▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մեկնում եմ Արցախից՝ կրկին հետ վերադառնալու բուռն ցանկությամբ

Նիցցայի հայ համայնքը ամեն կերպ փորձում է պահպանել իր ազգային նկարագիրը ու կապը հայրենիքի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու ատենապետ Հարություն Օքսայանը, ով այս օրերին Արցախում է:

«Երեք տարի է, ինչ ՀՀ քաղաքացիություն եմ ստացել և ամեն տարի՝ սեպտեմբերին, մեկ ամսով գալիս եմ Հայաստան: Այս անգամ եղբորս հետ որոշեցինք անպայման այցելել Արցախ»,- մանրամասնել է Հ. Օքսայանը:

Խոսելով հեռավոր ֆրանսիական քաղաքում հայերի համայնքային կյանքի մասին՝ Հ. Օքսայանը նշեց, որ Նիցցայում ամենօրյա հայկական դպրոց է գործում, ակտիվ է մշակութային կյանքը, իսկ հայկական եկեղեցում կենսունակ է հայերեն աղոթքն ու շարականը:

«Իհարկե ուծացման խնդիրը միշտ ծառացած է հայության առաջ և ցավոք սրտի միշտ չէ, որ հաջողվում է դրա դեմ պայքարել: Այն անշուշտ միայն Նիցցայի հայ համայնքի խնդիրը չէ, և մեր բոլորիս նպատակը պետք է լինի ուժեղ հայրենիք ունենալը, որպեսզի իրական համախմբում լինի հենց հզոր և զարգացած Հայաստանի շուրջ»,-ասաց Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու ատենապետը:

Խոսելով արցախյան այցի իր տպավորություններից՝ Հ. Օքսայանը նշեց, որ միայն իր հիացական տրամադրությունների մասին պատմելը բավարար չի համարում:

«Եթե ասեմ Արցախը սքանչելի բնաշխարհ ունի, Ստեփանակերտը շատ գեղեցիկ և մաքուր քաղաք է, դրանք կհնչեն սովորական զբոսաշրջիկի տպավորությունների պես: Դրա համար կասեմ այն ինչ ոչ թե տեսել, այլ զգացել եմ: Արցախում ես ինձ շատ ավելի հզոր զգացի ու ամենակարևորը շատ ավելի պաշտպանված, քան որևէ մեկ այլ տեղ կարող էի այդ զգացումը ապրել: Ու ես մեկնում եմ Արցախից՝ կրկին ետ վերադառնալու բուռն ցանկությամբ»,- զրույցն այսպես եզրափակեց հայ եկեղեցու հոգևոր հովիվը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին