▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներեցե՛ք մեզ.Հայաստանում է թուրք երգչուհի Լեման Շտեհնը

Հայաստանում է Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման  Շտեհնը:

«Ծնվել եմ Թուրքիայում, բայց երբ  8 ամսական եմ եղել, ծնողներս  տեղափոխվել են Գերմանիա, 14 տարի անց կրկին վերադարձել ենք Թուրքիա:

Մեծանալով Գերմանիայում, որտեղ անաչառ ներկայացվում է պատմությունը, ծանոթացել եմ Հայկական հարցին, բայց Պոլսում կրթություն ստանալու տարիներին մշտապես բախումների մեջ եմ եղել թուրքական գաղափարախոսություն քարոզող ուսուցիչների հետ: Հիշում եմ՝ 1984 թվականին, երբ վերադարձանք Թուրքիա, դպրոցում «Ազգային անվտանգություն» առարկան էինք անցնում: Ուսուցիչը զինվորական էր: Սովորեցնում էին, որ Թուրքիան ունի 2 թշնամի.ներքին և արտաքին՝ մատնացույց անելով այն ազգերին, որոնք նախկինում բնակվել էին այստեղ:  Ես, որպես խաղաղության ջատագով,  ասացի, որ չեմ մասնակցի այդ դասերին, հակամարդկային պրոպագանդա է, ուստի ինձ անվանեցին «գերմանացի», գերմանական մշակույթը կրող»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեման  Շտեհնը:

Կոնսերվատորիայում սովորելու տարիներին երգչուհին իր հայ ընկերների միջոցով ծանոթացել է հայկական երգարվեստին, բայց, երբ մեկնել է Գերմանիա՝ երկար ժամանակ կապը խզվել է, սակայն առնելով Հրանտ Դինքի սպանության բոթը, որոշել է կրկին վերադառնալ հայկական երգարվեստ.

«Սիրելի եղբորս, (հայերեն ասաց այս նախադասությունը.Ա.Կ), Հրանտ Դինքին կորցրեցինք, ու ես սկսեցի նրա սիրելի երգերից մեկը՝ «Սարի աղջիկը» երգել»,-ասաց Լեման  Շտեհնը:

Երգչուհին նկատում է՝

«Յուրաքանչյուր անգամ, երբ Երանում եմ լինում ու Արարատին եմ նայում, շատ եմ հուզվում, քանի որ նրան նայելը հիշեցնում է մարդ լինելդ ու հուշում է, որ դրա համար պետք է քայլ կատարես: Ամեն թռչուն կարող է հասնել այդ լեռան գագաթին, եղնիկները ևս կարող են: Ցավ է, որ հայը իր սարի մոտ չի կարող գնալ»:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է Թուրքիան շարունակում չընդունել Հայոց ցեղասպանությունը, Լեման  Շտեհն պատասխանեց.

«Պետությունն իր շահերի վրա հիմնված կառույց է, ուստի, հանուն շահի Թուրքիան կեղծում է պատմությունը և դրանից ձերբազատվել չի կարողանում:  Ես բանվորի ընտանիքից եմ ու իր քրտինքով աշխատող մարդուց ամեն ինչ խլող իշխանության հետ գործ ունենք, իսկ դա ամենամեծ անարգանքն է մարդու հանդեպ: Իշխանությունները հասարակությանը սնում են կեղծ արժեքներով, ուստի նման պետական միավորների ներկայությամբ պետք է մեր նման մտածողների թիվը շատացնենք:

Թուրքիայում մտավորականները ստորագրահավաք են սկսել, որի նպատակը հայկական ցեղասպանության իրողությունը պետք է դասագրքերում լինի ու վերացվեն այն բոլոր գրքերը, որտեղ հային մեծագույն թշնամի են համարում»:

Թուրք երգչուհին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընթերցեց նաև Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ երգահանի՝ Ռուհի Սուի բանաստեղծությունը: Մարդ, ով 1915 թվականի որբերից է, և չի իմացել իր հայ լինելը.

Գետ

Ծառն ասաց կացնին.

-Դու ինձ չէիր կարող կտրել, սակայն

Ի՞նչ անեմ, որ կոթդ է ինձնից:

Տե՛ս դու այս ծառ ասվածի գիտակցությունը.

Մահացողը ես-սպանողն՝ ինձնից:

Այսքան մայրեր լաց կլինեն անդադար.

Կհոսի, կգնա կակաչներն ի վար արցունքը նրանց,

Մի՞թե կույր է կամ խուլ այս գետը,

Մահացողը ես-սպանողն՝ ինձնից:

Նշենք, որ Լեման  Շտեհնը 2 տարի առաջ ևս  այցելել է Հայաստան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներողություն խնդրել հայերից՝ Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության համար:

«Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում» ,-ասաց թուրք երգչուհին:

Հավելենք, որ  «Կոմիտաս» փառատոնի շրջանակում Լեման  Շտեհնը 2 համերգ կունենա, որոնցից մեկը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին