▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բանկերը սնանկ դառնալու ռիսկե՞ր են պարունակում

Asekose.am-ի զրուցակիցն է Լիբանանի կենտրոնական բանկի նախկին փոխկառավարիչ Մկրտիչ Բուլդուկյանը:

Պարոն Բուլդուկյան, ինչպիսի՞ն պետք է լինի բանկային համակարգը, և ինչպե՞ս կգնահատեք այն Հայաստանում:

Ես գիրք ունեմ գրած Հայաստանի բանկային համակարգի մասին, թե բանկն ինչպես պետք է աշխատի, որ համբավ ձեռք բերի՝ դեպոզիտներ ստանալու համար:  Եթե բանկը համբավ չունեցավ, ապա ոչ ոք իր գումարը չի վստահի նրան: Ավանդատուներն իրենց ունեցվածքը ներդնում են համբավ ունեցող բանկերում: Խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկը մինչ որևէ մեկին բանկային գործնեության վերաբերյալ հավաստագիր տալը պետք է նայի նրանց կենսագրությունը, որ գող, ավազակներին հավաստագիր չտա: Բանկը նպարավաճառի խանութ չէ: Այն ղեկավարող պաշտոնյաները նախ պետք է գումար ունենան, որ շրջանառության մեջ դնեն: Բանկի պաշտոնյան պետք է փորձառու լինի: Միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը բավարար չէ: Դոկտորատուրա պետք չէ բանկային գործունեության համար, դրամատնային գործի համար ավելի շատ պրակտիկա է պետք: Կարող է համալսարանում դոկտորատուրա պաշտպանես, որպես լողորդ, բայց եթե երբեք ջուրը չես մտել, ապա մտնելուց՝ կխեղդվես:

Բանկային համակարգում շատ կարևոր է սպասարկման բարձր որակը: Միևնույն ժամանակ պետք է  հաճախորդների հանդեպ ուշադիր լինել, իմանալ թե նա ով է, որպեսզի փողերի լվացման դեպքերից խուսափել: Եթե ավանդատուն 5 հազար, 10 հազար ավանդ է թողնում բանկում՝ շատ լավ, բայց եթե նա 1 միլիոն մի օր բերում, հաջորդ օր 5 միլիոն, ապա պետք է հարցնել, թե նրան այդքան գումար որտեղից:

Ձեր թվարկածները Հայաստանի բանկային համակարգում կան, թե՞ ոչ:

Անշուշտ կան: Ներկայումս Հայատանում գործող դրամատուները վստահելի են: Գիտեմ, որ երկրում գործող կենտրոնական բանկն էլ վերահսկողություն է իրականացնում:  

Դրամը ժամանակ առ ժամանակ արժեզրկվում է, հետո կրկին բարձրանում: Այս տատանումներն ինչո՞վ են պայմանավորված: Գիտեմ, որ լիբանանյան թղթադրամը բավականին ժամանակ կայուն է:

Արժույթը բոլոր տեղերում էլ տատանվում է, օրինակի համար վերցնենք դոլարը և եվրոն. մի օր՝ մի գին են, մյուս օրը՝ այլ: Բայց այդ տատանումները չպետք է լինեն լարվածություն ունեցող պետություններում: Երբ ուկրաինական իրադարձությունների պատճառով պատժամիջոցներ կիրառվեցին Ռուսաստանի նկատմամբ, և ռուսական ռուբլին արժեզրկվեց, հայկական դրամը ևս իջավ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական գործընկերն է: Գլխավոր պատճառը արտասահամնի հետ կապն է: Հիմա գիտեմ, որ դրամը բարձրացել է, քանի որ երկիր գումարներ մտան, թե տուրիզմի շնորհիվ,  թե փոխառություններով:

Ասում եք, որ Լիբանանում արժույթը կայուն է, սակայն 1992-93 թվականներին, լիբանանյան դրամանիշն էլ ընկավ, քանի որ քաղաքական տագնապ կար: Լիբանանում 1 դոլարին համարժեք 3000 լիրան 3 տարվա մեջ կամաց-կամաց իջեցրեցին 1500-ի և մինչ օրս այն պահպանում են: Լիբանանի կենտրոնական բանկի պահուստը այսօր ունի մոտավորապես 40 միլիարդ դոլար և 9 միլիոն դոլարի ոսկի, որը համարժեք է 11 միլիարդ դոլարի և երբ որ որևէ շարժում լինի դոլարի շուկայում, անմիջապես քայլեր կձեռնարկի լիբանանական արժույթը կայուն պահելու համար: Նա անգամ կարող է լիբանանական լիրան 1500-ից իջեցնի 1000-ի,  եթե պետք լինի: Բայց չի անում, քանի որ երկիրը արտահանումներ ունի և եթե իջեցնի գինը և զորացնի արժույթը՝ արտահանումների գները կբարձրանան և դժվար կլինի դա իրականացնել: 

Պարոն Բուլդուկյան, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում գործող բանկերի կողմից տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերը, այն դեպքում, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բավականին ծանր է:

Նախկին սովետական երկրներում, այդ թվում Հայստանում, տոկոսները բարձր են, քանի որ արտասահմանի դատողությամբ՝ այս երկրները ռիսկային են, և երբ այդ ռիսկերը նվազեն, տոկոսներն էլ կնվազեն: Ռիսկերը տարբեր են՝` տնտեսական, սնանկ դառնալու ռիսկեր և այլն: Ամերիկայում դոլարի վրա սահմանված է 0.1 տոկոս, որովհետև այնտեղ ռիսկեր չկան: Լիբանանի մեջ, օրինակ 3 է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին