▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Hurriyet. «Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան»

Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան:

Աղբյուրը նշում է, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ:

Մյուս կողմից էլ Ստամբուլի «Քափալըչարշը»-ի և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Նշվում է, որ բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունը հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է: «Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է թուրքական թերթի կայքը`ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:

Աղբյուրը նշում է, որ «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների Հայաստան տեղափոխվելն է: Ըստ կայքի` «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը: «Պնդումներ կան, որ Հայաստանից ոսկերչական արտադրանքը մաքսանենգ ճանապարհներով անցկացվում է Թուրքիա, ինչը հարկերի կորստի պատճառ է դառնում: «Ոլորտի պատասխանատուները և տեղափոխված ընկերությունների տերերը չեն ցանկանում այս թեմայով խոսել: Հիմնական վախը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն է»,- գրում է թուրքական աղբյուրը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին