ ստեղծել: Ես հասկանում եմ, որ այդ հոդվածը պատվիրված է, ինչքան էլ հիմա իրենք ասեն, թե տեղյակ չեն»,- ասաց պրոդյուսերը՝ նշելով, որ նախագծի հետ կապված մանրամասները միայն շատ նեղ շրջանակների էր հայտնի:

«Ու այնպես չէ, որ թաքցնում ենք: Թաքցնելու ոչինչ չկա, մենք սահմաններից դուրս ոչինչ չենք արել: Այնպես չէ, որ Նարեկն այդտեղ որևէ լումա ուներ: Տեսահոլովակը, այո, պատրաստ էր Նարեկի մասնակցությամբ, բայց քանի որ մենք չհասկացանք իրար, փոխեցինք այն: Մենք արեցինք ամեն ինչ ու ստացանք այն արդյունքը, որը կա հիմա»,- եզրափակեց Սոֆյա Գուլյանը:  

Նյութը ` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին