▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրա մասին դեռ չեմ խոսել. Մարինա Թագակչյանը` «Կռվախնձոր»-ի` եթեր վերադառնալու խնդիրների և իր տևական դադարի մասին

Երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը տևական դադարից հետո վերջնականապես վերադառնում է երաժշտական ասպարեզ: «Մամա». այսպես է կոչվում նրա և ամերիկաբնակ երգիչ Հրանտոյի նոր երգը: Asekose.am-ը զրուցել է Մարինայի հետ դադարի, նոր համագործակցության, եթեր վերադառնալու, ընտանիքի մասին և ոչ միայն:

«Սա Հրանտոյի հետ առաջին համագործակցությունը չէ: Նրա կատարմամբ ևս մեկ երգ հնչեց, որը կոչվում էր «Վերջին զանգ»: Այն թեմատիկ էր, և մայիսի 26-ին պրեմիերա արեցինք: Դա, կարծես, շարունակական բնույթ կրեց, խթան դարձավ, որ ես սկսեմ նորից ստեղծագործել: Իհարկե, ընթացքում ստեղծագործում էի, բայց դա ինտենսիվ բնույթ չէր կրում, հիմա արդեն ավելի ակտիվ եմ, ուզում եմ շարունակել ստեղծագործական աշխատանքս երաժշտական աշխարհում», պատմեց Մարինան:

Մարինայի և Հրանտոյի համագործակցությունը պատահական է ստացվել:

«Նա ինձ գտավ ֆեյսբուքով, ասաց, որ միշտ երազել է կատարել իմ ստեղծագործություններից: Անկեղծ ասած` սկզբում լուրջ չվերաբերվեցի նրան, քանի որ ինձ շատ են գրում, թե օրինակ` մի երգն ինչ արժե, այսինքն` նման նամակները լուրջ բնույթ չեն կրում: Ինձ թվաց, որ պարզապես սովորական երիտասարդ է, ով ցանկանում է խոսակցոթւյան թեմա բացել: Բացի դրանից, կար նաև տարածության խնդիրը, քանի որ նա գրել էր, որ ապրում է ԱՄՆ-ում: Նշեմ, որ նա  շատ նպատակասլաց ու համառ երիտասարդ է , թեև չունի երաժշտական կրթություն, բայց շատ աշխատասեր է, ով, ի վերջո, հասավ իր նպատակին: Ընթացքում նա պատմեց իր մասին, հասկացա, որ նորմալ ընտանիքի երեխա է, և համաձայնեցի աշխատել նրա հետ: Կարծում եմ, որ  այս ամենն ի վերուստ էր նախանշված, քանի որ ոչ մի կերպ չէր ստացվում ստեղծագործել, շատ էին ասում ինձ` չես գրում, դադարեցրել ես, ափսոս է և այլն, բայց ընտանեկան հաճելի հոգսերի մեջ չես կարողանում շարունակել այն ուղին, որը բռնել ես դեռ 10 տարի առաջ: Շատ ուրախ եմ, որ այսպես ստացվեց, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լինի»,- մանրամասնեց երգահանը:

Արդեն 2 երեխաների մայր Մարինան նշում է, որ հիմա ավելի լավ է հասկանում մայր բառի իմաստը, հետևաբար` երգը սիրով է գրել.

«Շատերն են հարցնում, թե ինչու երգերս ավելի հայտնի մեկին չեմ տալիս, բայց հայտնիներն իրենց ժամանակին երգել են, հիմա իմ խնդիրն ավելի նոր կատարողի ասպարեզ բերելն է, նրան դրսևորվելու հնարավորություն տալն է: Երբ ես իմացա, որ նա ապրում է ԱՄՆ-ում, ասացի, որ մեր համագործակցությունը չի ստացվի, քանի որ ամերիկահայերի ճաշակն ավելի շատ ռաբիսին է հակված, իսկ ես նման երգ չեմ գրի: Սակայն ի ուրախություն ինձ` նա նման երգ չէր ուզում, և ես որոշեցի օգնել նրան: Երգի թեման առաջարկեց հենց ինքը: Հրանտոն որոշել էր անակնկալ մատուցել մայրիկին` վերջինիս ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ուզում էր նաև այնպիսի երգ, որն իրեն էլ շահավետ կլիներ հետագայում: Շատ ուրախացա այդ փաստի համար, քանի որ ստեղծագործական 17 տարիների ընթացքում մոր մասին երգ չեմ գրել, ուզում էի նաև ես այդ թեմայով երգ ունենալ: Միգուցե, ինձ համար արդեն ավելի հասկանալի է դարձել մայր բառի իմաստը, երբ ինքս 2 երեխաների մայր եմ»:

Զրույցի ընթացքում Մարինան անդրադարձավ նաև ժամանակակից երգահաններին և հայկական երգարվեստի ներկայիս վիճակին.

«Ես լիովին վերադարձա այս երգերով` հետ բերելու այս ասպարեզում ունեցած իմ տեղը, այլ կերպ ասած` հետ գրավել այն (ժպտում է): Ժամանակին ասպարեզը իմ ու իմ սերնդի երգահանների` Գյանջումյանի, Գյուլումյանի, Արամ Ավագյանի ձեռքում էր, մենք էինք թելադրում երաժշտական ճաշակ, ուղղություն, բայց հետո մի պահ եղավ, որ այդ ամենը կորավ: Իհարկե, ես «Կռվախնձոր»-ի շնորհիվ փորձել եմ մարդկանց ասել, որ դաշտը պետք է մաքրել, որ պետք է ոչ թե խոսքով անել, այլ` գործով: Հիմա երգահան կա՞: Ինձ համար մի քանիսին կարող եմ առանձնացնել `Մանե Հակոբյանին, ով թեև երբեմն կոմերցիային զարկ է տալիս, բայց նրա կոմերցիան ընդունելի է, Պետրոսյան Վահրամն է, ով մի փոքր կենտրոնացել է Լիլիթի կերպարի վրա, Ռիչարդ Մադլենյանի գործերից ոչ բոլորին եմ հավանություն տալիս, Ալեքսանյան Անուշն է գրում, բայց շատ քիչ: Հիմա երգարվեստը շատ պասիվ է»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ շուտով Մարինային կտեսնենք արդեն էկրաններին:

«Բազմաթիվ առջարկներ եմ ստացել` ընդհուպ մինչև խոհանոցային հաղորդում վարելու, բայց միանշանակ հրաժարվեցի, քանի որ ես այնքան փայլուն խոհարար չեմ, որ հանրության առջև ինչ-որ բան պատրաստեմ: Չնայած հիմա շատերն են նման հաղորդումներ վարում` անկախ նրանից ստացվում է նրանց մոտ, թե ` ոչ, նրանք պարզապես էկրանին երևալու խնդիր ունեն: Ինձ պետք է այնպիսի հաղորդում, որի շրջանակներում ինչ-որ թեմա կբացահայտեմ, կզարգացնեմ, քանի որ իմ բնույթով հեղափոխական ու պայքարող մարդ եմ: Մեծ ցավ եմ ապրում, երբ ասում են` երգահան ես, բա ինչու երգ չես գրում: Հիմա պետք է այնպես մտնեմ ասպարեզ, որ հին չթվամ, որ գտնեմ ոսկի միջինը:Հիմա աշխատանքեր են տարվում, որ եթեր վերադառնամ: Ավելի շուտ պետք է լիներ, բայց հեռուստաընկերության հետ ստեղծագործական խնդիրներ առաջացան: Բացի դրանից, ինձ մոտ մի հստակ սկզբունք կար. «Կռվախնձորը» պետք է վարեի միմիայն Տիգրան Հարությունյանի հետ, ով արդեն ուրիշ հեռուստաընկերությունում է աշխատում:  Իրականում այդ հաղորդումը հենց մեր երկուսի հետ էր ասոցացվում: Նույնիսկ մենակ վարելու առաջարկ ստացա, սակայն հրաժարվեցի: Հավելեմ, որ սրա մասին դեռ չեմ խոսել»,- նշեց երգահանը:

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքն ու 2 երեխաների խնամքը, Մարինան նշեց.

«Եթե բալիկներս տանն են, չեմ կարողանում զբաղվել իմ գործերով, մեծ աղջիկս նույնիսկ ասում է, որ չի ուզում գնամ հեռուստացույցի մեջ(ժպտում է): Երկուսն էլ ինձ նման են, սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Իհարկե, շատ դժվար է, բայց պետք է հասցնեմ: 3-րդ երեխայի մասին դեռ չենք մտածում, քանի որ դեռ այդքան ժամանակ չունենք»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին