▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ունեի մի շատ տխուր մայր եւ շատ լավատես հայր. Ազնավուրը Ցեղասպանության մասին

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատմել է իր ընտանիքի ու այն մասին, թե ինչպես է գաղթականների ընտանիքն իր մեջ ուժ գտել Ցեղասպանության սարսափներն ապրելուց հետո կյանքը շարունակելու համար։Ազնավուրի մոր ընտանիքից կոտորածների զոհ են գնացել տատը, պապը, մորաքույրը եւ երկու մորեղբայրները, իսկ մայրն իր տատիկի հետ գաղթել է Ֆրանսիա։ Մայրը փրկվել է միայն նրա շնորհիվ, որ մեկնել էր Ստամբուլ տատիկին այցելության։ Ազնավուրի հայրը, որը Ռուսաստանի քաղաքացի էր, Ցեղասպանության հետեւանքով որեւէ հարազատի չի կորցրել, ինչն Ազնավուրի խոսքով՝ իրենց ընտանիքի գոյատեւման բանաձեւն է եղել՝ մոր արցունքներն ու հոր ծիծաղը։

«Նրանք իրական Ցեղասպանություն չեն ապրել։ Նրանք այն ապրել են իրենց սրտերում, իրենց ընտանիքներում։ Եթե հայրս ու մայրս Թուրքիայի նույն շրջանից լինեին, միգուցե լացուկոծն ավելի շատ լիներ, բայց ես ունեի մի շատ տխուր մայր եւ մի շատ լավատես հայր։ Մայրս միշտ արտասվում էր, երբ հիշում էր ծնողներին։ Նա արտասվում էր, հայրս ծիծաղում։ Սրանք իսկական մարդկային կատակերգության երկու դիմակներն էին։ Դրա համար էլ մենք ոչինչ չիմացանք, սովորեցինք լավատես լինել, գոյատեւել»,- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքին պատմել է աշխարհահռչական շանսոնիեն։

Շանսոնիեն նաեւ ասել է, որ կցանկանար պարզել՝ արդյոք մոր կողմից կան ողջ մնացած հարազատներ։ Եթե այդպիսիք կան, շանսոնիեն հասկանում է՝ ինչու իրեն մինչեւ հիմա չեն գտել. նրան՝ որպես Ազնավուր են ճանաչում, մինչդեռ նրա մորական ազգանունը Բաղդասարյան է։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին