▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ա` վարչապետի տատը նստի, էլի նույն վիճակն է լինելու.Գյուղի բնակիչները դժգոհում են

Երևանում և մարզերում գերխնդիր է շարունակում մնալ աշխատատեղերի բացակայությունը:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում`  Դեբեդ գետի ձախ կողմում,  ծովի մակերևույթից 1125մ բարձրության վրա է գտնվում Օձուն գյուղը: Գյուղի կենտրոնում գտնվում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Բնակիչները ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  խոսելով գյուղում առկա խնդիրներից` ասացին, որ չկա ոչ աշխատանք, ոչ` աշխատատեղ:

«Ամեն մեկը զոռով ապրում է իր մի մետր հողով, գոմով, կովով»,-դժգոհեցին  գյուղացիները` նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար  անգամ տրակտոր չկա.

«Կոմունիստների ժամանակվանից մնացած տրակտորներն են, որ փչանում է ու կանգնում»,-նշեցին նրանք:

Ինչ վերաբերում է երիտասարդությանը`  ապա,  նրանց խոսքով, գյուղում երիտասարդություն չի մնացել, բոլորը մեկնում են արտագնա աշխատանքի:

«Վիճակը բարելավելու համար աշխատատեղ է հարկավոր: Հիմա որ մի հատ կոնֆետի գործարան  դնեին, չէր լինի՞: Մենակ Երևա՞նն ա կարողանում կոնֆետ արտադրի: Յա մի կարի ցեխ, յա մի կոշիկի ֆաբրիկա, մի բան.. հնարավոր չի՞: Ամեն ինչ միայն մայրաքաղաքին, Լենինականին ու Կիրովականին..էս Հայաստանում այդ երեք քաղաքնե՞րն են:

Գյուղի բնակիչները աչալուրջ հետևում են նաև քաղաքական անցուդարձին:  Խոսելով նորանշանակ վարչապետի մասին և պատասխանելով հարցին, թե որևէ հույս կապո՞ւմ են նրա հետ, պատասխանեցին.

«Ով ուզում ա լինի, ուզում ա` վարչապետի տատը նստի, էլի նույն վիճակն է լինելու: Ինչ ուզում, այն էլ անում են»:

Մեզ հաջողվեց գյուղում գտնել և զրուցել երիտասարդ բնակչուհիներից մեկի հետ, ով չնայած դժվարին պայմաններին` մնացել է գյուղում, անգամ իր համար աշխատանք է գտել:

Նա նշեց, որ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, մի քանի ամիս է` Մշակույթի տանն է աշխատում, ապագա նկարիչների փոքրիկ խումբ ունի.

«Ցանկալի էր մնալ մայրաքաղաքում, բայց ստացվեց այնպես, որ գյուղում ամուսնացա: Չեմ ուզում առանց գործ մնալ, մասնագիտությունս շատ եմ սիրում, ուստի նախընտրեցի այս ձևով աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ այժմ ունի 15 աշակերտ, նկարում են տարբեր թեմաներով, իսկ վճարը 3000 դրամ է:

Իսկ, ահա, մեր փոքրիկ զրուցակիցներից մեկն էլ հարցին, թե ինչ է ուզում դառնալ` պատասխանեց` թարգմանչուհի: Այն, թե որտեղ կցանկանա ապրել հետագայում` ասաց. «Կեսը Երևանում, կեսը` գյուղում….որովհետև Երևանի փողոցներն ասֆալտապատ են…»:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին