▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չեն կարող կալանավորել. Գոհար Հարությունյանը տալիս է դատական գործի համար մեղավոր պաշտոնյայի անունը

​​​​​​​

Այսօր մամուլում հայտնվել է մի հրապարակում, ըստ որի՝ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամը, վրդովված այդ հանգամանքից, որ սեպտեմբերի 24-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը՝ չնայած  դատական գործընթացին և դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձևով օգտագործելն արգելելուն, հաղորդում է ներկայացրել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը չկատարելու համար։

Այս առիթով, Asekose.am-ը կապ հաստատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի հետ, ով պարզաբանեց.

«Սա իմ անձնական դատական պրոցեսը չէ, սա հիմնադրամինն է, որի տնօրենին է ուղղված դատական գործը: Արդեն հոգնել եմ այս ամեն ինչից, ինքս մեծ աշխատանք եմ կատարել՝ փորձելով վերականգնել մրցույթը»,- ասաց Գոհար Հարությունյանը՝ հավելելով.

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է ես պատասխան տամ այս ամեն ինչի համար, ինչո՞ւ պետք է ես պատասխանեմ լրատվամիջոցների բոլոր հարցադրումներին, չէ՞ որ կա հիմնադրամի տնօրենը՝ Կարեն Արիստակեսյանը, ով ամեն ինչի տակ ստորագրում է, ես ընդամենը մրցույթի նախագահն եմ»:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ այս պահին Կարեն Արիստակեսյանը խուսափում է որևէ պատասխանատվությունից.

«Նա պաշտոնյա է, «Սարդարապատ» թանգարանի տնօրենն է, Մշակույթի նախկին փոխնախարարն է, նրա անունը բացարձակ ոչ մի տեղ չի շոշափվում, փոխարենն անընդհատ իմ անունն է շոշափվում: Ոչ մի տեղ չի գրվում, որ Կարեն Արիստակեսյանն առհասարակ իրավունք չունի հասարակական գործունեություն ծավալելու»,- նկատեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Վերջինս անդրադարձավ նաև մամուլում շոշափվող այն տեղեկությանը, որ ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով.

«Նշվում է, որ որպես փոխհատուցում՝ պետք է վճարեմ իմ աշխատավարձի հազարապատիկը, բայց չէ ՞որ ես իմ սեփական միջոցներն եմ ներդրել այս մրցույթը նորից վերականգնելու համար: Եթե ինչ-որ մի տեղ գրված է, որ տվյալ մրցույթի շրջանակներում ես աշխատավարձ եմ ունեցել, թող գան ու վերցնեն դրա հազարապատիկը: Ի տարբերություն Կարեն Արիստակեսյանի՝ ես ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել այս ամենի մեջ, հակառակը, իմ ընտանեկան գումարներից եմ օգտագործել մրցույթի կազմակերպման և իրագործման հարցում»,- շեշտեց Գոհար Հարությունյանը՝ ավելացնելով.

«Ինձ շատ հետաքրքիր է, թե «Միսս Արմենիա»-ի համար ինչ է արել Կարեն Արիստակեսյանը, ով ամեն վայրկյան ոստիկանություն է գնում: Նա ոչինչ չի արել, ես եմ ամեն ինչ կազմակերպել, ինչի արդյունքում հասկացա, որ մեր հասարակությունը շատ հետաքրքրված է այս մրցույթով, պարզապես նրանց մեջ փոքր- ինչ ագրեսիա է կուտակված մրցույթի հանդեպ: Բայց եթե շարունակական լինի «Միսս Արմենիա»-ն, ամեն տարի կազմակերպվի, ապա դա էլ կանցնի ժամանակի ընթացքում»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի ղեկավարը:

Իսկ հարցին, թե ըստ իրեն՝ հասարակության ագրեսիան տվյալ դեպքում արդյո՞ք անտեղի էր՝ հաշվի առնելով մրցույթի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած կիքսերը, Գոհար Հարությունյանը պատասխանեց.

«Իսկ կարո՞ղ եք ասել, թե վերջին անգամ երբ է մեր Հանրապետությունում ինչ-որ մի բան հեռարձակվել ուղիղ եթերով: Բնականաբար, մենք գիտակցում էինք, որ եթե մրցույթը լինելու է ուղիղ եթերում, ապա դա արդեն ռիսկային կարող է լինել: Իսկ որտե՞ղ կիքսեր չեն լինում, էլ ո՞նց կլինի՝ ծրարն ընկավ հաղորդավարի ձեռքից: Այսինքն՝ մի փոքր չափազանցված են խոսակցությունները, բայց դե դրանց էլ եմ ես նորմալ վերաբերում, թող խոսեն, մեր ժողովուրդն է»,- ժպիտով ասաց Գոհար Հարությունյանը:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե, այնուամենայնիվ, ինչ պրոցեսի մեջ է այս պահին մրցույթի հեղինակային իրավունքներին առնչվող վերսկսած դատական գործընթացը, Գոհարն ասաց, որ ինքն անձամբ ոչնչով չի զբաղվում.

«Սա մի ամբողջ կառույց է, հիմնադրամ, որտեղ կա տնօրենների խորհուրդ, կա իրավաբան. նրանք են զբաղվում այս հարցով: Ես միայն կենտրոնացած էի բուն մրցույթի վրա, ինձ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, կարիք էլ չունեմ դրա մասին մտածելու: Բայց նշեմ նաև, որ այս հարցով զբաղվող իրավաբաններն ասում են, որ ես հանգիստ լինեմ, ամեն ինչ կշտկվի: Ինձ  ոչ կարող են կալանավորել, ոչ էլ՝ տուգանել, ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել»,- Asekose.am-ի հետ զրույցում եզրափակեց Գոհար Հարությունյանը:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին