▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունը ողջ բնակչությանը հղի կնոջ տեղ է դրել

Կենսաբան Գագիկ Կարապետյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, ապրանքագիտության ամբիոնի դոցենտ  Վարդուհի Մելիքյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ֆոլաթթվով ալյուրի հարստացմանը, հետևանքներին ու վտանգներին:

Վարդուհի Մելիքյանը չի հասկանում, թե ինչու ենք անպայման ցանկանում կիրառել դրսի փորձը: Նա նկատում է՝  չէ՞ որ մենք ավելի լավն ունենք: Այն, ինչը հազարամյակներ շարունակ օգնել է մեզ:

«Պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ մենք օգտագործում ենք բազմաթիվ սննդամթերքներ, որոնք պարունակում են երկաթ, ֆոլատ և այլն: Այս սննդամթերքները բավարարում են մեր օրգանիզմի պահանջը: Բոլոր սննդամթերքները երկաթի լավ աղբյուր են, ինչո՞ւ պետք է միայն հաց օգտագործենք: Օրը 15 միլիգրամ է պահանջվում: Երկաթով հարուստ են լոբին, մաղադանոսը, չորացրած մասուրը, կաթնաշոռը, տավարի միսը, երիկամները»,-ասաց Վարդուհի Մելիքյանը:

Նրա խոսքով Առողջապահության նախարարությունը պետք է փորձարկումներ կատարի, թե մեր սննդամթերքների մեջ որքանով է պակաս այս ամենը, փորձարկեին, թե հացի մեջ ինչքան կարելի է ավելացնել, քանակի ավելացումը ինչպիսի փոփոխություն  կարող է առաջ բերել և այլն: Փորձարկեին նաև հիվանդների համար:

Կենսաբան Գագիկ Կարապետյանն էլ անդրադարձավ այն հայտարարությանը, թե թերսնվում է ժողովուրդը, ասելով.

«Եթե դուք կարծում եք, որ թերսնվող մարդու մոտ միայն երկաթի ու ֆոլատի դեֆիցիտ է, ապա սխալվում եք»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ֆոլաթթուն քաղցկեղ է առաջացնում, Գագիկ Կարապետյանը մեջբերեց ԵՄ սննդի անվտանգության պետական տեսչության եզրակացությունը, որում ասվում է.

«Բավարար ապացույցներ չկան պնդելու, որ ֆոլաթթուն քաղցկեղ է առաջացնում, բայց ժխտել անհնար է»: Իսկ քաղցկեղին նպաստելն արդեն հաստատված փաստ է: 15 տարուց ավել է հակաֆոլատային դեղեր են օգտագործում բժիշկները՝  քիմիաթերապիայի ժամանակ: Դրանով  արյան մեջ ֆոլատի մակարդակն են իջեցնում»,-նկատեց կենսաբանը:

Գագիկ Կարապետյանը պնդում է՝ սա բազմաթիվ առողջական ռիսկեր է պարունակում:

«Ասում են՝ պատրաստվում են 1 կիլոգրամին 1.3 միլիգրամ ֆոլաթթու ավելացնել: Այսինք՝ 400 գրամ հաց ուտելիս մարդիկ կստանան հղի կնոջը 3 ամսում խորհուրդ տրվող չափաբաժինը, ինչը ընդունելու ենք ամեն օր և ամբողջ կյանքի ընթացքում: Միակ բացատրությունն այն է, որ նախարարությունը ողջ բնակչությանը հղի  կնոջ տեղ է դրել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին