▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Օսկանյանի համար մինչ օրս հարազատ են դրսի փողերը

Ասում են, թե վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գործերն այնքան էլ լավ չեն: Խոսքը ֆինանսական գործերի մասին է, քանի որ քաղաքական առումով պարոն Օսկանյանն իրեն շատ էլ լավ է զգում «քառյակի» շրջանակներում:
Ինչպես հայտնի է, փողերի լվացման մեղադրանքով 2012թ. հարուցված քրեական գործից հետո Ջոն Հանթսմանը դադարեցրեց Վ.Օսկանյանի և նրա «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսավորումը, քանի որ, ինչպես արդյունքում պարզվեց, պարոն Օսկանյանը «պատահմամբ» յուրացրել և սեփական կարիքները հոգալու համար ծախսել էր Հանթսմանի կողմից հիմնադրամին հատկացված գումարների մի մասը: Հավանաբար հենց այս հանգամանքից ելնելով էլ Օսկանյանի հարազատ USAID–ն օրերս մերժել է «Սիվիլիթասին» հերթական դրամաշնորհի տրամադրումը: Հենց օտարերկրյա ֆինանսավորման դադարեցման պատճառով է, որ Ստամբուլում գործող  «Սիվիլիթասի» մասնաճյուղի ֆինանսավորումն ապահովելու համար պարոն Օսկանյանը վերջերս Ստամբուլում կազմակերպել էր դրամահավաք-ճաշկերույթ, որի արդյունքում տեղի հայ գործարարներից կարողացել էր հավաքել ընդամենը 20.000 դոլար: Ասում են, որ այս ֆինանսական «որոգայթից» դուրս գալու նպատակով Վ.Օսկանյանը նույնիսկ վաճառքի է հանել Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող տներից մեկը, որի շուկայական արժեքը մոտ կես միլիոն դոլար է:
Պարոն Օսկանյանի ֆեյսբուքյան էջից երևում է, որ վերջին ամիսներին նա պարբերաբար հոդվածներ է գրում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրատվական կայքի համար: Սակայն, ինչպես պարզվեց, ՀՀ նախկին արտգործնախարարը «Ալ Ջազիրայի» համար հոդվածներ է գրում ոչ թե ազատ ժամանակը լրացնելու կամ միջազգային անցուդարձի վերաբերյալ իր «հեղինակավոր» խոսքն ասելու համար, այլ դա անում է ընդամենը իր ֆինանսական ճեղքվածքը որոշ չափով փակելու նպատակով: Պարզվում է, որ գործող կարգի համաձայն «Ալ Ջազիրան» նմանատիպ յուրաքանչյուր հոդվածի համար հեղինակին վճարում է 1.000 դոլար հոնորար: Այդ առումով բացառություն չէ նաև Վարդան Օսկանյանը:
Հայաստանում ոչ միանշանակ հեղինակություն ունեցող արաբական «Ալ Ջազիրայի» համար հոդվածներ գրելն ամենևին էլ դատապարտելի չէ, նույնիսկ ողջունել է, որ ՀՀ նախկին արտգործնախարարը կարողանում է օտարերկրյա լրատվամիջոցն օգտագործելով իր տեսակետները ներկայացնել ընթերցողների լայն շրջանակներին և դրա դիմաց գումար ստանալ: Այստեղ հարցն այլ է: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Վարդան Օսկանյանի ֆինասական բոլոր աղբյուրները օտարերկրյա են` Հանթսման, USAID, «Ալ Ջազիրա», Ստամբուլի գործարարներ և այլն: Ստացվում է, որ հայրենադարձ եղած քաղաքական գործիչը, բավականին երկար ժամանակ ապրելով Հայաստանում, այդպես էլ չկարողացավ ընտելանալ ու մերվել տեղի միջավայրին, չսովորեց ծախսել այստեղ աշխատած հայկական դրամը: Մտահոգիչ է այն, որ մինչ օրս Վարդան Օսկանյանի համար հարազատ են դրսի փողերը, ինչ-որ ծառայությունների դիմաց տրվող դոլարներն ու եվրոները: 

Սարգիս Բալայան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին