Այս տարի լրանում է սիրված վանական համալիրներից մեկի՝ Ախթալայի վանքի հիմնադրման 800-ամյակը:
«2 տարի առաջ սկսվել են վանքի գմբեթի և որմնանկարների վերականգնման աշխատանքները: Ծրագիրը հաստատվել է Մայր Աթոռի և Մշակույթի նախարարության կողմից: Հույս ունենք, որ կգտնենք բարերար, որը կհոգա այդ ծախսերը և համալիրը կամբողջացվի: Պահանջվող գումարը մոտ 263 միլիոն դրամ է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր. Հեթում քահանա Թարվերդյանը:
Մեր հարցին, թե բացի ծրագիրը հաստատելուց, Մշակույթի նախարարությունը չի՞ օժանդակելու, քահանան պատասխանեց.
«Այս պահին նախարարությունը որևէ աջակցություն չի կարող ցուցաբերել, որովհետև ֆինանսական միջոցները սահմանափակ են»:
Նշենք, որ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Լոռու մարզի հյուսիսային հատվածում: Կառուցվել է 10-րդ դարում և կանգուն է մինչև օրս: Այն աշխարհի հանրագիտարաններում գրանցված է որպես ամենահին և ամենաշատ պահպանված որմնանկարներ ունեցող կառույց: Որմնանկարները երբեք չեն ենթարկվել վերականգնման (ռեստավրացիայի): Դրա գաղտնիքը նախշապատկերների ստեղծման ժամանակ օգտագործված հատուկ կապույտ ներկն է՝ լազուրիտը, որը պատրաստվում է Ախթալայի պղնձի հանքում և անգամ խոնավությունից երբեք չի գունափոխվում: Սա է պատճառը, որ Ախթալայի եկեղեցու որմնանկարները այլ եկեղեցիների որմնանկարներից առանձնանում են կապույտ ներկի վառ և աչքի ընկնող գունավորումով:
Հ.Գ Այս խնդրի վերաբերյալ Մշակույթի նախարարության դիրքորոշումը կներկայացնենք ավելի ուշ:
Անի Կարապետյան