▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը կբողոքարկվի ՄԻԵԴ-ում

Ավելի քան 6 ամիս կալանքի տակ գտնվող դերասան Վարդանի Պետրոսյանի փաստաբանները նրա հանդեպ նախնական կալանքի կիրառումը համարում են անհիմն և անմեղության կանխավարկածի ոտնահարում. նրանք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ամիսներ շարունակ կալանքի համար ոչ մի հիմք չներկայացնելուց հետո ընդհանուր ձևակերպումներով դատարանում ներկայացվել է կալանքի ժամկետը երկարաձգելու երկու հիմք՝ փախուստի և գործով վկաների վրա ճնշում գործադրելու վտանգ, առանց պարզաբանելու, թե կոնկրետ ի ՞նչ վտանգի մասին է խոսքը՝ ինչպես պահանջում է Եվրոպական կոնվենցիան»,- «Մեդիա կենտրոնում» ասաց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն, գործընկեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ կազմակերպված համատեղ մամլո ասուլիսին:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Վարդան Պետրոսյանի փաստաբանները հերքեցին կալանքը երկարաձգելու համար դատարանում ներկայացված երկու հիմքերը.

«Վարդան Պետրոսյանը հանձնել է իր երկու անձնագրերը դատարանին, հետևաբար փախուստի կասկածի հիմքեր չկան, կա միայն դատարանի վերացական տերմիններով գրված որոշում»,- նշեց փաստաբան Մարի Դոզեն:

«Դեպքի վկաները միայն տուժողներն են ու Վարդան Պետրոսյանը, այլ վկաներ չկան, և դատարանի հիմնավորումը, թե կալանքի հանման դեպքում Վարդանը կարող է ճնշում գործադրել վկաների վրա՝ անտրամաբանական է», -պարզաբանեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանքի վերաբերյալ որոշումը ՄԻԵԴ-ում. «Մենք կզետեղենք այս դատական ակտը մեր դիմումի մեջ ու կներկայացնենք Եվրոպական դատարան, քանի որ սպառել ենք այստեղ հարցը լուծելու բոլոր միջոցները»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին՝ բախվել էին «ՎԱԶ 2121» և BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վթարից որոշ ժամանակ անց շրջանառության մեջ մտան լուրեր, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Դերասանի փաստաբանները ևս մեկ անգամ անդրադարձան այս հարցին, նշելով, որ Վարդան Պետրոսյանը ստուգման է ենթարկվել դեպքից հետո, ինչը ցույց է տվել, որ նա եղել է սթափ վիճակում:

«Եթե նախաքննությունն ու փորձագետներն ասում են, որ ալկոհոլի ազդեցություն չի եղել, ապա շատ անհասկանալի է, թե ինչու է դատարանում խոսվում միայն դրանից,- ասաց ֆրանսիացի փաստաբանը,- մենք չունենք մեղադրանք, քանի որ Վարդանը չի մեղադրվում անսթափ լինելու մեջ. չգիտեմ՝ ինչ են քննում դատարանում, բայց հաստատ ոչ ճանապարհատրանսպորտային պատահար»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարի 3D վերարտադրմամբ և վթարի վայրում կատարված տեսագրությամբ լրագրողներին ներկայացրեց վթարի մանրամասները: Նա հերքեց այն պնդումները, որ Վարդան Պետրոսյանը գերացազանցել է ճանապարհի այդ հատվածում թույլատրելի արագությունը. «Տվյալ հատվածում թույլատրելի արագությունը եղել է 90 կմ/ժ, քանի որ դա բնակավայրից դուրս հատված է»:

Անդրադառնալով մարդու անմեղության կանխավարկածի փաստին՝ փաստաբանները նշեցին, որ վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ վթարը վերականգնող ֆիլմի ցուցադրումը ենթադրում է պատասխանատվություն. «Ես դիմել եմ հեռուստաընկերությանը և նամակով տեղեկացրել իրենց, որ խախտվել է անձի անմեղության կանխավարկածը: Ֆրանսիայում այն ցուցադրող հեռուստատեսությունը կդատապարտվեր»,-ասաց ֆրանսիացի փաստաբանը:

Մարի Դոզեի կարծիքով՝ կարող է հեռուստահաղորդում լինել, որում տուժողները կխոսեն իրենց ցավի մասին, բայց այդ սյուժեում ներկայացված է մի պատկեր, երբ մի մեքենա բարձր արագությամբ, զիգզագներով սլանում է փողոցով. «Կարելի է ենթադրել, որ այդպես վարողը հաստատ խմած է: Սա ակնհայտ ոտնահարում է մարդու անմեղության կանխավարկածը: Այդպիսի ֆիլմն արդեն ասում է դատավորին, որ հենց սա պիտի տեսնեք գործի մեջ եւ ժողովրդին ասում, որ սա պիտի մտածեք գործի մասին:»

Նիկոլայ Բաղդասարյանն էլ հավելեց, որ մինչև հիմա պահպանվել է խորհրդային ժամանակների գործելաոճը՝ վարկաբեկել մարդուն նրան դատապարտելու համար:

Փաստաբանների կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի դատավարությունն անցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի տարբեր կետերի ոտնահարումներով:

«Այս դատավարության համար Հայաստանը հերթական անգամ պարտություն կկրի Եվրոպական դատարանում»,- ասաց Դոզեն, ներկայացնելով վիճակագրություն, ըստ որի՝ այն պահից, երբ Հայաստանը ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, 48 դեպքից 43-ի դեպքում ՄԻԵԴ-ը դատապարտել է Հայաստանի Հանրապետությանը: 


 

Մեդիա Կենտրոն 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին