▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Թեքգյոզյան.Visual Poetry-օտարված վիրտուալություն

Հարաբերականության տեսությունից հետո մարդկության ամենամեծ հայտնագործությունը վիրտուալ իրականությունն է: Ինտերնետը, մասնավորապես՝ սոցցանցերը, պոետիկ զգայականության և վիզուալ իրականության խառնուրդ են, մի բան, որը պոեզիա չես համարի, քանի որ հաճախ «բառերից» զուրկ է, ոչ էլ իրականություն կանվանես, որովհետև իրապես իրական է: Այս հետաքրքիր, սահմաններ չունեցող տարածքում Օգտատիրոջ շնորհիվ առավել կարևորվեց դոկումենտալ շարժումը՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ստեղծել իր պոետիկ և վիզուալ միկրոաշխարհը: 

Վիրտուալ իրականության ժամանակաշրջանի մյուս կարևոր հատկանիշը ռետուշի բացակայությունն է: Չգրաքննվող-ինքնադրսևորվող պոեզիան և selfyատիպ լուսանկարչությունը զարմանալիորեն երկրորդ պլան մղեցին Հեղինակին:   Բանաստեղծությունը և լուսանկարչությունը, վավերականացվելով՝ սկսեցին «խոսել անհայտ տեղից»՝ դառնալով առանձին ձայն, որի գեղագիտական սահմանները ևս ջնջված են: Առհասարակ վիրտուալ իրականության տարածքը, թափանցելով ռեալ դաշտ՝ խախտեց մինչ այդ գործող մի կարծրատիպ ևս՝ սահմանը: Ընդ որում, սահման ասելով՝ ոչ տարածականությունը, ոչ էլ սահմանափակությունը նկատի ունեմ: Վիրտուալ իրականության քարտեզը նույնպես սահմանվում է անբառ պոեզիայի և վիզուալ իռեալության տարածքում:

Նման վիրտուալ տարածության մեջ է «շարվում» Գերման Ավագյանի Visual Poetry շարքը: Հեղինակն, ասես, չկա, լուսանկարներն արված են անհայտ տեղից, զարմանալիորեն բացակայում է օբյեկտիվի աչքը: Լուսանկարիչը, ասես, ընթերցում է բանաստեղծությունը՝ նույնիսկ իրեն անհայտ օդանցքից «դիտելով» դեմքերը և միջավայրը: Գերման Ավագյանի տեսանկյունն առկախված է լուսանկարվող բանավոր պոեզիայի նման: Առհասարակ Visual Poetry շարքը դժվար է զուտ լուսանկարչական անվանել: Այն առավել ժամանակային որոշակի հատվածի արձագանք է հիշեցնում: Ըստ արված աշխատանքի՝ լուսանկարիչը երկար ժամանակ «օտարման սկզբունքով» հետևել է բանաստեղծությանը՝ թույլ տալով պոետին հեռանալ ստեղծագործությունից: Եվ արդյունքում՝ լուսանկարը,  փաստացի ֆիքսելով պոետ-բանաստեղծություն օտարման պահը՝ ձեռք է բերել էպիկական շերտ: Առհասարակ էս շարքի աշխատանքները եռաչափ են. լուսանկար, մարդ և բանաստեղծություն: Ձեռագիրն ու լուսանկարիչը հաճախ ավելի համահունչ են: Այսպիսով, Գերման Ավագյանն առավել ձգտել է լուսանկարել բանաստեղծությունը՝ միաժամանակ մնալով դիտորդի, տվալ դեպքում՝ ունկնդրողի դերում:

Իզուր չէր «լուսանկարվող բանավոր պոեզիա» արտահայտությունը: Շարքը դիտելիս այնպիսի զգացողություն ես ունենում, ասես՝ լուսանկարված պոետները «նկարում-բանավորում» են իրենց ստեղծագործությունները: Էդ զգացողության պատճառը բնավ լուսանկարի վրա պոետների ձեռագիր բանաստեղծությունները չեն:  Visual Poetry շարքը ընթերցվող լուսանկարչության ու պատկերված բանաստեղծության համադրությունն է:  

Գերման Ավագյանը պոետների  «տեղանքը» ևս վիրտուալացնում է: Միջավայրը առավել համընկնում է անբառ պոեզիային, որը այդպես էլ չի որոշակիանում: Լուսանկարներում միջավայրի սահմանները ջնջված են, որպես ֆոն ծառայող կարծես քաղաքի, երբեմն անհասկանալի դաշտի պատառիկները, նույնիսկ պոետներին շրջապատող ատիբուտները (մեքենա, վառարան և այլն), այնուամենայնիվ, վիրտուալ իրականության տարածքի նման անորոշ են, մասնակիորեն ծանոթ, բայց իրապես անճանաչելի:

Այսպիսով, Visual Poetry-ն ժամանակային բավական մեծ հատվածի Անհեղինակ ստեղծագործություն է՝ վիտուալ իրականության նման մոտիկ, միաժամանակ՝ օտարված ու միակ, նման բանավոր ընթերցանությանը, որը, հալվելով, թեև ինչ-որ տեղ մնում է, կա, բայց ինտոնացիոն առումով՝ այլևս կրկնողության ենթակա չէ:

Հովհաննես Թեքգյոզյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին