▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

80-ամյա տատիկն իր պատրաստած ուլունքագործ սրբապատկերը նվիրեց Բերդի եկեղեցուն

Նախօրեին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի  հանդիսապետությամբ  օծվեց  նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցին:

Իրադարձությունը, հիրավի, չափազանց կարևոր ու սպասված էր Բերդ քաղաքի և տարածաշրջանի բնակչության համար, քանի որ տասնամյակներ շարունակ Բերդում գործող եկեղեցի չի եղել(Տարածաշրջանի միակ գործող եկեղեցին սահմանամերձ Մովսես գյուղում է ): Ուստի օրինաչափ էր նաև տեղացիների խանդավառությունն  ու ոգևորությունը:

Մինչև ուշ երեկո մարդկանց հոսքը եկեղեցի չէր դադարում:

Արարողությանը մասնակցելու էր եկել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ս. Հովհաննես եկեղեցու  հիմնարկեքը կատարվել է 2012 թ. մայիսի 20-ին: Կառուցվել է  Ջոն Սթիվենսի բարերարությամբ:   Ճարտարապետը  Արտակ Ղուլյանն է:   

Ս. Հովհաննես եկեղեցու օծման և Խաչվերացի տոնի կապակցությամբ Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ խաչելության սրբապատկեր:  

***

Պատմական այս իրադարձությանը մասնակցելու էին շտապել ոչ միայն  Բերդից, այլև հարևան  գյուղերից: Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի, օրերս 80-ամյակը բոլորած  Սուդարիկ Պետրոսյան –Դարբինյանը դատարկաձեռն չէր եկել: Մարիամ Աստվածածնի՝ Իր հեղինակած պատկերն էր բերել՝ նորակառույց եկեղեցուն նվիրելու:

 Սուդարիկ տատիկը ծնվել է 1934 թվականին՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղում:  2 եղբայրները զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Տատը 10 թոռ և   12 ծոռ ունի:  Ավագ  թոռը 40 տարեկան է, ավագ  ծոռը՝  22:  

Սուդարիկ տատիկի կյանքը փորձությունների շղթա է: Սակայն պատուհասած բոլոր փորձություններից  ասես հրաշքով փրկվել է:

Դեռ դպրոցական տարիներին  ձին հարվածել է ծնոտին, ինչի պատճառով, ինչպես տատիկն է ասում,   բարձրագույն կրթություն չի կարողացել  ստանալ: Բավական լուրջ վերքը  մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին բուժվել է:

Երկորդ փորձությունը ևս երկար սպասեցնել չի տվել: 25-26 տարեկանում նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն 4 անգամ վիրահատվելուց հետո բուժվել է:

Կյանքը ևս մեկ փորձություն էր պատրաստել  սակայն,  ի վերուստ որոշված էր՝ այս մեկը  ևս պետք է հաղթահարի:

 Սուդարիկ տատիկը 3 տասնամյակ աշխատել է գյուղի փոստում՝ որպես հեռախոսավարուհի:  

«Փոստում աշխատելու տարիներին՝ 1991 թվականին,  գրադը հարվածեց  փոստի հարևանությամբ գտնվող մշակույթի տանը, բեկորները  մտել էին  նաև այն սենյակ, որտեղ ես աշխատում էի: Իհարկե, ես ոչինչ չեմ հիշում, բայց  ինձ հայտնաբերել են անգիտակից վիճակում: Թե ինչքան եմ այդպես մնացել,  չգիտեմ: Ծայրահեղ ծանր վիճակով ինձ տեղափոխել են հարևան տուն, որտեղ էլ առաջին բուժօգնություն են ցուցաբերել»:  

Երորրդ փորձությունից հետո հասկացել է, որ կյանքը Աստծո պարգև է և ուխտել է նվիրվել Աստծուն:

2011 թվականից սկսել է ուլունքագործ պատկերներ գործել, ինչը համարում է Աստծո շնորհ, քանի որ երբեք նախկինում դրանով չի զբաղվել:

«Առաջին անգամ մի երեխայի մոտ սրբապատկեր տեսա ու միանգամից ցանկություն առաջացավ այն գործել ուլուքններով: Խնդրեցի, վերցրեցի ու նայելով՝  գործեցի: Դա առաջին փորձն էր»:

Տատիկը տեսողության խնդիր ունի: Ինչպես ինքն է ասում՝ գրադի հարվածից հետո ասեղի անցքը երեք հատ է տեսնում, սակայն աշխատանք արված էր կոկիկ ու անթերի:

Ուլունքներն ու շրջանակները գնում է իր թոշակով: Ասում է՝ ոչինչ, Աստված ավելացնում է:

Սուդարիկ տատիկը գործում  է՝միայն ու միայն նվիրելու համար: Առաջին գործը նվիրել է Մովսեսի եկեղեցուն:

«Գործում էի, որ նվիրեմ որևէ քահանայի, սակայն հենց այդ ժամանակ օծվեց Մովսեսի եկեղեցին, և սիրով նվիրեցի եկեղեցուն»:

Տատիկի աշխատանքները հասել են մինչև Իջևան, Աբովյան և անգամ Ուկրաինա:

«Թոռնուհիս եկել էր Ուկրաինայից, հերթական սրբապատկերը տարավ հայկական եկեղեցիներից մեկին ընծայելու»:

Նկարները տարբեր չափսերի են: Բոլորը նախատեսված են նվիրելու համար: Իր աշխատանքներից տատիկը սիրով նվիրում է նաև նորապսակենրին, որպեսզի Աստծո օրհնությունը նրանց հետ լինի:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին