▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանն Ադրբեջանից օգնություն է խնդրում` «ղարաբաղցի օկուպանտներ»-ից պաշտպանվելու համար

 

Ադրբեջանական Haqqinկայքը հրապարակել է հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ: «Ես ծնվել եմ 1967 թվականին, ստացել եմ բարձրագույն կրթություն, 18 տարեկանից մինչև 2010 թվականը հանդիսացել եմ Հայաստանի քաղաքացի: Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացակայել: Այն, ինչ կատարվում է և շարունակվում է կատարվել Հայաստանում 2000 թվականից մինչ օրս, բնութագրելու բան չէ: Սուտը, կաշառակերությունը, օրենքների լիակատար արհամարհումը, մարդասպանությունը ղարաբաղցի մարգինալների կողմից կիրառվում են որպես քաղաքական հարցերի ու դժգոհությունների լուծման միակ միջոցներ: Տեղի բնակչությունն սկսել է աղքատանալ, քանի որ օկուպանտները շինարարության և բարեկեցության պատրվակով սկսել են քաղաքի կենտրոնից մարդկանց դուրս վռնդել` փաստացիորեն փողոց նետելով սեփական տներից: Նրանց անգամ չեն վճարել այն գրոշները, որոնք պետք է որպես փոխհատուցում տային: Բնականաբար, այս ամենը չի շրջանցել նաև ինձ, այն իրավիճակը, որի մեջ ես ընկա իմ սեփական երկրում «եկվորների» պատճառով, ինձ նախ անելանելիության մեջ գցեց, այնուհետև դրդեց հանցագործների հետ անհաշտ պայքարի»:

Այնուհետև Ջաղինյանը պատմում է, որ 90-ականներին մարդիկ չեն ապրել, այլ գոյություն են պահպանել, ինքն ապրել է մի բնակարանում, որը Հայաստանի կառավարության` 1996 թվականի ընդունած որոշմամբ պատկանել է իրեն, սակայն քաղաքապետը և բոլոր պատկան մարմինները` որպես պատիժ իր ընդդիմադիր գործունեության, իրեն զրկել են այդ բնակարանից: «Իմ սեփական երկրում ինձ նման բարձրակարգ մասնագետի համար տասնամյակներ շարունակ աշխատանք չգտնվեց, իսկ երբ գնացի անձնագրային բաժանմունք, որպեսզի ելքի վիզա ստանամ, պարզվեց, որ ես մի տարի է` ինչ մահացած եմ.... Ինձ զրկեցին բնակարանի իմ մասնաբաժնից....»: Նամակի մեջ նա նաև հայտնել է. «Այսօր արդեն ես չեմ էլ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որտեղ բարձիթողի վիճակ է, սակայն մնում եմ իմ հայրենիքի նվիրյալը և չեմ պատրատսվում թույլ տալ, որ ղարաբաղցի «եկվորներն» այն ամբողջովին հոշոտեն: Ինձ ուղղակի անկեղծ աջակցություն է պետք: Ամբողջ երկիրն է օկուպանտների մտրակի տակ, բայց այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, շատ շատ է մի մարդու, մի ճակատագրի, հատկապես` մի կնոջ համար»:
     Նշենք, որ Սյուզան Ջաղինյանն ավարտել է մանկավարժական համալսարանը, 1990 թվականին գործուղվել է Հրազդան, աշխատել թիվ 13 դպրոցում: Նա բնակվել է բարձրահարկ շենքի հանրակացարանային տիպի բնակարանում: Ցանկացել է սեփականաշնորհել այդ բնակարանը, նրան մերժել են:
     2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան, նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել:

Նշենք, որ Asekose.am-ը փորձել է կապ հաստատել Սյուզան Ջաղինյանի հետ, սակայն դեռևս` ապարդյուն:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին