▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ 270 հյուրերի մասնակցությամբ կայացավ Օրրանի 11-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը

Օրրանի 11-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը տեղի ունեցավ 2016թ.-ի սեպտեմբերի 17-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Շուրջ 270 հյուր ներկա գտնվեց տոնական միջոցառմանը, ովքեր եկել էին նշելու Օրրանի գործունեության 16-րդ տարին և վերահաստատելու իրենց աջակցությունը «Օգնություն կարիքավոր ընտանիքներին» բարեգործական ծրագրին:

Հյուրերի շարքերում էին դիվանագիտական ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպություններ, ինչպես նաև՝ հին ու նոր աջակիցներ՝ Հայաստանից և սփյուռքից: Տոնական միջոցառման հանդիսավարներն էին Վիկտորիա Ասլանյանը՝ «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս»  ընկերության գլխավոր տնօրենը, և դերասան, երաժիշտ Արսեն Գրիգորյանը: Տիկին Սայյորա Այուպովան, Կոկա Կոլա Հելենիկ Բոթլինգ Արմենիա¦ ընկերության գլխավոր տնօրենը, ողջունեց ներկաներին՝ Օրրանի տնօրենների խորհրդի անունից և կոչ արեց նրանց՝ շարունակել օգնել Օրրանին՝ հոգալու կարիքավոր երեխաների և միայնակ տարեցների հոգսերը:

Օրրանի հիմնադիր տիկին Արմինե Հովհաննիսյանը իր խոսքում ընդգծեց հայաստանյան ընկերությունների աջակցության կարևորությունը հասարակության կարիքները բավարարելու հարցում՝ բերելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օրինակը, որը մինչ օրս Օրրանին նվիրաբերել է ավելի քան 400,000,000 ՀՀ դրամի գումար: Տիկին Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց նաև բոլոր ներկա ընկերություններին՝ «FMD K&L»-ին,  «Ռոսգոսստրախ Արմենիա»-ին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, «HSBC»  բանկին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Պեռնո Ռիկար»-ին, «Ինգո Արմենիա»-ին, «Պռո Լայֆ»-ին, «Քեյ Փի Էմ Ջի»-ին,  «Գրանտ Թորնթոն»-ին, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ»  բանկին, «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Արմենիա»-ին, «Ասեկոսե»-ին, «Իմիջ Կոդ»-ին, «Վայք» գինիներին, «Էնի Ռոսս»-ին, «Գոլդեն Գրեյփ Արմաս»-ին, «Կիլիկիա»-ին,  «Նայիրյան»-ին և «Ինեկոբանկ»-ին, «Կարաս» գինիներին և Դիլիջանի «UWC»  քոլեջին:

Երեկոյի ծրագրի ընթացքում ժամանակակից ակադեմիական վոկալ ժանրով գեղեցիկ կատարումներով հանդես եկավ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ազգային օպերային թատրոնի մենակատարուհի Մագդա Մկրտչյանը: Օրրանի երեխաները հանդես եկան իրենց երգերով, իսկ տարեցների երգչախումբը ներկայացավ Սիբիլի հետ՝ սիրված երգչուհու, ով ժամանել էր Ստամբուլից հատուկ այս միջոցառման համար:

Ներկայացմանը սահուն կերպով հաջորդեց բարեգործական աճուրդը: Այն վարեցին հայտնի հեռուստահաղորդավարներ Արտակ Վարդանյանը և Դիանա Մալենկոն, որոնց միացել էր «Կրթություն Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Լարիսա Ռայան Հովհաննիսյանը: Աճուրդի համար խաղարկվեցին Օրրանի երեխաների կողմից պատրաստված սեղան՝ իր 4 աթոռներով, արձան՝ Արեգ Պետրոսյանի կողմից, Օրրան Վանաձորում տնկվող մրգատու ծառ, սվարովսկի քարերով զարդարված քաշմիրի շալ՝ նվիրաբերված Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվող Սեզա Ասլանյանի կողմից, «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից նվիրաբերված մեկ շիշ «Ռոյալ Սալյուտ 21» վիսկի և Մարիոթում հանգստյան օրերն անցկացնելու և ընթրիքի հնարավորություն՝ նվեր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից:  Արև Պետրոսյանի գեղեցիկ ստեղծագործությունը ներկայացված էր լուռ աճուրդին:

Մինչ օրս «Օրրան»  բարեգործական ՀԿ-ն օգնել է ավելի քան 30,000 մարդու՝ տրամադրելով սնունդ, հագուստ, կրթական, սոցիալական և հոգեբանական ծառայություններ: Օրրանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.orran.am վեբ կայք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին