▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7-ից մնացին 3-ը.«Ժողովուրդ»

Հայ ազգային կոնգրեսը, որը ժամանակին վայելում էր համաժողովրդական հարգանք ու մեծ դերակատարություն ուներ քաղաքական դաշտում, կարողացավ միաճակատ գործունեություն իրականացնել ընդամենը 1.5-2 տարի: Երրորդ տարին դեռ չբոլորած` 7 հոգուց բաղկացած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը բաժանվել է երեք «խմբի»:

Գաղտնիք չէ, որ շուրջ 2 տարի է, ինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը կապ չունեն խմբակցության հետ ու իրենց քվեարկություններում եւ, առհասարակ, խորհրդարանական գործունեության մեջ առաջնորդվում են բացառապես սեփական որոշումներով: Պատգամավորները որեւէ կերպ կուսակցության եւ խմբակցության վարած քաղաքականությունն առաջ չեն տանում, ու այդ ամենը տեղի է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա մի քանի մերձավորների` անձնական ամբիցիաներով թելադրված ոչ թիմային գործողությունների արդյունքում: Իրենց բոլորից վեր դասելու, գործընկերներին իշխելու փորձերի  եւ չհիմնավորված պահանջներ ներկայացնելու արդյունքում նրանց շուրջ հավաքված բազմաթիվ համախոհներ հիասթափվեցին ու հեռացան:

Առհասարակ, նախկին ՀԱԿ դաշինքում անմիաբանությունը տեսանելի դարձավ դեռեւս 2009 թվականին, երբ ՀԱԿ-ի առաջնորդները երկխոսության մեջ մտան իշխանությունների հետ: Թե ինչով ավարտվեց չհաջողված երկխոսությանը հաջորդած Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», արդեն հայտնի է, եւ կրկնելու կարիք չկա: Միայն նշենք, որ ԲՀԿ-ի հետ այդ համագործակցության արդյունքում ՀԱԿ-ը անհամեմատ ավելի քիչ քվեներ ստացավ, իսկ Կոնգրեսին բաժին հասած մանդատներն էլ բաշխվեցին բավականին տարակուսելի ձեւով: Արդյունքում` Տեր-Պետրոսյանի բազմաթիվ ազդեցիկ համախոհներ հեռացան նրանից, դաշինքի 18 ուժերի մեծ մասը հայտնվեց լուսանցքում, մի մասն էլ իշխանությունների հետ պայմանավորվեց քաղաքական դաշտում իր «տեղը» պահելու համար: Եվ այսօր, փաստորեն, երբեմնի համաժողովրդական շարժումը խորհրդանշող ՀԱԿ-ը բաժանվել է երեք մասի:

Այս իրավիճակից ելնելով էլ խայտառակ պատկեր է ստացվել նաեւ ապրիլի 24-ին, երբ ՀԱԿ ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ են գնացել` հարգանքի տուրք մատուցելու: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանն իրենց կուսակցությունների անդամների հետ առանձին են այնտեղ գնացել: Լեւոն Տեր-Պետրոսյանին 7 հոգանոց խմբակցությունից Ծիծեռնակաբերդում ուղեկցել է միայն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իսկ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում էր:

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորների հետ որեւէ մեկը չի պայմանավորվել միասին Ծիծեռնակաբերդ գնալու համար, ինչի պատճառով էլ ՀԱԿ խմբակցության անդամներն առանձին-առանձին են գնացել: Նշենք, որ այս պառակտումը նկատվեց նաեւ ապրիլի 21-ին, երբ խորհրդարանում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը: Դրան  մասնակցեցին եւ կողմ քվեարկեցին միայն Լ. Սարգսյանն ու Ս. Դեմիրճյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պառակտման վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: Սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին