▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանի սպանության համար մեղադրանք կառաջադրե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին

 

«Սասնա ծռեր» խմբի անդամների կալանավորումից մոտ 3 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին անորոշ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե պարզվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողի՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները եւ բացահայտվել են սպանությունները կատարած անձինք:

armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամների կալանավորումից մոտ 3 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին անորոշհաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե պարզվել են ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողի՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները եւ բացահայտվել են սպանությունները կատարած անձինք:

Հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե կոնկրետ ովքեր են, ըստ ՀՔԾ-ի, այս սպանությունների հեղինակները:

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մասով ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Դատելով վերը նշվածից, կարելի է ենթադրել, որ Տեփանոսյանի սպանության համար վարույթն իրականացնող մարմինն առաջիկայում մեղադրանք կառաջադրի Սմբատ Բարսեղյանին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Տեփանոսյանի սպանության համար Սմբատ Բարսեղյանին մեղադրանք չի առաջադրվել եւ որեւէ նախադրյալ չի տեսնում այդպիսի մեղադրանք առաջադրելու: Ալումյանն, ի դեպ, նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել, սակայն չմանրամասնելով, թե ում մասնակցությամբ: Նա ասաց, որ այդ տվյալները նախաքննական գաղտնիք են հանդիսանում:

Ինչ վերաբերում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի եւ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանություններին, ապա ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ինչպես են բացահայտել նրանց սպանությունները, ինչպես են անհատականացվել գնդում գտնվող յուրաքանչյուրի գործողությունները եւ որ ամենակարեւորն է՝ խմբի անդամներից ով կամ ովքեր են սպանել ոստիկաններին:

Վանոյանի սպանությունից հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ դա պետք է որակել որպես դժբախտ պատահար: «Բազմաթիվ հորդորներ են եղել, որ՝ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ձեր կյանքին, առողջությանը վտանգ չենք ուզում հասցնել, խնդրում ենք՝ մի կրակեք, բայց նա դատարկել է ամբողջ փամփշտատուփը: Նրան ոչ մեկը չի մեղադրել, նա կատարել է իր ծառայողական պարտականությունները, բայց մեր կողմն էլ իրացրել է իր ապստամբության իրավունքը»,- հայտարարել էր Ավետիսյանը:

Իսկ թե ում մեղադրանք կառաջադրեն Վանոյանի սպանության համար, թերեւս կարելի է ենթադրել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունից, որտեղ նա հետեւյալ կոչն էր արել խմբի անդամներին. «Քանի դեռ ուշ չէ, անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, որը նաեւ, ըստ տեղեկությունների, ոստիկանության գնդապետին սպանողն է»: Նշենք, որ առաջին օրերին ծանր վիրավորվել էր խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը. նա գլխի շրջանում վնասվածք էր ստացել եւ մինչեւ վերջ մնաց ՊՊԾ գնդի տարածքում եւ իրավապահներին հանձնվեց բոլորի հետ միասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին