▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք մեքենաներ են գնում, դրա համար էլ շինարարական աշխատանքները տարիներ են տևում

Ստեփանակերտից 11 կմ հարավ գտնվում է բերդաքաղաք Շուշին: Դիրքի շնորհիվ լինելով դժվարամատչելի՝ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն. այն պարսպապատել են ու բերդ դարձրել:XVIII դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն:

1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը (Ավան Յուզբաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրություն): XVIII դարի 2-րդ կեսին թուրքական ջիվանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազարի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել թուրք վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված շինական ու արհեստավոր հայերով:

1750-ական թվականների կեսին Մելիք-Շահնազարը և Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը: XIX դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թ.-ի մայիսի 14-ին Կյուրակչայի պայմանագրով (պաշտոնապես վավերացվել է 1813 թ.-ի Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով) Շուշին (Ղարաբաղի կազմում) անցել է Ռուսաստանին: 1921 թ.-ի հուլիսի 5-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում տրվել է Ադրբեջանին: Խորհրդային իշխանության առաջին տարիներից մինչև 1960-ական թվականների սկիզբը Շուշին չի կառուցապատվել, այնուհետև հայկական թաղամասի ավերակների վրա կառուցվել են նոր շենքեր, ոչնչացվել են հայկական եկեղեցիները և ռուսական միակ եկեղեցին: 1988 թ-ի գարնանից սկսված արցախահայության ազգային-ազատագրական շարժման սկզբից Շուշիի մոտ 2 հզ. հայերը բռնի տեղահանվել են:

1991 թ.-ի աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը: Գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ 1992 թ.-ի մայիսի 8-ի գիշերը սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը թշնամուց «մաքրելու» գործողությունը: 1992 թ.-ի մայիսի 16–18-ը հայկական ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչինն ու շրջակա բնակավայրերը: Բացվել է Գորիս–Լաչին ճանապարհը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի և հաղթանակի օր (եռատոն):

Այսօր արդեն բազում փորձություններ տեսած այս քաղաքը քիչ-քիչ վերականգնվում է: Տեղի բնակիչների խոսքով, եթե գումարը ծառայի իր նպատակին, ապա ավելի շուտ կբարեկարգվի քաղաքը.

-Թանկարժեք մեքենաներ են գնում, դրա համար էլ շինարարական աշխատանքները տարիներ են տևում,-մեզ հետ զրույցում դժգոհեցին Շուշիի քաղաքացիները՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կկարգավորվի, չէ՞ որ երիտասարդ սերունդն այստեղ ապրելու ու արարելու ցանկություն ունի և արժանի է մաքուր ու բարեկարգ քաղաքի:

 

Անի Կարապետյան

Արցախ, Շուշի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին