▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական էի տրամադրված. Սյուզաննա Մելքոնյանը` «Морской узел»-ում հաղթելու, հատուկ մրցանակի և մրցակիցների վերաբերմունքի մասին

Դիտեք նաև՝

Արդեն տեղեկացրել ենք, որ Նովորոսիսկում կայացած «Морской узел 2017» ամենամյա երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմել է մրցույթի, դրանից ստացած տպավորությունների, հաղթանակի մասին և ոչ միայն:

«Անկեղծ ասած` մի քանի ամիս է, ինչ զուգահեռ պատրաստվում էի այս մրցույթին: Կարծում եմ` այն ինձ համար մեծ փորձ և այսպես ասած` մարզանք դարձավ «Նոր Ալիք»-ից առաջ: Սա իմ առաջին միջազգային մրցույթն էր և միջազգային բեմելը: Հասկացա, որ այդ մի քանի րոպեները շատ պատասխանատու են դառնում ավելի, քան դու կարող ես պատկերացնել, երբ բեմից հայտարարում են Սյուզաննա Մելքոնյան` Հայաստան: Բնականաբար, ինչպես բոլորը, այնպես էլ ես, շատ մարտական էի տրամադրված և ցանկություն ունեի հաղթելու: Կային բավականին հետաքրքիր մասնակիցներ, բայց իմ նախընտրելի մասնակիցն Իսրայելի ներկայացուցիչն էր: Ժյուրիի կազմը գլխավորում էր Միխայիլ Շաբրովը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև Ալեքսյել Գոմանը, Ռուսաստանի որոշ ներկայացուցիչներ, մեր պատվիրակությունից երգչուհի Արմինե Գրիգորյանը, ում շատ շնորհակալ եմ: Հրաշալի հանդիսաստես էր, բայց միևնույն ժամանակ` բավականին խիստ: Փառք Աստծո, ես կարողացա արժանանալ ջերմ ծափահարությունների»,- նշեց երգչուհին:

Մրցույթի եզարափակիչ փուլը կայացել է հուլիսի 1-ին: Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը ներկայացրել է Էդգար Գյանջումյանի և Վահան Անդրեասյանի հեղինակած «Սիրո երկու թևեր» երգով:

«Մրցույթի  ձևաչափն այնպիսին է, որ յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի իր մայրենի լեզվով երգ: Այն պետք է լինի ծովի թեմայով, քանի որ այս մրցույթը նրանց տոնի մի մասնիկն է կազմում` ծովահենների և աշխատավորների օրն է: Բացի դրանից, երգը ծովի շուրջը պտտվող գեղեցիկ սիրո պատմություն է և թույլ էր տալիս ճիշտ և մրցութային ձևաչափով ցույց տալ իմ ձայնային տվյալները: Ստացել եմ նաև հատուկ մրցանակ: «Լավագույն երգ ծովի մասին» անվանակարգում հաղթող է ճանաչվել հենց իմ երգը:»,- պատմեց Սյուզաննան:

Վերջինիս խոսքով` մրցույթի շրջանակներում մասնակիցների միջև լարվածություն չի նկատել.

«Մինչ մրցույթը, բնականաբար, փոձեր էին տեղի ունենում, և փորձերի ընթացքում յուրաքանչյուրս ծանոթանում էինք մեկս մյուսի հետ որպես գործընկերներ: Իմ ելույթից հետո շատերն ինձ մոտենում և հաճելի ու ջերմ խոսքեր էին ասում, նշում էին, որ իրենց համար ես հաղթող եմ: Իսկ ընդհանուր առմամբ` խաղաղ մթնոլորտ էր, որովհետև թե՛ մրցույթի կազմակերպիչները, թե՛ առհասարակ իրենց քաղաքը շատ դրական մթնոլորտ ունեին»:

Անդրադառնալով մրցույթների` արտիստների կյանքում ունեցած կարևորությանը և իր հաղթանակին, Սյուզաննան նշեց.

«Մրցույթներն առաջին հերթին ինձ մեծ փորձ են տալիս, քաղած յուրաքանչյուր գիտելիք ես փորձում եմ հաջորդող մեծ բեմում ներդնել: Այս հաղթանակը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ այն ինձ համար դրական նշան էր՝ հետագայում էլ ավելի լավ դրսևորվելու համար»:

Այս տարի «Նոր Ալիք»-ում Հայաստանը ներկայացնել պատրաստվող Սյուզաննան այս հաղթանակից հետո ավելի ոգևորված է պատրաստվելու մրցույթին:

«Այս հաղթանակն ինձ ավելի է պարտավորեցնում  լավագույնս ներկայանալ  «Նոր Ալիք»-ում: Հիմա ավելի պարտավորված եմ զգում, քանի որ մեծացել է մարդկանց սերն ու վստահությունը, որն իր հերթին բերում է շատ մեծ պատասխանատվություն».-Asekose.am-ի հետ զրույցի վերջում նշեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան


Կարդացեք նաև` Սյուզաննա Մելքոնյանն առաջին անգամ՝ «Դեպի Եվրատեսիլում» պարտվելու իրական պատճառի մասին

Գուցե մյուսի շրջապատն ավելի ի զորու էր դա անել... Ինչու ժյուրիից ամենաբարձր միավոր ստացած մասնակիցը դուրս մնաց նախագծից

Չեմ կարծում` վերջնական արդյունքից սթրեսի մեջ կընկնեմ. Սյուզաննա Մելքոնյանը` «Նոր Ալիք»-ի, մրցույթում իր միակ մրցակցի և հաղթանակի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին