▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հայտնում եմ իմ դիրքորոշումը, քանի որ իմ ապագան տեսնում եմ իմ երկրում. Հասմիկ Պապյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ankakh.com-ը գրում է. Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց «Տոսկա» օպերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի կատարմամբ: Ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով նա պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Կայքի հետ զրույցում Հասմիկ Պապյանն անդրադառնում է ոչ միայն իր ստեղծագործական գործունեությանը, այլև ընտանիքին, Հայաստանին ու հայաստանյան խնդիրներին և, իհարկե, խոսում ապագայի մասին, որն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ:

- Ապրելով Վիեննայում՝ Ձեզ դրսևորում եք իբրև Հայաստանի ակտիվ քաղաքացի և արձագանքում հայաստանյան իրադարձություններին ու երևույթներին՝ սկսած բնապահպանությունից և վերջացրած մայրենի լեզվի խնդիրներով: Դուք Ձեզ ավելի շատ Ավստրիայի՞ քաղաքացի եք համարում, թե՞ Հայաստանի:

- Իհարկե Հայաստանի: Նախևառաջ ես իմ բոլոր հաջողություններով պարտական եմ իմ երկրին, իմ հող ու ջրին, իմ արմատներին ու իմ ծնողներին: Այո, շնորհակալ եմ Եվրոպային, որ ինձ տվել է այդ հնարավորությունները, բայց ես միշտ ասում եմ, որ 27 տարի առաջ, երբ պայմանագրով այստեղից գնացի, այդ ժամանակվանից ես գտնվում եմ երկարատև գործուղման մեջ և պիտի վերադառնամ ու վերադարձնեմ այն, ինչ ձեռք եմ բերել. այդ բոլոր հնարավորությունները պիտի ծառայեցնեմ իմ հայրենիքին: Ամենամեծ հարստությունը, որ մարդ ունի, հայրենիքն է: Անհայրենիք մարդը չի կարող որևէ բանի հասնել: Պավարոտտին ապրում էր Նյու Յորքում, բայց մնում էր իտալացի թե՛ լեզվով, թե՛ խոհանոցով, թե՛ մտածելակերպով: Դոմինգոն Իսպանիայում չէր ապրում, բայց մնում էր իսպանացի, և շատ ու շատ երգիչներ, արվեստագետներ, որոնք դրսում են ապրում ու ստեղծագործում, եթե իրական կրողն են իրենց մշակույթի և ազգային պատկանելության, երբեք չեն հեռանում իրենց արմատներից: Իմ օրը սկսվում է Հայաստանով: Առավոտյան, երբ արթնանում եմ, հայկական լրահոսն եմ աչքի անցկացնում, նայում եմ, թե Հայաստանում ինչ եղանակ է, մի խոսքով, ես Հայաստանով եմ ապրում: Ինչ վերաբերում է հայաստանյան իրադարձություններին արձագանքելուն, ապա դա նվազագույնն է, որ կարող եմ անել: Այո, ես հայտնում եմ իմ դիրքորոշումը, քանի որ իմ ապագան ես տեսնում եմ իմ երկրում: Արդեն 30 տարի է՝ երգում եմ, չեմ պատրաստվում բեմում մեռնել և կարծում եմ՝ շուտով կվերադառնամ: Ինձ Վիեննայում պահողը հիմա իմ աղջիկն է, որ էնտեղ սովորում է և դեռ 3 տարի ունի սովորելու, բայց իմ մի ոտքը վաղուց այստեղ է:

 - Ձեր ամուսինը գերմանացի է, բայց հայերեն գիտի, կապված է հայկական մշակույթին, Ձեր դուստրն իրեն նաև հայ է համարում: Դա Ձեր շնորհիվ է իհարկե:

 - Այո, ընտանիքի մայրը շատ կարևոր է, չնայած այդ մայրը միշտ բացակայել է ընտանիքից, տարվա մեջ 11 ամիս ես համարյա տանը չեմ եղել, բայց էներգետիկ կապը շատ ուժեղ է եղել: Աղջիկս մինչև 6 տարեկանն ինձ հետ ճամփորդել է, ինձ հետ է եղել նաև մայրս, որ ծնված օրից նրան պահել է, և դա իհարկե չէր կարող իր հետքը չթողնել: Աղջիկս, երբ Վիեննայի դպրոցում իր հարցաթերթիկը լրացնում էր, մայրենի լեզուն գրել էր՝ հայերեն: Մենք ընդհանրապես տանը հայերեն ենք խոսում, և դա ամենամեծ պարգևն է ինձ համար, որովհետև եթե լեզուն պահում ես, դա մեծ առավելություն է: Շատերը դրսում մտածում են, թե ում է պետք հայերենը, ավելի լավ է դրա փոխարեն երեխան որևէ օտար լեզու սովորի: Ես խղճում եմ այդպես մտածող մարդկանց: Մեր այօրվա բոլոր դժբախտությունների պատճառը ընդհանուր առմամբ ավանդույթների կորուստն է:

 - Ի՞նչ հաճախականությամբ եք Հայաստան գալիս:

 - Ես տարվա մեջ 3 անգամ անպայման գալիս եմ, աղջիկս՝ առնվազն 2 անգամ: էնտեղից էլ կապը միշտ պահում է: Աղջիկս մի ամսագրի հարցազրույց էր տվել, որում ինձ համար էլ շատ բացահայտումներ կային. երբ կարդացի՝ հաճելիորեն զարմացա: Իրեն հարցրել էին, թե ինչ է իր համար Հայաստանը, պատասխանել էր՝ տատիկս:

- Ի՞նչ է Ձեր դստեր անունը:

- Սիրանուշ: - Դե իհարկե, ուրիշ անուն ուղղակի չէր էլ կարելի սպասել:

- Ի՞նչ մաղթանք ունեք ժողովրդին կամ հորդոր, խորհուրդ: Դուք մեծ ժողովրդականություն ու սեր եք վայելում, ուստի Ձեր խոսքը մեծ կշիռ ունի:

- Ես փորձել էի մեջբերել Գրիգոր Գուրզադյանի խոսքը, թե հայի համար Հայաստանից դուրս չկա երջանկություն, չկա կյանք: Ես դա հաստատում եմ, որովհետև այսքան տարի շատ շատերին եմ հանդիպել դրսում, խոսել, ուղղակի հետևել և այսօր վստահ կարող եմ ասել, որ լիարժեք երջանիկ հայ դրսում չեմ տեսել: Միևնույն է, նրանք ապրում են Հայաստանի կյանքով, շնչում են Հայաստանով, ինչ-որ չափով հույս ունեն, որ մի օր կվերադառնան: Կան մարդիկ էլ, որ պատ են կառուցել, չեն ուզում լսել, չեն ուզում իմանալ, որպեսզի արդարացվի իրենց էնտեղ լինելը, դա էլ մի ուրիշ դժբախտություն է: Բայց և չեմ կարող ասել, թե մնացեք Հայաստանում, մի գնացեք, որովհետև կան մարդիկ, որ իսկապես պատճառներ ունեն գնալու:

 - Բայց մեր երկրի, մեր ժողովրդագրական պայմանների դեպքում չե՞ք կարծում, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է այդ քայլին դիմել:

- Այո, ծայրահեղ դեպքում պետք է անել, բայց չեմ էլ կարող մեղադրել մարդուն, որը դեղի գումար չունի և գնում է, կամ ինքներդ լավ գիտեք այս անարդարությունները, դատական համակարգը, որն ուղղակի աղետալի վիճակում է: Մարդուն չի կարելի վիրավորել: Ամենակարևորը՝ մարդը պետք է իրեն ապահով ու պաշտպանված զգա: Շատ խնդիրներ կան: Տեսեք, թե ինչ է կատարվում մեր բնության հետ: Ո՞նց կարելի է օրը ցերեկով ծառերը կտրել, հետո վեր կենալ ինչ-որ բացատրություններ տալ, իսկ հետո մոռանալ: Ամենացավալին մեզ մոտ այն է, որ շատ արագ ենք մոռանում: Բայց մենք նաև այնքան լավ ժողովուրդ ունենք, որը ներում է, մի փոքրիկ լավ բանից ՝ ոգևորվում: Մի՞թե մեր իշխանավորները չեն հասկանում, թե ինչքան հեշտությամբ կարելի է հասնել համազգային սիրո ու վստահության:

- Չե՞ք հավատում նոր կառավարությանը, որն ինչ-ինչ բարեփոխումներ է փորձում իրականացնել:

 - Ուզում եմ հավատալ, շատ եմ ուզում հավատալ, բայց դեռ չեմ տեսնում կոնկրետ քայլերը: Իսկ սպասել անհնարին է: Չեմ կարող հասկանալ, թե երբ պիտի այս ժողովուրդը սկսի ապրել: Ինչքա՞ն կարելի է դիմանալ, հանդուրժել, յոլա գնալ, կուլ տալ: Ծով համբերություն ունի մեր ժողովուրդը: Լավ, կարելի է, չէ՞, թույլ տալ, որ քո կողքինն էլ ապրի: Չափի սահմանը չկա ոչ մի տեղ: Ուստի մեր ժողովրդին ուղղակի մի բան կարող եմ ասել՝ շնորհակալություն, շնորհակալություն, որ դեռ համբերում եք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին