▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ ուզում, որ լսեք ինձ, պարոն վարչապետ. Լևոն Մութաֆյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Մեծարգո վարչապետ, ինձ ճանաչում եք, գիտեք, ուստի դիմում եմ վստահաբար, որ սույն նամակն անպայմանորեն կարժանանա Ձեր ուշադրությանը: Նամակ, որը գրել եմ ոչ ,,ոտքի վրա,, , ոչ հանուն պոպուլիզմի: Խոր մտահոգություններն ու անհանգստություններն են ինձ բերել դեպի այս նամակը: Տարբեր առիթներով՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր և էլեկտրոնային մամուլով, քննարկումների և բանավեճերի ժամանակ բարձրաձայնել եմ այս ամենի մասին, սակայն երբևէ որևէ մեկի մտքով չի անցել լուրջ խոսակցություն ծավալել, հասկանալ մի բան, որ այսօր մեր երկիրը ոչ միայն իր տնտեսությամբ է գահավիժել, հայտնվել խայտառակ նիշից ներքև, այլև՝ իր մշակույթով: Մեր մշակույթն է մեր անցաթուղթը, մեր ինքնության վկայագիրը, աշխարհում տեղ ունենալու մեր երաշխավորը: Մեր մշակույթն է նաև այն ահռելի ֆինանսական ներուժի կրողը, որի մասին ոչ ոք չի մտածում…
Հիմա, երբ պատրաստվում եք ձևավորել նոր կառավարություն, կառավարության ծրագիրը ներկայացնել, շատ կուզենայի, որ իմ մտորումներն ու անհանգստությունները, իմ առաջարկությունները ևս տեղ գրավեն քննարկվելիք հարցերի համատեքստում:
Իսկ ես ունեմ գործնական և հստակ առաջարկություններ մշակութային քաղաքականության, մշակույթ-պետություն հարաբերակցությունների, արտմենեջմենթի միջոցով մշակույթի առջև կանգնած ֆինանսական խնդիրների լուծման մասին: Մենք ,,նստած ենք,, հսկայական ֆինանսների վրա, սակայն մշակույթի արդի կառավարման սկզբունքներից հեռու լինելու պատճառով մեր մշակույթի և արվեստի գործիչներին դատապարտել ենք աղքատության, ստիպել արտագաղթը դարձնել փրկության միակ ճանապարհ: Մենք չենք կարողանում մեր կատարողական արվեստը, կերպարվեստի ուշագրավ դրսևորումները դուրս բերել հանրապետության շրջանակներից, որովհետև դարձյալ ու դարձյալ առաջնորդվում ենք խորհրդային կաղապարներով, հնացած մեթոդաբանությամբ: Մենք մեր թատրոնները չենք կարողանում դարձնել հարուստ, որովհետև չենք ուզում մեր նեղլիկ պատուհանը բացել, աշխարհին նայել: Մենք մեր կինեմատոգրաֆը պարփակել ենք ընկերական-տնային սահմանների մեջ, մինչդեռ Հայաստանը կարող է կինոինդուստրիայի խոշոր կենտրոն դառնալ… Այս ամենի պատճառը ժամանակակից մշակութաբանական, մենեջերական, կարճ ասած՝ մշակութային համակողմանի քաղաքականության բացակայությունն է…
Շատ եմ ուզում, որ լսեք ինձ, քննարկեք այն առաջարկությունները, որոնք կարող եմ ներկայացնել: Հավատացեք, դրանք կնպաստեն այն բանին, որ մեր մշակույթը ֆինանսական առումով կարող է դառնալ ինքնաբավ, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները, հայրենիքից հեռացածների համար տունդարձի երաշխավոր դառնալ, Հայաստանը վերածել տարածաշրջանային մշակութային խոշորագույն կենտրոնի:
Համոզված եմ, որ կարձագանգեք:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ԱՐՏԻՍՏ մրցանակի դափնեկիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին