▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում. ինչպես մեկ հանդիպումը փոխեց Մարգար Եղիազարյանի կյանքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է ժողովրդական և հայրենասիրական երգերի կատարող, Մարգար Եղիազարյանի հետ՝ ստեղծագործական նորությունների, սպասվող տեսահոլովակի,  կոմերցիոն երգերի մասին և ոչ միայն:

Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում

Երգել եմ 14-15 տարեկանից սկսած: Մեր ընտանիքում շատերն են երգել՝ տատիկս, մայրս, սակայն ես առաջինն եմ, ով որոշեց, որ պետք է այդ ամենը պրոֆեսիոնալ ձևով շարունակի: Փոքր տարիքում երգել եմ Էջմիածնի ժողովրդական գործիքների համույթում, ինչպես նաև «Նավասարդ» երգչախմբում: Հետո հասկացա, որ այս ամենով պետք է ավելի լուրջ զբաղվեմ: 2003 թ.-ին ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ Կոնսերվատորիա՝ իր ծանոթ դասախոսներից մեկի մոտ, սակայն այնտեղ սովորելու միտքն ինձ համար անհասանելի էր: Գնացինք Մարինե Աբրահամյանի մոտ, երգեցի նրա համար Շերամի «Շորորա» երգը,  երգելուս ընթացքում աչքերը փակել էր, ապա երբ վերջացրի, ասաց` արդյո՞ք չեմ ցանկանա սովորել հենց Կոնսերվատորիայում: Երբ նրան հարցրի`արդյո՞ք կարող եմ, նա պատասխանեց, որ ես արդեն 3-րդ կամ 4-րդ կուրսի երգիչների մակարդակի երգիչ եմ: Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Ասացին, որ մեր օպերան մեծ կորուստ է ունեցել իմ չերգելու պատճառով

Ընդունվել էի դասական վոկալ բաժին, առաջին կուրսից սկսած աշխատել եմ: Կարծում եմ, որ դասական կրթությունը շատ կարևոր է, որովհետև դասական հիմք ունենալու դեպքում կարող ես երգել ցանկացած բան: Դասականն արվեստն էլ է ինձ շատ հոգեհարազատ. օպերային երգիչների շարքերում շատ ընկերներ ունեմ, ովքեր ինձ հաճախ ասում են, որ թե մեր, թե ընդհանուր համաշխարհային օպերան մեծ տենոր է կորցրել՝ հանձին ինձ: Որոշակի ափսոսանք կա, սակայն ամեն աշխատանք կատարելիս պետք է մեծ սիրով և նվիրումով անես, հիվանդ լինես այդ աշխատանքով, իսկ ես այդպիսին եմ, ես հիվանդագին եմ մոտենում այն ամենին, ինչով ներկայումս զբաղվում եմ:

Ստեղծագործական ներկայիս գործունեության մասին

Արդեն գրեթե 12 տարի է, ինչ երգում եմ Հայաստանի գուսանական-ժողովրդական երգի պետական անսամբլում: Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցում եմ նաև ես: Այդ ծրագրի շրջանակներում տարբեր մարզերում պարբերաբար ելույթներ ենք ունենում: Մոտ մեկ տարի է, ինչ երգում եմ նաև Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբում: Նույն ծրագրով շրջագայում են նաև իրենց հետ: «Գոհար» երաժշտախմբի մեներգիչն եմ, սակայն այս շրջանում, կարծես, թե որևէ համերգային ծրագրեր դեռ չունենք: «Գոհար»-ն ինձ համար շատ հարազատ երաժշտախումբ է, 7 տարի երգել եմ այս խմբում և միասին շրջագայել ենք շատ երկրներով՝ Արգենտինա, Բրազիլիա,  Ուրուգվայ, Լիբանան և այլն: Այն ինձ և մեծ փորձ է տվել, և ճանաչում, առհասարակ,  «Գոհար»-ը մեծ դեր ունի նաև Հայաստանի համար: Առաջիկայում՝ սեպտեմբերի 21-ի, Վանաձորում եմ ելույթ ունենալու, իսկ  սեպտեմբերի 22-ին Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Գնահատող հանդիսատեսի և հասանելության մասին

Արտերկրում բնակվող մարդիկ իսկապես կարոտ են հայկական երգերի: Չեմ ուզում փնովել որևէ մեկին, բայց մենք չենք գնահատում մեր ունեցածն այստեղ, կարծես, ամեն ինչ մեզ համար սովորական է դարձել: Մեր երգիչ-երգչուհիները, կարծես, տեղաբնակների համար շատ հասանելի թվան, շատերը մտածում են՝ կարող են ցանկացած պահի գնալ և ներկա գտնվել նրանց համերգին, իսկ  արտերկրում պատկերն այլ է:  Երկրներ կան, որ  հայ երգիչները բավական հազվադեպ են ելույթ ունենում, դրանով էլ պայմանավորված է նրանց կարոտը, որը տեսանելի է անգամ հանդիսատեսի աչքերում: Այդ տեսակ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում, նրանք կարող են մեզ հետ հավասար երգել ողջ համերգի ընթացքում:

Սպասելիքներս ավելին էին, սակայն…

Ճանաչումը շատ կարևոր է արտիստի համար, ես չեմ ուզում լինել այն երգիչներից, ովքեր ասում են, որ դա իրենց համար էական չէ: Շատ կարևոր է, որ քեզ ճանաչեն ինչպես այստեղ, այնպես էլ՝ դրսում: Այդ առումով աշխատանքներ են տարվում, թեպետ ծավալածս գործունեության շնորհիվ արդեն ունեմ ճանաչում, բայց ձգտում եմ ավելին ունենալ: Այս պահին էլ աշխատում են նոր՝ «Հայ հերոսներին» երգի վրա: Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունեմ,  սակայն շատ մանրամասներ դեռ չեմ ուզում բացահայտել: Սա առաջին տեսահոլովակս չէ, նախկինում ունեցել եմ «Էրիվան» անվանումով տեսահոլովակ: Տվյալ երգն ինձ համար հեղինակել էր Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Արթուր Գիլոյանը, ով նաև նկարահանել էր այն: Եթե անկեղծ լինեմ, սպասելիքներս մի փոքր տվյալ երգի և տեսահոլովակի հետ ավելին էին…

Կոմերցիոն տեսանկյունից չեմ նայում

Կարծում եմ, որ նոր տեսահոլովակի համար ճիշտ երգ ենք ընտրել: Պետք է խոստովանեմ, որ երբեմ չեմ նայում, թե որքանով է տվյալ երգը շահեկան կոմերցիոն տեսանկյունից: Տվյալ պարագայում սա կոմերցիոն երգ չէ, պարզապես ապրիլյան քառօրյայից հետո որոշեցի, որ պետք է հայրենասիրական երգ կատարեմ, որը նվիրված կլինի մեր բոլոր հերոսներին՝  ոչ միայն այս քառօրյայի:  Բայց  սա չեմ անում այն բանի համար, որ ինձ հրավիրեն օրինակ՝ հարսանեկան արարողություններին երգելու:  Կարծում եմ, որ տեսահոլովակը պատրաստ կլինի տարեվերջին, կամ տարվա սկզբին՝ չեմ ուզում շտապել, ուզում եմ որակով աշխատանք ներկայացնել

Հարսանիքներին երգելու  և կարծրատիպերի մասին

Պետք է խոստովանեմ, որ ունենում են նաև հարսանեկան խնջույքներին երգելու հրավերներ: Որևէ խնդիր դրանում չեմ տեսնում, հատկապես, երբ մատուցում եմ երևանյան ֆոլկլյորային երգեր, ինչպես նաև պետք է փաստել, որ նմանատիպ միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունենում նույնիսկ համաշխարհային աստղերը, դա ընդունված ձևաչափ է: Ես չունեմ կարիք երգելու երգեր, որոնց շնորհիվ ինձ հարսանիքներում ելույթ ունենալու հրավերներ կանեն, պարզապես նման հրավերներ ես ունենում եմ: Հարսանիքներին էլ իսկապես ճաշակով երաժշտություն եմ մատուցում: Ինչպես նաև այնպես էլ չէ, որ դրանք ապահովվում են իմ հիմնական զբաղվածությունը, պարզապես նմանատիպ կարծրատիպային մոտեցում այդ ամենի հանդեպ չունեմ:

Շատ են սկսել երգել հարսի շորերի մասին

Չեմ կարող ասել, որ մեր երգարվեստում ամեն ինչ վատ է: Այսօր շատ որակով և ճաշակով աշխատքներ էլ են արվում, ի վերջո, կարող են այդ վատին ուշադրություն չդարձնել:  Միաժամանակ, չեմ կարող ասել, որ ինձ ամեն ինչ բավականեցնում է մեր երգարվեստում: Շատ են սկսել հարսի շորերի մասին երգել, կարծում եմ, որ այլ թեմաների մասին  էլ կարող երգել: Կարող են կրկին սիրուն և հայրենիքին անդրադառնալ, բայց  պետք չէ այդ ամենի մեջ միայն կոմերցիա տեսնել:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին