Այսօր Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկեց «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը: Այն նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը:
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ նկատեց.
«Գրեթե ամեն տարի կազմակերպում ենք գիտաժողովներ, բայց միայն աստղագիտական թեմաներով, իսկ այս անգամ որոշեցինք ընդգրկել այլ գիտություններ: Անցած տարի Կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը դարձավ ազգային արժեք և պատասխանատվության զգացումն ավելի մեծացավ: Վիկտոր Համբարձումյանը 1967 թվականին հետաքրքիր արտահայտություն է արել. 21-րդ դարում աստղագիտությունը կրկին կդառնա առաջատարներից մեկը: Եվ դա մենք տեսնում ենք»:
Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի խոսքով էլ՝ աշխարհում չկա ոչ մի մարդ, ով ծնվելուց հետո աստղագիտությամբ չհետաքրքրվի.
«Գլուխը բարձրացնում և տեսնում է, թե ինչպիսի հրաշք է գտնվում վերևում և միշտ հարց է առաջանում՝ մենք որտեղի՞ց ենք: Վարկածները գալիս ու գնում են»,-ասաց աստղաֆիզիկոսը:
Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են աստղագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, պատմաբաններ, փիլիսոփաներ հնագետներ, լեզվաբաններ, արվեստագետներ և այլ մասնագետներ:
Զեկուցվող և քննարկվող թեմաներն են՝ Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, հնագույն աստղագիտությունը, աստղագիտությունը միջնադարում, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտություն, փիլիսոփայության աստղագիտական հիմքերը, կրոնը և աստղագիտությունը, արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը, աստղաբանությունը և աստղագուշակությունը, աստղագիտության կիրառական նշանակությունը, աստղաինֆորմատիկան և աստղավիճակագրությունը, աստղագիտությունը բանահյուսությունում և պոեզիայում, աստղագիտությունն արվեստում, աստղալեզվաբանություն, աստղահերալդիկան, գիտական տուրիզմը, գիտական լրագրությունը, սիրողական աստղագիտությունը, աստղագիտական կրթությունը և հանրամատչելի աստղագիտությունը:
Անի Կարապետյան