«Հռոմի Պապի հմայքի և բուռն սիրո հիմքում պարզ, մարդկային քայլերն են.զորակցել կարիքավորներին, վշտակցել հիվանդին, ապրումակցել հաշմանդամներին: Սրանք մարդկային ուղերձներ են, որոնք որսաց մեր հասարակությունը: Ես հույս ունեմ, որ սա անհետ չի կորչելու: Ոմանք ասում են՝ նա գնաց ու իր հետ տարավ լույսն ու բարությունը: Ո՛չ, նա գնաց ու Հայաստանում թողեց լույսի ու բարության իր բաժինը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համար էլ Ֆրանցիսկոս Պապի այցը կարևոր էր մեկ հանգամանքով.
«Սա բարոյականության դաս էր մեր ազգին և, եթե մենք հասկանանք և ընկալենք այն, ինչ-որ մի բան կփոխվի, իսկ եթե ոչ՝ նորից կսկսենք բենթլիասիրությունը, Աստծուն աղոթելով միայն փող աշխատելը»,-նշեց ռեժիսորը:
Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով՝ Պապը շատ ավելի խելոք և հեռատես քաղաքականություն է վարում, քան կարող ենք պատկերացնել.
«Նա շատ կարևոր ուղերձ հղեց քրիստոնյա աշխարհին, որն է՝ դառնալ մեկ բռունցք: Սա շատ կարևոր հաղորդագրություն էր աշխարհին»,-նշեց ռեժիսորը:
Անի Կարապետյան