▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ծրագրում թերություններ են գտել

Ս.թ. հոկտեմբերի 28-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել նոր կառավարության ծրագրի քննարկման, այդ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարւթյան հետ ՀԽ համագործակցության հարցը, ինչպես նաև «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հանրային խորհուրդն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ծրագիրը, սակայն հնչել են նաև մտահոգություններ: ՀԽ անդամ, ակադեմիկոս էդուարդ Ղազարյանը մտոհոգիչ է համարել գիտության և կրթության ոլորտներին վերաբերող որոշ դրույթների`մասնավորապես ֆունդամենտալ գիտության ֆինանսավորման հետ կապված:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը թերի է համարել այն, որ կառավարության ծրագրում ներառված չեն կայուն զարգացման միջազգային մոտեցումները: ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ ընդգծել է, որ կառավարության ծրագրում ամբողջական և շեշտադրված ներկայացված չէ այն կարևորագույն խնդիրը, որը վերաբերում է աշխարհով մեկ սփռված հայության համախմբմանը, համահայկական մրցունակ կառույցների ստեղծմանն ու հայկական ներուժի օգտագործմանը` ի շահ հայության: Որոշվել է խորհրդում այդ հարցերին լրացուցիչ անդրադառնալ:

ՀԽ նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին և ՀԽ հետագա գործունեությանը: Նշվել է, որ օրենքի նախագծի շուրջ դեռևս առկա են բովանդակային, կառուցվածքային և իրավական հարցեր, որոնք մշակման փուլում են: Խորհրդի անդամները քննարկել են կառույցի գործունեության նոր մոտեցումներին, կարգավիճակին, լիազորություններին վերաբերող հարցեր` հաշվի առնելով ՀԽ այս տարիների գործունեության փորձն ու արդյունքները: Մասնավորապես քննարկվել են խորհրդի կազմում ներառված հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների գործունեության կարգը, դրանք առավել ակտիվացնելու և ոլորտային վերադասավորումներ իրականացնելու վերաբերյալ հարցեր, որոնք առավել արդյունավետ ու համակարգված կդարձնեն հանձնաժողովների աշխատանքը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհրդի գլխավոր դերակատարությունը պետք է մնա նույնը` կամուրջ հանդիսանալ իշխանությունների ու հասարակության միջև` ստեղծելով երկխոսության արդյունավետ հարթակ, որտեղ կբարձրացվեն հանրության տարբեր շերտերին հուզող հասարակական, սոցիալ–տնտեսական, քաղաքական, ազգային–գաղափարախոսական հարցեր` հնարավորություն ստեղծելով ազդել իշխանությունների որոշումների վրա:

Հանրային խորհուրդ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին