▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերասրահ այցելելը փոխեց Հայաստան տեղափոխված հալեպահայ աղջկա ճակատագիրը

«Արևելքի»-ը գրում է.Ալավերդցի Էդուարդ Շահվերդյանի ու  հալեպահայ Շուշան Թոքմաճիի սիրո պատմությունը սկիզբ է առել Հայաստանի ազգային պատկերասրահից:

«Ընկերուհուս հետ պատկերասրահ էինք գնացել, ուզեցինք գիդ վարձել, որ բացատրի: Այդ պահին մի անծանոթ տղամարդ մոտեցավ ու ասաց` ինչո՞ւ եք գիդ վարձում, ես ամեն ինչ կբացատրեմ»,- պատմում է Շուշանը:

Նրա մտքով չէր էլ անցնում, որ պատահական ծանոթությունը վերաճելու է նախ ընկերության, ապա` մեծ սիրո, որ անծանոթը ոչ  միայն լավագույնս կատարելու է գիդի դերը, այլեւ հետագայում դառնալու է իր ամուսինն ու կյանքի ուղեկիցը:

Էդուարդ Շահվերդյանը, սակայն, հենց սկզբից էր աչքադրել սիրիահայ Շուշանին, հմայվել նախ նրա գեղեցկությամբ, ապա եւ` ազնվությամբ և նվիրվածությամբ:

«Իհարկե, նախ գեղեցկությունը գրավեց, բայց որ շփվեցինք, հոգին ճանաչեցի, ավելի սիրեցի նրան: Պատկերասրահից հետո սուրճի հրավիրեցի: Չմերժեց: Հետո սկսեցինք շփվել, ընկերություն անել:  Մի օր էլ որոշեցի` Շուշանը դառնալու է իմ կինը»,- ասում է Էդուարդը:

Ամուսնությունը շատ չի ուշանում. ծանոթությունից չորս ամիս անց Էդուարդն ու Շուշանը Աստծո խորանի առջեւ տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս:

Սիրիայի պատերազմի հետեւանքով ընտանիքի հետ Հալեպից Երեւան  տեղափոխված Շուշանն ամուսնությունից հետո ստիպված է լինում նորից բնակության վայրը փոխել` այս անգամ Ալավերդի տեղափոխվելով:

«Ես ամբողջ կյանքում իսկական հայ տղամարդու կերպարը, որակներն էի փնտրում, որոնք ի վերջո գտա Էդուարդի մեջ»,- ասում է Շուշանը:

Մասնագիտությամբ պատմաբան Էդուարդին եւ մենեջեր Շուշաննային միավորողը ոչ միայն սերն է, այլև՝ ընդհանուր հետաքրքրություններն ու հայացքները:

«Երկուսս էլ արվեստ, ճամփորդել ենք սիրում, մեր պատմամշակութային հուշարձաններն այցելել ենք սիրում: Առաջ այդ ամենն առանձին էինք անում, հիմա` երկուսով,- ասում է Էդուարդն ու ավելացնում,- մինչ Շուշանի հայտնվելն իմ կյանքը միապաղաղ էր, նա եկավ ու լցրեց իմ կյանքն իրենով,- ապա լոռեցուն բնորոշ պարզությամբ հպարտանում,- Շուշանն Ալավերդիում միակ սիրիահայն է, իսկական Հալեպի հոմոս միայն իմ Շուշանն է պատրաստում»:

Համատեղ երեք տարվա կյանքի ընթացքում նրանք յուրացրել են երջանիկ լինելու և ամուր ընտանիք ունենալու բանաձեւը. «Պետք է մեծ հոգի ունենալ, չկառչել մանր բաներից և ապրել սիրելով: Այդքան բան»,-ասում են նրանք: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին