Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Բաղդասարյանի վավերագրական «Ադապտացիա» ֆիլմը Մոսկվայում տեղի ունեցած «Лучезарный ангел» բարեգործական կինոփառատոնի ընթացքում արժանացել է երկու մրցանակի: Այս մասին Մանե Բաղդասարյանը պատմեց Asekose.am-ին:
«Միակ ֆիլմը, որ երկու մրցանակ է ստացել, հենց «Ադապտացիա»-ն էր: Նշեմ, որ ես ինքս Մոսկվա չէի գնացել, սակայն ֆիլմը մեծ համակրանքի է արժանացել հանդիսատեսի կողմից, ինչպես նաև դրամական պարգև եմ ստացել` 50 հազար ռուբլի: Հավելեմ նաև, որ այս կինոփառատոնը բարեգործական է, այսինքն` փառատոնն իր ողջ շահույթն ուղղելու է բարեգործությանը, իսկ այդ ամենին աջակցում է Ռուսիո պատրիարք Կիրիլը, ով ներկա էր միջոցառումներին: Ինչ վերաբերում է ժյուրիի կազմին, ապա նշեմ, որ այնտեղ էր «Օսկար» մրցանակի արժանացած Վլադիմիր Մենշովը և այլ հայտնի դեմքեր»:
Մանեի խոսքով` արդեն իրեն նախապես տեղեկացրել էին սպասվելիք մրցանակների մասին, սակայն չէին նշել, թե կոնկրետ որ անվանակարգերում է հաղթող ճանաչվել.
«Անհամբեր սպասում էի և երբ լուսանկարներով տեսա մրցանակներս, հանդիսատեսին, բեմը, հուզվեցի: Ես հաղթող եմ ճանաչվել երկու անվանակարգերում` «Լավագույն վավերագրական դեբյուտային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական» ֆիլմ»:
Ըստ Մանեի` նախքան այս փառատոնը` մտածում էր, որ ֆիլմը կարող է հետաքրքիր լինել միայն հայերին, քանի որ այն մեր հարազատ քաղաքի մասին է, սակայն հիմա փորձում է հասկանալ, թե ինչով է «Ադապտացիա»-ն գրավիչ օտարերկրացիների համար.
«Սկզբում մտածում էի, որ միայն մեզ կգրավի, որովհետև մեր քաղաքն է, մեր ապրելակերպն է, բայց հասկացա, որ այն գրավում է, քանի որ ինքս իմ մասին եմ պատմում, օտարեկրացիներին, հավանաբար, հետաքրքիր է լինում այլ ազգի, օտար քաղաքի մասին իմանալը, դրա ապրելակերպին ծանոթանալը: Բացի այդ, «Ադապտացիա»-ն ունի թեմատիկա, որն է Աստված, բարություն, մարդկային լավ գործեր, իսկ իմ ֆիլմում կա ենթասյուժե, որը պատմում է մեր և Աստծո միջև եղած կապի մասին, կարծում եմ, որ սա էլ հենց գրավել է հանդիսատեսին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանե Բաղդասարյանն իր վավերագրական «Ադապտացիա» ֆիլմով Չինաստանի ամենամեծ կինոփառատոններից մեկում՝ «Ասիայի Երիտասարդական Միջազգային Կարճամետրաժ ֆլիմերի կինոփառատոն»-ում, հաղթող է ճանաչվել «Լավագույն մոնտաժված ֆիլմ» անվանակարգում:
Հեղինակ` Ա. Գ
Կարդացեք նաև`Ինչպես հայկական ֆիլմը գրավեց չինացիներին և ցուցադրվեց տեղի հեռուստատեսությամբ. հաղթանակի հետքերով