Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ հորական կողմից հայկական արմատներ ունեցող ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ի իր էջում մի հոլովակ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է Թուրքիայի ակումբներից մեկում պարում Կոմիտասի «Դլե յաման» երգի remix տարբերակի ներքո: Բորոդինայի այս քայլը վրդովվեցրել է համացանցի հայ օգտատերերին, ովքեր դա նմանեցրել էին գերեզմանի մոտ պարելուն:
Հաղորդավարուհին յուրօրինակ ձևով է պատասխանել զայրացած հայերի մեկնաբանություններին, որոնցով ողողված էր տեսանյութը: Նա պարզապես ջնջել է դրանք` փակելով նաև մեկնաբանություն գրելու հնարավորությունը:
Հետաքրքիր է` արդյո՞ք այդ մեկնաբանությունների մեջ հաղորդավարուհին չի կարդացել բազմաթիվ երկրպագուների խնդրանքը` պարզապես հեռացնել տեսանյութը, քանի որ այդ երգի տակ հայերը ողբում են:
Բորոդինայի այս քայլը, բնականաբար, այսքան մեծ քննարկումների և քննադատությունների կիզակետում չէր հայտնվի, եթե հաղորդավարուհին չունենար հայկական արմատներ:
«Երբ քո ընկերները նույնքան գիժ են, որքան դու». այսպես է տեսանյութը մակագրել հաղորդավարուհին:
Ստացվում է, որ եթե նախկինում կարող էինք մեզ հուսադրել, որ հայկական արմատներ ունեցող հեռուսաաստղը պարզապես տեղյակ չէր, թե ինչի մասին է տվյալ երգը, ապա հիմա արդեն կարող ենք փաստել, որ նույնիսկ գիտակցելով, որ վիրավորում է մարդկանց ազգային արժանապատվությունը, նա նախընտրում է իր «գիժ» ընկերների հետ միասին մեկ զվարճալի տեսանյութ ավել ունենալ:
Ցավալին այն է, որ վստահ եմ, որ մի կլորիկ գումարի դիմաց Քսենիան պատրաստակամ կլինի վարել որևէ հայկական միջոցառում և մի բան էլ գլուխ կգովա իր հայկական արմատների մասին: Թերևս, այս պատմությունն էլ նրա համար է, որ հիշենք, որ ամեն մի հայկական արմատ ունեցող հայտնի դեմքին գերագնահատել պետք չէ, առավել ևս երբ նրանք չեն գնահատում մի ամբողջ ազգի ազգային արժանապատվությունը: