▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությունը շարունակում է իր «էշը քշել»

Ես բազմիցս եմ զարմացել մեր հասարակության վրա ու արտահայտվել այդ մասին, չեմ դադարում նաև հիմա: Համազգային վանգայականության տվայտանքների ֆոնին իրոք կորցրել ենք հոտառությունը, կամ անտարբերությունն ու ապատիան վերածվել է լուրջ համապետական համաճարակի և կամ էլ, ինչը որ ավելի հավանական է, անտեսանելի գրաքննության մամլիչի ազդեցությամբ որոշ իրողություններ ոչ տեսնում ենք, ոչ լսում, ոչ էլ ուզում իմանալ այդ մասին, ու ջայլամի նման գլուխներս ավազի մեջ` երջանիկ անգիտության մեջ ապրում ենք գաղջ ճահճի լճացած միջավայրում`«շառից փորձանքից հեռու»:

Բայց սրա դիմաց, բոլորը, ով չի ալարում, այս օրերին խոսում է ներքաղաքական զարգացումներից, նոր Կառավարությունից: Նույնիսկ երբեմն նրանք, ովքեր տիրապետում են ռեալ ինֆորմացիայի հաճախ իրենք են շփոթվում սեփական տեղեկատվական սարդոստայնի մեջ, այնքան որ սուտն ու ճիշտը խառնվել է իրար, ու երազում են հաճախ` հայտնի երգիծական հաղորդման Հեռվաշենի մասին:
Մարդիկ ոտքի կանգնեցին, պայքարեցին հասան այն բանին, որ հայաստանյան հասարակության համար չարիքի վերածված Կուտակայինը ճանաչվի հակասահմանադրական, հիմա էլ պիտի շարունակեն պայքարը, որ միակողմանի մեկնաբանություններ չլինեն, որ կասեցվի ապօրինությունը, որ գալիս է ամենաբարձր էշելոններից:

Մարդիկ նպաստեցին որ մեր պատմության բոլոր ժամանակների ամենավատ վարչապետը հրաժարական տա, իրողություն որ աննախադեպ է մեր պատմության մեջ, ինչքան էլ պաշտոնական շրջանակները կաշվից դուրս գան ու ասեն թե դա հրաժարական էր կամավոր և ոչ պարտադրաբար: Բայց չէ, մեր հասարակությունն այս ամենի տակ տեսան միայն մակերեսայինը, նույնիսկ` էժանագինը: Ու ոչ ոք չարձանագրեց ամենակարևորը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԲԵԿՈՒՄ ՄՏԱՎ:

Հիմա էլ հազիվհազ կազմվում է նոր Կառավարություն, բայց հասարակությունը նույն անդրդվելիությամբ շարունակում է իր «էշը քշել» ու հիմա էլ նախանձելի ջանասիրությամբ սկսել է այպանել ներկա կառավարությանն ու վարչապետին: Սա թերևս առանձին զրույցի թեմա լինի` զուտ հայկական չուզողություն է, թե իջեցված պատվեր, քանի որ պատվերի հավանականությունը մեծ է, հաշվի առնելով թե հատկապես ովքեր են դրան լծված գարնանև դաշտ դուրս եկած լծկանի նման:

Ինձ համար, Անդրանիկ Մարգարյանից հետո, Հովիկ Աբրահամյանը միակ գործիչն է, ով կհասկանա երկրի իրական տնտեսական վիճակը ու կփորձի ոտքի կանգնեցնել այն, քանի որ նախ լուրջ հեղինակություն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ Սփյուռքում, մասնավորապես Սփյուռքի գործարար շրջանակներում, ինչը այս դեպքում կենսական անհրաժեշտություն է ինքնին պարզ պատճառով` մեր տնտեսությանը անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, շատ մեծ ներդրումներ առողջացման համար:

Բացի այդ Հովիկ Աբրահամյանն իբրև կոմպրոմիսային գործիչ ընդունելի է բոլոր կողմերի համար ու հատկապես նաև Մոսկվայի: Սա չպետք է մոռանալ և կարելի է ասել վստահությամբ` ունի Մոսկվայի զորակցությունը, ինչը չկար նախորդ վարչապետի դեպքում: Մնում է միայն, որ կարողանանք այս անգամ մի փոքր զսպել մեր շատախոսության մոլուցքը և համբերել` տեսնելու համար նոր կառավարության գործունեության արդյունքները, հատկապես, որ նույնիսկ ծրագիրը դեռ չի ներկայացվել ու անիմաստ է քար նետել մի ուղղությամբ, որը դեռ հայտնի չէ քեզ:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին