▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եղեք անակնկալների, Հռոմի պապը կարող է շոկի ենթարկել․ Ֆեդերիկո Լոմբարդի

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր՝ նախագահականում ելույթի ժամանակ արտասանեց «ցեղասպանություն» բառը՝ «Մեծ եղեռն» արտահայտության փոխարեն:

«« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարն ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ: Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ մասնակցեցիք Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին այդ հանդիսավոր արարողությանը: Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»,-ասաց նա:

Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ պապը շեղվեց բուն տեսքտից, պատասխանեց․

«Հռոմի պապն ասել էր, որ այսպիսի տեքստ է ընթերցելու, նա է պատրաստվել, ընթերցել և մենք միշտ ձեզ ասել ենք, որ պապը կարող է տեքստն անգամ վերջին վայրկյանին փոխել։ Մենք տեքստը տալիս ենք ձեզ, բայց ուշադիր եղեք, պատրաստ եղեք անակնկալների, Ֆրանցիսկոս պապը կարող է շոկի ենթարկել ոմանց։ Այսօր նա որոշել է այդ բառն ավելացնել, և, եթե առաջ չէր օգտագործվում, դա չի նշանակում, որ ազատ չէր։ Ասում է այն, ինչ հարմար է գտնում»։ 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին