▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան մարդիկ, ովքեր պետք է «շոու բիզնես» բառը ջնջեն բառապաշարից. ես պարզապես փրկեցի համերգս ձախողումից. Կարեն Բոքսյան

«Հոկտեմբերի 14-ին կայացած մենահամերգս ինձ համար շատ սպասված էր: Պետք է նշեմ, որ, իսկապես, շատ մանրակրկտորեն էի պատրաստվել դրան` առաջին վայրկյանից մինչ համերգի ավարտը: Նախքան բեմ դուրս գալը, իհարկե, հուզված էի, որովհետև սա Հայաստանում նման մասշտաբներով առաջին մենահամերգս էր, առավել ևս` նման տոնական օրով, սակայն շտապում էի րոպե առաջ հայտնվել հանդիսատեսի առջև»,-Asekose.am-ին ասաց երգիչ Կարեն Բոքսյանը` անդրադառնալով վերջերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացած մենահամերգին:

Կարեն Բոքսյանի խոսքով` հուզմունքը բեմ դուրս գալուց անմիջապես հետո անցել էր.

«Արդեն բեմում, տեսնելով լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսին` ամեն ինչ տեղն ընկավ: Առաջին երգից իմ և հանդիսատեսի միջև կապ ստեղծվեց ու շարունակվեց non-stօp երեկոն: Ընդհանուր առմամբ, համերգի ընթացքում կատարվել է 25 երգ»:

Երգիչն ավելի վաղ խոստովանել էր, որ Երևանում մենահամերգով հանդես գալն իր մայրիկի երազանքն էր: Ի դեպ, մայրը հատուկ այդ նպատակով ԱՄՆ-ից ժամանել էր Հայաստան` որդու մենահամերգը և իր երազանքը վայելելու:

«Մայրս, թերևս, ինձնից ավելի շատ էր հուզված: Այս մասին են վկայում իր կողքին նստած ընկերներս: Համերգից հետո մայրս շնորհավորեց և ասաց, որ հպարտ է ինձանով»,-ասաց Կարեն Բոքսյանը:

Մեզ հետ զրույցում Կարեն Բոքսյանը խոստովանեց, որ մենահամերգի կազմակերպման հարցում եղել են խնդիրներ, սակայն ամեն բան իր տեղն է ընկել այն պահից, երբ ինքը սկսել է անձամբ զբաղվել ողջ գործընթացով:

«Այն րոպեից, երբ սկսեցի մենահամերգովս զբաղվել անձամբ, ամեն ինչ տեղն ընկավ`բեմի,  նվագախմբի, պարային խմբի հետ կապված, ամեն ինչ հոյակապ անցավ: Պարզապես ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կտրականապես պետք է «շոու բիզնես» բառը ջնջեն իրենց բառապաշարից և չզբաղվեն այդ գործով, որովհետև իրենց վնաս տալուց բացի` իրենք առաջին հերթին մյուսներին են վնաս պատճառում, ինչպես նաև խաղում են երկրի անվան հետ, վատ տպավորություն են ձևավորում և ստվեր գցում շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների վրա: Սակայն կրկնում եմ` այն րոպեից, երբ ժամանեցի Հայաստան և համերգիս կազմակերպչկան հարցերով զբաղվեցի ինքս` հանդիպումներ, հեռախոսազանգեր կատարելով և օգտվելով իմ ծանոթություններից, փրկեցի մենահամերգս, որովհետև թեև վատագույնը տեղի չէր ունենա, սակայն այն կձախողվեր` լինելով ոչ պրոֆեսիոնալ և անորակ: Անուններ չեմ տալիս, սակայն նրանց խորհուրդ կտամ այլ գործով զբաղվել, իրենք համերգ կազմակերպելու և շոու բիզնեսի հետ բացարձակ կապ չունեն»,-ասաց Կարեն Բոքսյանը:

Անդրադառնալով Մարգարիտա Պոզոյանի` մենահամերգին նախապես հայտարարվածի պես ներկա չգտնվելուն, Կարեն Բոքսյանը նշեց, որ որևէ խնդիր չի եղել, պարզապես երգերի շատ լինելու պատճառով ստիպված էին կրճատել համերգային ծրագիրը, ինչի հետևանքով էլ երգչուհին ներկա չեղավ: Փոխարենը` համերգին ներկա էր «Gypsy Kings» խմբից հայտնի Ջոեֆը:

«Մարգարիտային այլ համերգների ժամանակ անպայման կհրավիրեմ, իսկ ինչ վերաբերում է Ջոեֆին, ասեմ, որ նա հիացած էր Հայաստանով և այն ջերմությամբ, որը ստացել էր այստեղ: Արդեն Միացյալ Նահանգներում ինձ ասաց, որ Հայաստանում կրկին լինելու մեծ ցանկություն ունի: Հույս ունեմ, որ մյուս տարի կիրականացնենք Ջոեֆի երազանքը և կգանք Հայաստան` մենահամերգով»:

Զրույցի վերջում Կարեն Բոքսյանը նշեց, որ համերգի ավարտին պարզապես չէր ցանկանում, որ երեկոն վերջանա.

«Ծրագիրն այնպես էինք կազմել, որ ամփոփիչ հատվածում կատարեմ իմ` այցեքարտ դարձած երգերը` «Ты в моей душе всегда одна», «Вот уходят в море корабли» և «Ара вай вай»-ը: Ամեն մի երգից հետո դահլիճի հետ կրկնում էինք երգերը, չէի ուզում, որ այդ երեկոն ավարտվի, սա կարծես մի երազ էր, որը եկավ ու անցավ: Համերգի ավարտից հետո դիմահարդարման սենյակում չէի հավատում կատարվածին, մտածում էի` մի՞թե այս ամենն արդեն տեղի ունեցավ, իսկապես գերագույն հաճույք եմ ստացել և վայելել եմ այդ 2.5 ժամը, որն անցկացրել եմ իմ հանդիսատեսի հետ: Սա առաջինն էր, սակայն խոսք եմ տալիս, որ շուտով նորից կգամ Հայաստան»:

Կարդացեք նաև`Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյանն անկեղծանում է

Կարեն Բոքսյանը Նավավարում կատարում է «Ты в моей душе всегда одна» երգը

Մինչև կյանքիս վերջ աչքիս առաջ են լինելու այդ տեսարանները. Կարեն Բոքսյանը`հրաշքով մահից փրկվելու, ընտանիք ունենալու մասին և ոչ միայն

 Կարեն Բոքսյանն` ամեն ինչ զրոյից սկսելու,ավտոկայանատեղիի հսկիչ աշխատելու և իր կողքին գտնվող հայուհու մասին

Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը

Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին